Իրանը «Զանգեզուրի միջանցքի» թեման համարում է անթույլատրելի

Իրանը «Զանգեզուրի միջանցքի» թեման համարում է անթույլատրելի

«Հրապարակի» զրուցակիցը պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն է:

- Կապանում`  ադրբեջանական դիրքերից ոչ շատ հեռու տեղի ունեցավ Իրանի Հյուպատոսարանի բացումը: Շատերի պնդմամբ` սա կարող է զսպել Ադրբջանի ախորժակը: Ի՞նչ կասեք: Ի՞նչ ազդեցոթյուն կարող է ունենալ այն:

- Իրանի ԱԳՆ ղեկավարի այցը, նրա հնչեցրած ուղերձները, հյուպատոսարանի բացումը անշուշտ կարևոր քայլեր են: Դրանք գալիս են փաստելու, որ Սյունիքը և հայ–իրանական սահմանի անձեռնամխելիությունը իսկապես ունեն ստրատեգիական կարևոր նշանակություն Իրանի համար, կարելի է ասել՝ այն ունի անվտանգային նշանակություն: Բայց, այդուհանդերձ, մեր անվտանգության գլխավոր երաշխավորը մենք ենք: Մեր բարեկամ երկրների քայլերը, գործողությունները կարող են որոշակիորեն զսպել Բաքվին, բայց եթե մենք ուզում ենք ունենալ անվտանգություն, կրկին չառերեսվել այն իրավիճակի հետ, ինչ եղավ այս տարվա սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը: Իմ համոզումն այն է, որ օգնում են այն պետությունների և ժողովուրդներին, որոնք դիմադրում են և պայքարում, հանձնվողներին ոչ ոք չի օգնի: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը ունի այդ կամքն ու ուժը իր անվտանգությունն ապահովելու համար, ընդամենը պետք են առաջնորդներ, որոնք դա կարող են կազմակերպել:

- Հայ-իրանական հարաբերությունները, համագործակցությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի գործողությունների վրա:

- Ուշագրավ է, որ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Կապանում հյուպատոսության բացման իր խոսքում շեշտել էր, որ «Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգության համարում է իր անվտանգությունը: Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնամխելիությունը»: Սա կարևոր ուղերձ է Բաքվին: Հետաքրքրական է, որ դրան զուգահեռ Էրդողանը հայտարարում է, որ պատրաստվում են հյուպատոսություն բացել օկուպացված Շուշիում: Նա իր խոսքում շեշտել էր, որ «սա կլինի ակնհայտ ուղերձ մեր ընկերներին, ինչպես նաև տարածաշրջանի մեր թշնամիներին, որ Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին»: Սա նշանակում է, որ Իրանի գործողությունները իրապես անհանգստացրել են Բաքվին և Անկարային:
 
- Հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանը երբեմն կրակ է բացում, որոշ ժամանակ անց դադարեցնում կրակը: Ի՞նչ է սա նշանակում...

- Սա նշանակում է, որ իրենք փորձում են մշտապես լարված պահել իրավիճակը: Չի բացառվում փորձեն նաև գնալ սադրանքների: Փաստն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն կամ պատկերացնում է այն՝ բացառապես հիմնված Ադրբեջանի պահանջների վրա, իսկ դա նշանակում է հայկական պետականության ավարտ:

Ավելին, Ալիևի վարչակարգը հիմնված է հայի դեմ ատելության քարոզի և հայկական պետականության դեմ շարունակական ագրեսիայի վրա: Ալիևը ցանկանում է ցույց տալ, որ ինքը ոչնչի առաջ կանգ չի առնի: Բայց փաստը մնում է փաստ, որ այսօր թե՛ ԱՄՆ ջանքերը նոր էսկալացիան թույլ չտալու, թե՛ Իրանի կողմից եկող կոշտ ու հստակ հայտարարությունները որոշակիորեն զսպում են Բաքվին: Ուշագրավ է, որ Էրդողան–Ալիևի հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ օկուպաված Ջրականում կրկին շոշափվեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման, ինչը Իրանը համարում է անթույլատրելի և գրեթե ամենօրյա մակարդակով դա շեշտում է: Մի խոսքով, մեր գործընկերների ջանքները նոր ագրեսիան բացառելու օգտակար են և անհրաժեշտ, բայց երկարաժամկետ կտրվածքով, քանի որ Բաքուն՝ Անկարայի աջակցությամբ չի հրաժարվելու իր ծավալապաշտական նկրտումներից, մեր անվտանգության գլխավոր երաշխիքը մեր բանակն է, մեր Զինված ուժերը և նաև պատրաստված հանրությունը:
 
- Իրանի կողմից հայտարարություն եղավ այն մասին, որ Հայաստանը ևս հայտ է ներկայացրել իրանական ԱԹՍ-ներ գնելու: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սա:

- Այս տեղեկատվությունը որևէ կերպ չի հաստատվել: Այն հայտնվեց սոցիալական ցանցերում, բայց պաշտոնյան 22 երկրների ցանկ իր խոսքում չի հիշատակել, ուստի կարծում եմ սխալ կլինի մեկնաբանել այս տեղեկությունը: Ամեն դեպքում՝ ՀՀ–ն իր անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար պետք է զինվի, դա աներկբա ճշմարտություն է: