Եթե 300 ոչխար որոշի անցնել ձեր սահմանը, դուք նորից ՀԱՊԿ-ի՞ն եք դիմելու

Եթե 300 ոչխար որոշի անցնել ձեր սահմանը, դուք նորից ՀԱՊԿ-ի՞ն եք դիմելու

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, բնականաբար, դաշտում տարաբնույթ ու 180 աստիճանով տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տալու։

Դրանք հիմնականում վերաբերում էին նրան, թե ինչ էր ասում առաջին նախագահը։ 
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ թեեւ հարցազրույցը նախընտրական ժամանակաշրջանում էր, բայց նախընտրական չէր։ «Եթե շատ կարճ բնութագրեմ՝ շատ անկեղծ ելույթ էր, որում ասաց ճշմարտություններ՝ առանց փորձելու մարդկանց դուր գալ։ Թեկուզ դառը ճշմարտություններ, եւ ելույթը բոլորովին հարմար չէր նախընտրական ձեւաչափին, որովհետեւ նախընտրականի ժամանակ քաղաքական ուժերը փորձում են հնարավորինս շատ սուտ ասել, ականջահաճո հայտարարություններ անել։ Ինքը խոսում էր որպես պետական գործիչ, որն ասում էր ճշմարտություններ, որոնք կարելի է ասել ցանկացած այլ ժամանակ, բացի նախընտրական փուլից, որովհետեւ մյուսները լրիվ ուրիշ բաներ էին ասելու, եւ իր ելույթը փորձելու են օգտագործել իր քաղաքական ուժի դեմ ու արդեն սկսել են»։

Հայ ազգային կոնգրեսի անդամ Աշոտ Սարգսյանն էլ իր էջում կիսվել էր գնահատականով, թե ինչ էր ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Ասում էր` մի՛ սիրեք ինձ, ասում էր` նույնիսկ մի՛ ընտրեք ինձ, բայց լսեք ինձ» ։

Իսկ նա կրկին վերահաստատեց այն, ինչ ասում էր 23 տարի առաջ ու 23 տարվա ընթացքում։ Ասաց այն, ինչ ասում է միշտ․ պետք էր խնդիրը կարգավորել այն ժամանակ, քանի դեռ ժամանակը չէր աշխատում նրանց օգտին, Հայաստանի հաշվարկները սխալ դուրս եկան, մանավանդ որ այս ընթացքում հակամարտության կողմ դարձավ Թուրքիան, որն 90-ականներին ոչ միայն կողմ չէր, այլեւ մեղադրում էր Ադրբեջանին (ըստ Տեր-Պետրոսյանի՝ իրեն ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշելու համար)։ Հիմա էլ ասաց, որ ժամանակն է՝ մի կողմ դնել ծովից ծով ու Քուռ-արաքսյան Հայաստանի քարտեզները, ու հարցին էլ, թե ինչ դասեր պետք է քաղենք, ասաց՝ ռեալիզմ։

Այս առումով, Լեւոն Տեր-Պետրոսյանի մտքերից ամենաինտրիգայինն այն էր, որ թող ոչ ոք գլուխ չգովի, թե հասկանում է Ռուսաստանի ծրագրերը, որոնք մեր ռազմավարական դաշնակիցը չի բացահայտում։ Վստահ է, որ բացահայտում է միայն երկրի ղեկավարի՝ Փաշինյանի համար, բայց վստահ է, որ նա դրանցից ոչինչ չի հասկանում։ Ինչո՞ւ նաեւ իր մասին նման բան ասաց Տեր-Պետրոսյանը, որ ինքն էլ չի հասկանում Ռուսաստանի ծրագրերից։ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ այստեղ էլ Տեր-Պետրոսյանն անկեղծ է․ պատճառ չուներ սուտ խոսելու։

