Օնիկ Գասպարյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացնելու

Օնիկ Գասպարյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացնելու

Մարտի 25-ին Վարչական դատարանում հրապարակվել է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցը քննող դատավոր Մհեր Պետրոսյանի որոշումը վարչապետի ներկայացուցիչների՝ իրեն ուղղված ինքնաբացարկի վերաբերյալ, ըստ այդմ՝ դատավորն այն մերժել է։ Մեզ հետ զրույցում Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Ինքնաբացարկի հիմնավորումն այն էր, որ դատարանը մեզ առձեռն էր տվել որոշումը եւ մենք ինչ-որ տեղից ինֆորմացիա ունեինք, որ դատարանը բավարարելու է հայցի ապահովումը։ Դատարանն էլ մանրամասն պարզաբանել է, որ նախ առձեռն ոչ միայն մեզ է տվել, այլ նաեւ իրենց, իսկ ժամերի տարբերությունը պայմանավորված է նրանով, թե ով երբ է զանգել աշխատակազմ, ոնց է պայմանավորվել։ Այստեղ նախապատություն չի տրվել, կողմերն իրենք են աշխատակազմի հետ կապվել։ Երկրորդ․ ինֆորմացիան, որ մենք ունեցել ենք․․․ Այդ ինֆորմացիան մենք ունեցել ենք ԶԼՄ-ներից, դատարանն էլ էր ասում, որ նույն նյութում ԶԼՄ-ից ինֆո կա, որ արդեն հասել է ԴԱՀԿ։ Հետեւաբար դատարանը գտել էր, որ կանխակալ բան չկա, ինքնաբացարկի հիմք բացարձակապես չկա»։

Գործով դատական նիստ է նշանակված ապրիլի 2-ին, բայց, ըստ փաստաբանի, հնարավոր է միջնորդություն ներկայացնեն դատարան՝ այն  հետաձգելու վերաբերյալ, այդ նիստին նախատեսվում է լսել պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու հետ կապված․ «Իրենք միջորդություն  են ներկայացրել, որ վերացվի հայցի ապահովման միջոցը։ Իրենք ի սկզբանե ասում են՝ պետք է հայցը վարույթ չընդունվեր, որովհետեւ ոչ թե իրավահարաբերության բացակայություն է, այլ ակտ կա իրավունքի ուժով ընդունված։ Իրենք կարծում են, որ առանց հայցի ապահովման միջոցի էլ հնարավոր կլինի հետո դատական ակտը կատարվի։ Դե, բնականաբար, մենք ամբողջությամբ մեր առարկությունները կներկայացնենք, որեւէ հիմնավոր բան չեմ տեսել այդ միջնորդության մեջ»։
Արթուր Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ պատրաստվում են դատարան մուտք անել միջնորդություն՝ հայցի հիմքի առարկայի փոփոխության-լրացման վերաբերյալ․․ «Պահանջում ենք ճանաչել Արտակ Դավթյանի նշանակման իրավահարաբերության բացակայությունը։ Դա հիմնավորում ենք հետեւյալ կերպ․ քանի որ կար հայցի ապահովման միջոց, որով  ասվում էր, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել, դրանից հետո իրավունքի ուժով չէր կարող հաստատվել փաստ, որ Արտակ Դավթյանն էլ գլխավոր շտաբի պետ է նշանակված։ Հիմա մենք ասում ենք, քանի որ դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ ասելով, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել, մի քանի օր հետո չէր կարող ստեղծվել իրավիճակ, որ այլ անձ իրավունքի ուժով համարվեր նշանակված Գլխավոր շտաբի պետ»։ Իսկ թե ինչո՞վ է այս օրերին  զբաղված նախին պաշտոնյան, փաստաբանն ասաց, որ տեղյակ չէ նրա առօրյայից։

Նշենք, որ մարտի 10-ին Կառավարությունը հայտարարություն էր տարածել Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։ Ավելի վաղ՝ փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր կառավարության և վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունից հետո վարչապետը նույն օրը նախագահին էր ներկայացրել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը: Դրան հաջորդեց Օնիկ Գասպարյանը երեք հայցերը՝  ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։