Վարչապետի գործն էլ մի բան չի

Վարչապետի գործն էլ մի բան չի

Մի բան ասեմ՝ զարմանաք. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին կառչած Փաշինյան Նիկոլի օրն էլ մի բան չի: Արևելքից Իլհամն է իրեն ստորացնում, արևմուտքից թուրքն է նրա թիկունքը պահում: Հյուսիսից էլ մեկ-մեկ Ռուսաստանն է անհանգստացնւմ: Չնայած իրենց վիճակն էլ բանի նման չէ՝ համարյա թե միայնակ ողջ Արևմուտքի դեմ են պատերազմում Ուկրաինայում: Բայց միաժամանակ դա Նիկոլի օգտին է: Նախ, զգալիորեն ավելացել է դեպի Ռուսաստան արտահանումը: Չէ, ոչ թե Հայաստանում արտադրված ապրանքների, այլ դրսից բերվածինը: Նիկոլի համար դա նշանակություն չունի՝ կարևորը պետբյուջեն է լցվում: Ռուսաստանի ջահելներն ու ինչու չէ՝ նաև ահելներն էլ, իրենց հերթին, հայրենիքը լքելով՝ կրկին Նիկոլի գրպանի պարունակությունն են ավելացնում: Ուզում էի ասել՝ Հայաստանի պետբյուջեն, բայց ինձանից անկախ ստացվեց Նիկոլի գրպան: 

Բայց եթե անկեղծ լինենք՝ պետբյուջե թե Նիկոլի գրպան, երկուսն էլ նույն բանն են: Նույնը չլիներ՝ մի քանի տարի առաջ գաղտնի որոշմամբ և օրենքի խախտումով պետբյուջեից պարգևատրումներ չէր բաժանի իր մերձավոր հավատացյալներին: Հետո, իհարկե, ստիպված էր հանրայնացնել այն ու ինչ-որ կանոնների համապատասխանեցնել, բայց դե կարևորը առաջին քայլն է, չէ՞: Որպեսզի ասածս համոզիչ լինի, բերեմ հոգեբանական հետազոտության հիմնական կանոնը. հարցերին պատասխանելիս պահանջվում է արձանագրել հենց առաջին միտքը:  Քանի որ հենց առաջին միտքն է իրապես բնորոշում անձին: Իսկ պարգևատրում հատկացնելիս Նիկոլի առաջին միտքը գաղտագողի լինելն էր:  

Անցնենք Արևմուտքին: 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո, որ անընդհատ փորձում է գցել ուրիշների գրպանը (փող չի, չէ՞, որ չցանկանա գցել), Արցախը թշնամուն հանձնելու գործընթաց նախաձեռնելով՝ մտածում էր, որ Արևմուտքի աչքում դարձել է նրանց մարդը: Եվ նրանց համար հարազատ «Շան թուլա է, բայց մեր շան թուլան» սկզբունքի հիման վրա կարող էր մի քիչ փող աշխատել այլ երկրներից Հայաստան ապրանք ներկրելով, իսկ հետո արտահանելով Ռուսաստան: Ռուսաստանը մեծ, նրա սպառողական շուկան մեծ… Բայց վերջերս ԱՄՆ-ում իր ջահելներից մեկին հասկացրին, որ այլևս թույլ չեն տալու կրկնակի նշանակության ապրանքների վերաարտահանում իրականացնել դեպի Ռուսաստան: Ընթերցողի համար ասեմ, որ կրկնակի նշանակության ապրանքներն այն ապրանքներն են, որ կարող են օգտագործվել ոչ միայն զուտ սպառողական, այլև, տվյալ պարագայում, ռազմական նպատակներով: Այդ արգելքը, բնականաբար, բերելու է պետբյուջե մուտք գործող գումարների կրճատմանը: Իսկ պետբյուջեն, հիշում էք, չէ՞, որ նույն իր գրպանն է: Մի խոսքով, դա էլ հեչ հաճելի նորություն չէր:

Գանք երկրի ներսը: Այստեղ անընդհատ խնդիրներ են առաջացնում՝ թե՛ սեփական թիմը և թե՛ այդ թիմի հետ կարծես թե ամուր շաղկապված այլ անձինք: Առաջինն, օրինակ, Ալենն էր, որին ինքն Ազգային ժողովի նախագահի պաշտոնն էր նվեր տվել: Ալենն էլ, առանց երկար-բարակ մտածելու, թքում է առաջին պատահածի երեսին: Ինչ է, թե վերջինս իրեն դավաճան է անվանել: Թքելը բավարար չէր, հլա մի հատ էլ հրահանգում է պահակախմբին, որ բռնեն վերջինիս ձեռքերը, որպեսզի այլ պատասխան հանկարծ չստանա: Ջահել է՝ արյունը եռացող, հիշողությունը տեղը: Հիշում է, թե փողոցում ոնց էր հարված ստացել իր նման ջահելից: Չէ, նա իր նման չէևր, բայց դե ջահել էր: Դու էլ Նիկոլ, արի ու արևմտյան գործիչների չհնչած հարցին պատասխանի, որ Ալենը ջահել էր, չէր դիմացել: Մի քիչ մեծ լիներ՝ իր նման կտաներ՝ մարդիկ մեռան իրեն դավաճան անվանելով: Հո՞ դրանով ինքը դավաճան չդարձավ: Էնա, որիշներին է դավաճանի պիտակով բռնել տալիս: 

Էս մի փորձանքից հազիվ էր գլուխն ազատել, հերթականը ծնվեց: Այն էլ հանրային հեռուստատեսություն կոչվածում, որը վաղուց իր սեփականն էր համարում: Ինքը քուն ու հանգիստ չունի, անընդհատ փորձում է Արևմուտքին համոզել, որ Հայաստանը, չնայած բազմաթիվ խնդիրների առկայությանը, գնում է Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Ու հանկարծ ծանրամարտի եվրոպական առաջնության բացմանն ինչ-որ ջահել Ադրբեջանի դրոշն է այրում: Դե արի ու դրա տակից դուրս արի: Իսկ իր թիմի անդամներն էլ առաջին պահին կա՛մ ջուր են առնում բերանները, կա՛մ հիմարություն ասում (գրում ֆեյսբուքում): Զորօրինակ Հովիկը, որ ներողություն է խնդրում: Այն էլ ոչ թե Ադրբեջանից, այլ միջազգային հանրությունից: Թե միջազգային հանրությունն ինչ գործ ուներ, մարդ բան չի հասկանում: Քիչ է մնում նախատի դրան, որ գրելուց առաջ իր հետ չէր քննարկել գրելիքը: Թե՞ քննարկել է, ու ինքը, զբաղված լինելով, մոռացել է, թե ինչ էր նախօրոք պատվիրել: 

Չէ, ոնց գցում-բռնում է, վարչապետի գործն էլ մի բան չի: ԼՏՊ-ի միջոցով խորհրդարան մտնելով ու նրանից ազատվելով՝ որպես ընդդիմադիր քեֆ էր անում այնտեղ: Հետո էլ ջահելների գլուխ անցած՝ տեղը պնդացրեց. լիքը իրավունք ուներ, իսկ պատասխանատվություն՝ զրո: Իսկ հիմա պատասխանատվությունն՝ անսահման, իրավունքները՝ զրո: Նույնիսկ քիթ քչփորելու իրավունք էլ չունի՝ կնկարեն, կդնեն ֆեյսբուք, կխայտառակեն էն կնոջ նման, անունն ի՞նչ էր… Այս մտքերի մեջ էր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին կառչած Փաշինյան Նիկոլը՝ երբ մենք լքեցինք նրան…