«Մի բան է հասկանալը, մի բան՝ ենթադրելը, ես կարծում եմ՝ ինքը ենթադրում է, բայց գուշակությունների վրա արտաքին քաղաքականություն չեն կառուցում։ Ինքն էլ ասաց, որ միայն նրան, ում հետ խոսում են՝ իրեն են ասում, եւ ենթադրությունների հիման վրա ինքը չպետք է ինչ-որ բան ասեր, երբ ինչ-որ բան ենք ասում, տարբեր ենթադրությունների հիման վրա ենք ասում։ Բայց եթե դա մեզ կարելի է անել, պետության նախկին ղեկավարին կամ պետության ղեկավարումը ստանձնելու հավակնություն ունեցող մեկին չի կարելի»,- կարծում է Արմեն Բաղդասարյանը։ Քաղաքագետը համամիտ է Տեր-Պետրոսյանի այն գնահատականի հետ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հասկանում, թե ինչ է ասում իրեն ռուսական կողմը, այլեւ չի հասկանում, թե ինքն ինչ է ասում։ Արմեն Բաղդասարյան․ «Փաշինյանը մշտապես պահի տակ հայտարարություններ է անում՝ առանց հետեւանքների մասին մտածելու։ Օրինակ, երբ ասում էր՝ «սահմանի տարանջատում»․ պահի տակ մտքով մի բան է անցել, ոչ էլ հասկանում է, թե դա ինչ է նշանակում, թե դրա հետեւանքները որը կլինեն։ Կամ՝ ընդհանրապես իրականանալի՞ է, թե՞ ոչ»։ Ի՞նքն է ասում, չունի՞ արտաքին քաղաքական խորհրդատուներ Հայաստանի Հանրապետության ներսում։ Արմեն Բաղդասարյանն ի պատասխան ասաց՝ եթե նույնիսկ ունի էլ, որեւէ մեկին չի լսում։ «Նա որեւէ մեկին լսելու սովորություն չունի, ինքն էլ շատ բան չի հասկանում, դրա համար կարող է մի քանի օրվա մեջ մի 4-5 իրար հակասող բաներ ասել։ Մեշկ կասի՝ ԵԱՀԿ-ին ենք կանչում, մե՛կ կասի՝ եթե սենց գնա, դիմելու եմ ՄԱԿ․․․ Այսինքն, եթե նույնիսկ ունի խորհրդատուներ, անընդհատ նման իրավիճակներում է հայտնվում։ Բայց դրանց, վստահ եմ, արդեն լուրջ էլ չեն վերաբերվում»։ 

Հիշեցնենք, որ ռուսական կողմն ակնհայտորեն զայրացած էր այն փաստից, որ Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ առանց Ռուսաստանին նախապես տեղյակ պահելու, ինչի մասին Ռուսաստանից ամենատարբեր մակարդակներով բաց տեքստով ասվեց։ Կամ հիմա՝ եթե ասվում է, որ ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է, խաղաղապահներին տեղակայում է Արցախում, հետո ինչո՞ւ է Հայաստան ամերիկյան զորք հրավիրվում։ «Ողջամիտ մարդու պահվա՞ծք է դա․․․ դրա համար եմ ասում, որ չի էլ հասկանում իր հայտարարությունների հետեւանքները։ Իրեն թվում է, թե հոդված է գրում, մի բան էր՝ ասաց, կես ժամ հետո կմոռանան։ Էդպես չի»,- ամփոփեց Արմեն Բաղդասարյանը։

Երեկ էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն Ադրբեջանին ու միջազգային հանրությանն առաջարկել էր Սոթք-Խոզնավար սահմանային գծում «հայելային» սկզբունքով հետ նահանջել եւ տեղակայել միջազգային դիտորդներ։ Ռուսաստանցի քաղաքական գործիչ Ստանիսլավ Տարասովը, բնականաբար, չլուսաբանեց, թե որոնք են Ռուսաստանի ծրագրերը։ Միայն ասաց․ «Կարծում եմ՝ Ռուսաստանը Փաշինյանից իր ծրագրերի հարցում որեւէ գաղտնիք չունի։ Այլ հարց է, թե նա ինչ է անում ու ինչու է անում։ Ես չգիտեմ, թե ինչու է մի կողմից սահմանային հարցերի շուրջ փակ բանակցություններ վարում ՌԴ-ի հետ, մյուս կողմից այստեղ միջազգային խաղաղապահներ հրավիրում։ Ինչպե՞ս սա հասկանալ»։

Գուցե այն պատճառո՞վ, որ ՀԱՊԿ-ն Սյունիքում 300 ադրբեջանցիների ներխուժմանը չարձագանքեց։ Ստանիսլավ Տարասովի պատասխանը․ «Եթե 300 ոչխար որոշի անցնել ձեր սահմանը, դուք նորից ՀԱՊԿ-ի՞ն եք դիմելու, նորից Պուտինի՞ն եք զանգելու»։ Բայց չէ՞ որ Հավաքական անվտանգության պայմանագիրը հենց այն մասին է, որ եթե ոչ 300 ոչխար, այլ 300 ադրբեջանցի ներխուժում են պայմանագրի անդամ երկրի ինքնիշխան տարածք, ապա ՀԱՊԿ անդամ երկրները դա դիտարկում են որպես ընդհանուր ագրեսիա։ Սա այլեւս Արցախ չէ, Հայաստան է։ 

Տարասովի մեկնաբանությունն այլ է․ «ՀԱՊԿ պայմանագրի էությունն այն է, որ ձեր զորքերը կանգնում են ձեր ազգային սահմանների երկայնքով եւ պաշտպանում են ձեր երկիրը։ Չեք ուզում, կարող եք անդամակցել ՆԱՏՕ-ին»։ 

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ չգիտի, թե ՌԴ-ն ինչ ծրագրեր ունի տարածաշրջանում, ապա Ստանիսլավ Տարասովն ասաց, որ հավատում է․ «Պաշտոնաթող նախագահը չի կարող իմանալ, կարող են իմանալ Փաշինյանն ու իր այլեւս նախկին արտգործնախարարը։ Այվազյան»։