Հաղթանակի առիթով բարեկամ ադրբեջանցիներին ուղղված շնորհավորանքը
Ուշացումով աչքովս ընկավ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկու շնորհավորանքը «բարեկամ ադրբեջանցիներին՝ 44-օրյա պատերազմում Հաղթանակի օրվա կապակցությամբ: Ինչը կարևոր քայլ է հետխորհրդային երկրներում առկա հակամարտությունների վերացման ճանապարհին և Ուկրաինային մոտեցնում է հաղթանակին»: Դեսպանի շնորհավորանքը տեղադրվել էր վերջինիս «X» միկրոբլոգում:
Չգիտեմ, դա բավարա՞ր է, արդյոք, որպեսզի ուկրաինասեր հայությունը գիտակցի իր սխալը: Եթե, իհարկե, ինքը միաժամանակ հայրենասեր է և ոչ թե հայրենիքի վրա թքած ունեցող՝ ազատական գլոբալիզմի հետևորդ: Այս մի քանի տողում արտահայտվածն ավելի բացված վիճակում ես ու ինձ նմանները փորձում ենք հասցնել (Նիկոլը կասեր՝ հասցեագրել) հայաստանյան ռուսատյաց հատվածին: Ուկրաինան ճակատագրի բերումով էր Ադրբեջանին բարեկամ՝ հիշենք տասական թվականների ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միության գոյությունը: Ընդ որում, նրանում հավաքված էին «գունավոր» հեղափոխություն իրականացրած՝ փակագժերում ներկայացված առաջին, երկրորդ և չորրորդ պետությունները: Եվ զարգացման եվրոպական ուղին բռնած պետությունների հետ միասին՝ նաև բռնատիրական Ադրբեջանը::
Միության առաջին, երկրորդ և չորրորդ երկրներին միավորում էր իրենց տարածքի մի մասի կորստի ցավը՝ ինչը տեղի էր ունեցել ռուսական միջամտության պատճառով: Ադրբեջանի առումով նույնը դժվար թե ասվի, քանի որ, ընդհակառակը, Ղարաբաղյան շարժման սկզբնական փուլում ռուսական բանակն օգնում էր հենց մեր թշնամուն՝ հիշենք «Օղակ» (Կալցո) ռազմական գործողությունը: Բայց դա չէր էականը, այլ այն, որ այդ միության մեջ ներառվելով՝ Ադրբեջանը դրա երեք անդամներին և նրանց միջոցով Եվրոպական Միությանը, որը քաղաքական առումով հովանավորում էր դրանց, ուղղորդում էր ընդդեմ Հայաստանի: Իսկ ուղղորդման հիմքն էլ սկզբում ադրբեջանական նավթադոլարներն էին, իսկ հետո հենց այդ նավթը, որին միացվեց գազը: Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության այդ ջանքերի առաջին հաջողությունը մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելն էր: Ինչը համարյա չնկատվեց միջազգային հանրություն կոչված անդեմ ու անսեռ երևույթի կողմից: Իսկ եթե ասվածին գումարվի նաև Արցախյան առաջին ազատամարտում ուկրաինական ռազմական օդաչուների և դիպուկահարների հայտնվելն ադրբեջանական բանակում՝ պատկերը կամբողջանա: Առանց նույնիսկ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին սպիտակ ֆոսֆորի հանձնման հանգամանքը հիշատակելու, ինչը հերքվում է Ուկրաինայի կողմից: Որի օգտագործումն արգելված է միջազգային պայմանագրերով:
Եվ ես անընդհատ զարմանում էի, թե ինչպես է հնարավոր այս ամենը չնկատել ու ռուսատյացության հիմքով ցանկանալ Ռուսաստանի պարտությունը ռուս-ուկրաինական պատերազմում: Եվ շարունակել դա անելը՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ պատերազմում գլուխը խառը լինելը հանգեցրեց Արցախի կորստին: Իսկ եթե Ռուսաստանը պարտություն կրեր՝ ո՞վ էր Ադրբեջանին զսպելու Հայաստանի Հանրապետությանի վրա հարձակվելու առումով: Զուտ խոսքային մակարդակում մտահոգություն հայտնող միջազգային հանրությո՞ւնը:
Կարծիքներ