Մարտի 1 եւ Փաշինյան, դուք անբաժանելի եք

Մարտի 1 եւ Փաշինյան, դուք անբաժանելի եք

Արդյոք ես ճի՞շտ հասկացա, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանին совсем не уважает, սլուշի: Նիկոլ Փաշինյանը դեռ Արթուր Դավթյանի օրոք ասել էր, որ մարտի 1-ն ըստ էության եւ ամբողջովին բացահայտվել է, մինչդեռ Աննա Վարդապետյանը պնդում է, որ Նիկոլի ասելով չի… մարտի 1-ի գործը դեռ քննվում է, եւ քննությունը կարող է միայն պարզել՝ բացահայտվա՞ծ է այդ գործը, թե՞ ոչ: Ի՞նչ ասեմ, ես Աննա Վարդապետյանին երկար պաշտոնավարում եմ մաղթում, իսկ ահա այդ թեմայով Նիկոլ Փաշինյանի խայտառակ ստախոսության հետ կապված՝ որոշ հարցեր ունեմ: Զորօրինակ՝ ի՞նչ հիմունքներով են ՀՀ իշխանությունները «սրբադասել» մարտի 1-ի զոհերին եւ նրանց հարազատներին 30-ական միլիոն դրամ փոխհատուցում տվել, եթե մարտի 1-ի գործը տակավին քննության փուլում է: Արդյոք դա տեղի չի՞ ունեցել այս գործով «տուժողների» որոշ կին փաստաբանների ճղճղոցների եւ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների արդյունքում: Կիսելով կորստի վիշտը՝ ես մարտի 1-ի 10 զոհերի հարազատներին կխնդրեի ինձ ճիշտ հասկանալ: 

Հարգելիներս, ձեր սիրելիների մահվան հանգամանքները դեռ պարզված չեն, իսկ Նիկոլը ձեզ ընդամենը 30 միլիոնով թլսորել, ճամփու է դրել: Բա որ վաղը պարզվի, որ մարտի 1-ի բուն մեղավորներից մեկն էլ Նիկոլն է եղել ու իր մեղքերը թաքցնելու համար է պետության միջոցներով փակել ձեր բերանը, ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք նայելու մեր հասարակության աչքերին: Ավելին ասեմ, իսկ ի՞նչ եք անելու, եթե պարզվի, որ ձեզ համար այդ թանկ մարդիկ 2008 թվականին մաս են կազմել Նիկոլի գլխավորած շայկային եւ Նիկոլի հրահանգով են բախումներ հրահրել ոստիկանության հետ: 30 միլիոնը գրպանը դնելը հաճելի գործ է, բայց դրանից առաջ շատ կարեւոր է հասկանալ՝ ո՞վ է այդ գումարը տալիս եւ ինչի՞ համար:

Մարտի 1-ի գործով ես մի քանի ակտիվիստների եմ ճանաչում, որոնք այսօր կա՛մ հարմար տեղավորված են իշխանական զանազան էշելոններում, կա՛մ էլ բարձր ու պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում: Դեսպաններ են, ԱԺ մշտական եւ պատերազմների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեպ-ստեպ ստեղծվող հանձնաժողովների նախագահ, ՍԴ դատավոր, ՍԴ դատավորի հարազատ եղբայր, որ ԱՄՆ դեսպանատանը երեխայի կոշիկ խաղացնելու համար արժանացավ Հանրային խորհրդի նախագահի տիտղոսի: Ինչո՞ւ է Փաշինյանն այս «սբրոդին» հավաքել շուրջը եւ հայրաբար տիրություն անում: Սա էլ կարող եք համարել հարց, թեեւ պատասխանը բոլորդ գիտեք: Նիկոլը դա արել է, որպեսզի 2008-ի մարտի 1-ից տասը եւ ավելի տարի անց սրանցից ոչ ոք չփորձի այլ բան ասել մարտի 1-ի մասին, քան ինքն է ասում՝ «մարտի 1-ն ըստ էության եւ ամբողջովին բացահայտվել է»: Հարցրեք Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նույնիսկ նա կասի, որ Նիկոլը ստում է, եւ ոչինչ էլ ըստ էության ու ամբողջովին բացահայտված չէ:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազն առիթ ունեցավ անդրադառնալու իշխանազավթման եւ իշխանությունների նկատմամբ բռնության կոչերին՝ նշելով, որ դրանք գտնվում են դատախազության ուշադրության կենտրոնում եւ ամենայն մանրամասնությամբ ստուգվում են: Կարելի՞ է, արդյոք, սրանից հետեւություններ անել, որ 2008 թվականի մարտի 1-ին նույնպես այդ կոչերը գտնվում էին ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում, եւ հենց դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը, իմանալով, թե ինչ է սպասվում իրեն, փախավ Մյասնիկյանի արձանի մոտից: Նիկոլի հոգին էր, չէ՞, փառավորվել, երբ իմացել էր, որ ոստիկաններից մահակներ են խլել, ոստիկանական ավտոմեքենաներ են շրջել, ոստիկանական ավտոմեքենաներ են այրել, խանութներ են թալանել, փորձել են քաղաքապետարան մտնել… Եվ մարտի 1-ի գործով դատապարտված, բայց օրապակաս դատապարտյալ դարձած Նիկոլը, որ բիրդան վարչապետ է դարձել, շտապում է հայտարարել, որ մարտի 1-ի գործն ըստ էության եւ ամբողջությամբ բացահայտված է: Ոչ, պարոն Փաշինյան, այդ գործն ըստ էության կբացահայտվի միայն այն բանից հետո, երբ կպարզվի նաեւ, թե ինչպես եւ ում հորդորով մարտի 1-ի հանցագործն ազատվեց բանտից, իսկ 2012 թվականին հայտնվեց Ազգային ժողովում ու այս անգամ արդեն պատգամավորի կարգավիճակում շարունակեց թմբկահարել մարտի 1-ը: