«Հրապարակ». Ինչպես են բեռնաթափվելու դատարանները

«Հրապարակ». Ինչպես են բեռնաթափվելու դատարանները

Արդարադատության նախարարությունը փորձում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելով, ավելի արդյունավետ դարձնել դատական գործերի քննությունը, լրացուցիչ գործիքներ ստեղծել՝ գործերը ողջամիտ ժամկետում լսելու համար։ Գաղտնիք չէ, որ քաղաքացիական հայցերի քննությունը երբեմն տարիներ է տեւում, եւ մարդիկ չեն կարողանում հասնել դատական կարգով խնդիրների լուծման։ Համապատասխան նախագիծն այժմ քննարկումների փուլում է եւ շուտով կտեղադրվի e-draft էլեկտրոնային հարթակում՝ հանրային քննարկման նպատակով։

ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի մասնագետ Անի Միքայելյանը մեզ հայտնեց, որ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով դատավորների առաջարկները։ 
«Նախագծերի փաթեթով առաջարկվել են այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ինչ-ինչ ընթացակարգեր իրականացնել առանց դատական նիստի։ Որոշ կարգավորումներ են նախատեսվել, որոնք գործերի քննության ժամկետները կկրճատեն։ Օրինակ, քաղդատօրենսգրքով մի շարք կարգավորումներ կան, երբ որ այս կամ այն դատավարական գործողությունը դատարանը կարող է իրականացնել միայն նիստ հրավիրելով։ Օրինակ, դռնփակության պայմաններում քաղդատօրենսգիրքը թույլ չի տալիս գործը քննել գրավոր ընթացակարգով։ Պետք է պարտադիր նիստ արվի, նիստով որոշես դռնփակությունը եւ այլն։ Նոր կարգավորումներով նախատեսվել է, որ գրավոր ընթացակարգի դեպքում եւս կարող է իրականացվել դռնփակ քննություն»,- նշեց մասնագետը։

Այլ փոփոխություններ էլ կան։ Գործող կարգավորումներով՝ երբ որ հայցվորը հայցից հրաժարվում է, դատարանը պարտավոր է 10-օրյա ժամկետում նիստ հրավիրել, նրան բացատրել հայցից հրաժարվելու իրավական հետեւանքները եւ այլն։ Որպես  կանոն, հայցվորներն այլեւս նիստի չեն գալիս, սակայն, քանի որ կա նման կարգավորում, դատավորները ստիպված են նիստ անել։ Նոր նախագծով, այս դեպքում դատավորը կարող է միայն գրավոր ծանուցում  ուղարկել, բացատրել հետեւանքները, եւ եթե հայցվորը պնդում է հայցից հրաժարվելը, դատավորը միանգամից գործի վարույթը կարճում է առանց նիստի։ Վերաքննիչ բողոք բերելու որոշ սահմանափակումներ են նախատեսվել։ Գործող կարգավորմամբ՝ դատարանը վերաքննիչ բողոքը մերժում է այն դեպքում, երբ ներկայացված պահանջը 50.000 դրամը չի գերազանցում։ Իրականում շատ քիչ են նման գործերը, եւ քննարկման արդյունքում շեմը բարձրացվելու է մինչեւ 200 հազար։ «Եթե արդարադատության բուն էությունը խաթարող խախտում թույլ տրված լինի, անձը դատական պաշտպանությունից չի զրկվում։ Սա միայն ոչ էական խախտումների համար է, երբ բողոքարկումը զուտ գործը ձգելու համար է»,- մեկնաբանում  է Անի Միքայելյանը։ 

Քաղդատով նախատեսված բողոքարկման ինստիտուտի հետ կապված նոր կարգավորումներ են նախատեսվել գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված միջնորդությունների քննության կարգին վերաբերող։  Նաեւ վերաքննիչ, վճռաբեկ դատարանների կողմից բողոքի վերադարձման փոխարեն արձանագրություն կազմելու հնարավորություն է նախատեսվել եւ այլն։ Թերությունների շտկման անհրաժեշտության ժամանակ կարելի է զանգով տեղեկացնել կողմին, որ այս կամ այն փաստաթուղթը բերի ու ներկայացնի՝ առանց բողոքի վերադարձման։ Հաջորդ քննարկումը նախատեսված է ապրիլի 25-ին։