Հեքիաթներ ու ներշնչանք

Հեքիաթներ ու ներշնչանք

Անզեն աչքով անգամ նկատելի է, որ իշխանության բոլոր օղակներին հրահանգված է շրջանառության մեջ դնել մի պարզ քարոզչական գաղափար․ որ, ճիշտ է՝ անվտանգային հարցերում մենք ձախողվել ենք, եւ երկիրն ունի լրջագույն խնդիրներ, բայց մյուս բոլոր հարցերում հաջողել ենք։ Եվ այս գաղափարը կյանքի կոչելու համար գերմարդկային ճիգեր են գործադրում բոլոր մակարդակների ՔՊ-ականները։ Է՛լ բյուջեի եկամուտների աննախադեպ հավաքագրում, է՛լ տնտեսական ապշեցուցիչ հաջողություններ, է՛լ ժողովրդի՝ իրենց հանդեպ վերաբերմունքի մասին առասպելներ, է՛լ խոսքի ազատության, հավասար մրցակցության ու արդար սոցիալական քաղաքականության մասին ֆանտաստիկ պատմություններ։ Եվ ամենակարեւորը՝ հարգելի քաղաքացիներին ուղղված ներշնչանք, որ ձեր կյանքը խիստ լավացել է, դուք իրավական երկրում եք սկսել ապրել, մի քիչ էլ համբերեք՝ մենք ոչ միայն լուսավոր ապագա, այլեւ «կոմունիզմ» կամ «դրախտ» ենք կառուցելու։ Եվ, իհարկե, մեղադրանքներ՝ ուղղված ընդդիմությանը, որը թշնամաբար խանգարում է այդ կարեւոր գործին՝ իր աղմուկով, քննադատությամբ, շահարկումներով, երբեմն էլ՝ դավաճանությամբ։

Իսկ անվտանգային խնդիրները, այո, կան՝ իրենք չեն ժխտում, բայց նախ՝ ամենօրյա աշխատանք են տանում այդ ուղղությամբ եւ այդ հարցն էլ «հեսա-հեսա» կլուծեն։ Եվ այդ խնդիրներն էլ իրենց մեղքով չեն առաջացել․ մեղավոր են նախկինները, ընդդիմադիրները, Ադրբեջանը, Ռուսաստանը, աշխարհաքաղաքական ճգնաժամը, գլոբալ տաքացումը եւ, առհասարակ՝ աստղերի դասավորությունը։ Իհարկե, կլինեն մարդիկ, որ այս հեքիաթներին կհավատան։ Նաեւ կասեն՝ հա, էլի, բյուջեն 2 միլիարդով ավելացրել են, իսկ մեր գյուղում 25 մետր ասֆալտ են արել։ Բայց համոզված եղեք՝ այդ մարդկանց քանակը շատ ավելի քիչ է, քան մենք՝ բոլորս, պատկերացնում ենք։