Խլել մայրաքաղաքը Նիկոլից

Խլել մայրաքաղաքը Նիկոլից

Չնայած ես բազմիցս ասել եմ, որ ձայն եմ տալու «Մայր Հայաստան» դաշինքին, բայց ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ է ձգտում դաշինքը: Չէ, ես գիտեմ, որ դաշինքի ղեկավարությունն իր առջև դրել է երկրում ամբողջական իշխանափոխության խնդիրը: Ու գիտեմ նաև, որ այն հնարավոր է լուծել երկու տարբերակի դեպքում: Կա՛մ շահելով մայրաքաղաքի ավագանու ընտրությունը և կա՛մ հետընտրական բողոքի ակցիաների միջոցով: Առաջինի դեպքում անընդհատ խնդիրներ ստեղծելով վարչապետի պաշտոնին գտնվող անձի համար: Եվ արդյունքում դառնալով իրավապահների հերթական անօրինականության զոհը: Եվ զոհի լուսապսակով ժողովրդին փողոց հանելով: Իսկ երկրորդ դեպքում, ունենալով համապատասխան կռվաններ, հայտարարել ոչ օրինակլան ընտրությունների անցկացման վերաբերյալ: Եվ կրկին ժողովրդին փողոց հանելով ու փորձելով բողոքի համընդհանուր շարժում գեներացնելով:

Վերադառնանք առաջին տարբերակին: 2009 թվականից, երբ մայրաքաղաքը վերափոխվեց համայնքի, ընդդիմության կողմից ավագանու ընտրությունն իշխանափոխության օրակարգ վերափոխելը միշտ անհաջողության է մատնվել: Պատճառն ավելի քան հասկանալի է՝ փորձ էր կատարվում ավագանու ընտրությանը հաղորդել համապետական ընտրության մակարդակ: Իսկ ամեն մի առանձին բնակավայրի՝ լինի այն մայրաքաղաք, թե երկրորդ կամ ամենավերջին քաղաք ու գյուղ, ընտրողը հարցին վերաբերում է ադեկվատորեն: Այսինքն, ինքն ընտրում է ավագանի և դրա միջոցով համայնքապետ, որպեսզի լուծվեն իր կենցաղային հարցերը: Եվ դա այն դեպքում, երբ ընտրողը մի փոքր ավելի բարձր է միջին վիճակագրական քաղաքացուց: Ու առաջնորդվում է հենց բնակավայրի խնդիրների լուծման մտայնությամբ: Եվ ոչ թե ծանոթի կամ բարեկամի «խորհրդատվությամբ»՝ մեղմ ասած: Էլ չասած շուրջ 20 տոկոս կազմող՝ միջին վիճակագրական ընտրողների՝ միշտ գործող իշխանության կողքին լինելու ավանդույթի մասին:

Եվ ըստ այդմ, Արցախն Ադրբեջանի կազմում լինել-չլինելու մասին հարցերը, որ տրվում են Ավինյանին, դուրս են ընտրական համատեքստից: Եվ, բնականաբար, դուրս են թե՛ քպկական և թե՛ շարքային ընտրողների հետաքրքրությունների շրջանակից: Նույն տրամաբանությամբ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի խոսույթը ևս չի համապատասխանում տվյալ ընտրական օրակարգին: Եվ այն շարունակելու դեպքում, վախենամ, որ ընդդիմադիր դաշինքը չկարողանա հաղթահարել նույնիսկ ընտրական շեմը: Ինչը լուրջ հարված կլինի ընդդիմության հեղինակությանը: Իսկ եթե դրա հետ միաժամանակ Ավինյանը նաև շահի ընտրությունները (40%՝ գումարած բոնուս), ապա տեղի կունենա այն, ինչից ավելի շատ վախենում է ընդդիմությունը; Այսինքն՝ հայրենասիրության զգացողությամբ օժտված մենք բոլորս: 

Ասվածի համատեքստում, որպես ընտրությունների դիտարկման շուրջ երկու տասնամյակի փորձ ունեցող անձ, խորհուրդ կտայի ոչ իշխանական լրատվամիջոցների լրագրողներին Ավինյանին հարցեր ուղղել հենց ընտրական գործընթացից: Գտնել Ավինյանի կամ նրա նախորդի կողմից քաղաքի կառավարման այն թույլ կետերը, որոնց միջոցով հնարավոր է խեղճացնել գործող իշխանությանը: Չեմ կարծում, թե այդպիսիք հնարավոր չէ գտնել, իսկ ինչ մնում է նրա նախորդի՝ այսօր ձևական ընդդիմություն լինելուն, ապա չմոռանանք, որ որպես քաղաքապետ նա ներկայացրել է իշխող կուսակցությանը: Նույնը, բնականաբար, պետք է ասվի դաշինքի քարոզարշավի առումով: Եվ ինչպես ասվել է տողերիս հեղինակի նախորդ հոդվածում (https://hraparak.am/post/e19ca549d4b95897e9a9273446e6a28d), փորձել համագործակցության եզրեր գտնել «Ապրելու երկիր» և ընդդիմադիր բնույթի այլ կուսակցությունների հետ: Եվ փորձել քաղաքի կառավարումը խլել Նիկոլից: Իսկ հետո արդեն կարելի է մտածել նաև պետության կառավարման մասին: