Դրանք քարոզչական ահաբեկիչներ են եւ Ադրբեջանի հետ սինխրոն են աշխատում

Դրանք քարոզչական ահաբեկիչներ են եւ Ադրբեջանի հետ սինխրոն են աշխատում

Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին կեղծ տեղեկություններ էին տարածում, թե իբրև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ով սեպտեմբերից ադրբեջանական գերության մեջ է, պատրաստվում են մոտ օրերս ազատ արձակել: Այս տեղեկությունն ինտենսիվորեն տարածում են Հայաստանում հայտնի սորոսական շրջանակները, պնդելով, որ Վարդանյանին ազատ արձակելու փաստը ռուս-ադրբեջանական համատեղ ծրագիրն է: Նման տեղեկատվություն է հայտնվել 1-in.am կայքում, այդ մասին իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը: Թե ինչու է նման կեղծիք տարածում թշնամի պետությունը և ինչո՞ւ են այդ կեղծիքը շրջանառության մեջ դրել այս շրջանակները, այս մասին զրուցել ենք «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ:

- Ադրբեջանական մամուլն ու սորոսական շրջանակները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանը գերությունից ազատ է արձակվելու: Ինչո՞ւ են այս շրջանակներն ադրբեջանական կողմի հետ սինխրոն աշխատում, նրանց կողմից տարածվող կեղծիքը դնելով շրջանառության մեջ:

- Նման տականք անձնավորությունների կողմից այս վարքագիծն առաջին անգամը չէ, ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, այլև առհասարակ Հայաստանի, Արցախի և հայկականության նկատմամբ: Նման մարդիկ ակնհայտ թշնամու քարոզչությամբ են զբաղվում: Հայաստանի խնդիրների առատությունը պայմանավորված է նաև այս գործոնով: Մամուլն ու լրատվամիջոցները այդ շրջանակների տեսակետներն արխիվացնում են և եթե նրանք գոնե մի փոքր ինքնասիրություն ունենան, ապա պարզապես կլռեն: Այն կեղծիքը, որ տարածում են արդեն մի քանի տարի է, թե իբրև հայ ժողովրդին հրաշքներ են սպասվում և այլն, պարզապես ամոթալի է: Ամոթալի է, որ նման մարդիկ իրենց քաղաքագետ ու վերլուծաբան են համարում, մյուս կողմից էլ սա իշխանական քարոզչագործիքներից մեկն է, որը ցավոք, ազդեցություն է թողնում հանրության վրա: Շատերը հայտնվում են այս կեղծիքի ծուղակում: Ռուբեն Վարդանյանի մասին այս լկտի արշավը, ցավոք, չի լինելու վերջինը: Այս շրջանակները շարունակելու են Հայաստանի և հայկականության դեմ իրենց արշավը: Չեմ կարծում, թե նրանք ուղեղի հետ կապված խնդիր ունեն և չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Ամեն ինչ հասկանալով են անում:

- Ո՞րն է նրանց նպատակը, շահը:

- Այդ մարդիկ աշխատում են, մարդ պետք է ինչ-որ մի ձևով եկամուտ ունենա: Նրանք նման գրառումներ են անում, կեղծ թեզեր են առաջ քաշում որոշակի գումարի դիմաց: Եկամուտ են ստանում աշխատանքի դիմաց, էլ ի՞նչ սպասենք սրանցից: Ամենանողկալին այն է, որ այնքան են իրար հակասում, որ հասկանում ես սրանք անգամ գաղափարախոսություն չունեն, ոչ էլ արժեհամակարգ: Ընդունելի կլիներ, եթե նրանք պարզապես այլ արժեհամակարգի կրողներ լինեին, քաղաքականությունը դա է ենթադրում, բայց այս մարդիկ նման են փուչիկի, դատարկություն են, չես հասկանում ինչ են քարոզում, ինչ նպատակ ունեն և այլն: Նորմալ է, եթե քննադատում են, բայց եվրոպական արժեքներ քարոզող մարդը չի կարող նմամ լկտի պահված ունենալ: Սրանք ուղղակի քարոզչական ահաբեկիչներ են, մեծ ցավ եմ ապրում, որ Եվրոպան նման մարդկանց հետ աշխատանք է կատարում: Հաճախ է տեղի ունենում, որ նրանք Ադրբեջանի հետ սինխրոն աշխատանք են կատարում, նույն իշխանության զիջումների, չորս գյուղերի թեմայով ադրբեջանական թեզերը Հայաստանում տարածողներն այդ մարդիկ են: Չեմ ուզում հավատալ, բայց տպավորություն է, թե նրանց այդ թեզերն ուղարկում են Ադրբեջանից:

- Ռուբեն Վարդանյանի մասին կա՞ որևէ տեղեկատվություն:

- Այս պահին ոչ մի նոր բան չկա: Սպասողական վիճակ է, տեղաշարժ չկա: