Դանկոյի սրտի սպասումով

Դանկոյի սրտի սպասումով

1988 թվականին Խորհրդային Հայաստանի համարյա ողջ ազգաբնակչությունը մեկ մարդու նման ոտքի կանգնեց հանուն «Միացում»-ի: Տարիներ տևած այդ պայքարը տվեց իր արդյունքն ի դեմս Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակի՝ էլ չասած իշխանափոխության մասին: 2018-ի գարնանը նախկինների կառավարման «բեսպրեդելից» ազատվելու շարժումը տևեց ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելի ու կրկին հաջողություն գրանցեց: Սակայն Նիկոլի իշխանությունն Արցախի հարցում և դիվանագիտության մեջ հաջողությունների փոխարեն պարտությունների շարան որդեգրեց:

Դժբախտաբար, անհաջողության մատնվեցին նաև Նիկոլի վարչապետությունը ոչ ևս անելու շարժումները: Պատճառները մի քանիսն են, բայց հիմնականն, իմ կարծիքով, այն էր, որ շարժումներ նախաձեռնողները չէին գիտակցում, որ Նիկոլը Սերժ չէ ու ինքնակամ հրաժարական չի ներկայացնի՝ թեկուզ հարյուր հազար բողոքավոր էլ միաժամանակ հայտնվի փողոցում: Հատկապես որ այդ քայլին չդիմեց իր պատասխանատվությամբ ու իր մեղքով խայտառակ պարտությունից հետո: 
Անկեղծ ասած, ես ևս սկզբում դա չէի գիտակցում՝ ենթադրելով, թե փողոցային շարժման նիկոլական հնարքներն օգտագործելով՝ հնարավոր է նրան հրաժարական պարտադրել: Միաժամանակ, ներկայացնում էի ինքնազոհ առաջնորդի անհրաժեշտությունն այդ գործընթացում: Ու որպես այդ գաղափարի մարմնացում՝ մի քանի անգամ դիմել եմ ռուս և խորհրդային գրող Մաքսիմ Գորկու «Դանկոյի սիրտը» ռոմանտիկ նովելի հերոսի կերպարին: Վատ չէր լինի, եթե «Հրապարակ»-ի ընթերցողները ծանոթանային այդ նովելին: Ինչպես նաև տեղեկանային կապիտան Մոսեսովի (Գուրգեն Տեր-Մովսիսյան) սխրագործության մասին ): Գուցե մեր նախնու վարքը և կամ գրական կերպարն «արթնացնեն» դեռևս իրենց էությունը չգիտակցած այն երիտասարդներին, որ կցանկանան իրենց սրտերով լուսավորել այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը: 

Վերջապես փակվեց մայրաքաղաքի ավագանու ընտրությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ բանավեճը: «Հայաստան» դաշինքի նիստին (Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ) որոշում է կայացվել աջակցել «Մայր Հայաստան» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։ Բայց չեմ կարող չասել, որ ինձ խիստ կասկածահարույց է թվում մայրաքաղաքի ավագանու ընտրությանն արցախյան թեմատիկան շաղկապելը: 2009 թվականից, երբ մայրաքաղաքը վերափոխվեց համայնքի, ընդդիմության կողմից փորձ էր կատարվում ավագանու ընտրությանը հաղորդել իշխանափոխության օրակարգ: Իսկ իշխանությունը հարցին մոտենում էր խիստ պրագմատիկ՝ ավագանու միջոցով քաղաքապետի ընտրությունը դիտարկելով որպես կառավարչի (մենեջերի՝ նոր տերմինաբանությամբ) ընտրություն: Պատճառն այն էր, որ երևանցիներն այդ դեպքում ընտրություն կատարելուց առաջնորդվում են հենց մայրաքաղաքային խնդիրների և ոչ թե պետական կամ ազգային հարցերի առաջնահերթությամբ: Ու չեմ կարծում, թե այդ ավանդույթը կփոխվի սեպտեմբերի 17-ին: Հատկապես հաշվի առնելով միջին վիճակագրական երևանցու աչքում Արցախյան խնդրի կարևորության բացակայությունը: Կամ էլ Հայաստանի գլխին կախված սպառնալիքներն անտեսելը: Առաջինի և, ինչու չէ, նաև երկրորդի վկայությունը բազմաթիվ մարդաշատ սրճարանններն են, ինչպես նաև արցախցիների նկատմամբ ոչ բարեհամբույր, մեղմ ասած, վերաբերմունքը քաղաքի ծայրամասերի «ննջարանային» թաղամասերում: 

Բազմիցս եմ ասել, որ միակ ու թանկարժեք քվես տալու եմ «Մայր Հայաստան» դաշինքին. կցանկանայի, որ յուրաքանչյուր ընտրող նույն վերաբերմունքն ունենար իր քվեի նկատմամբ: Բայց կարծում եմ, որ եթե դաշինքը գոնե ներկայացուցիչներ ունենա ավագանիում՝ դա արդեն ձեռքբերում կլինի: Չնայած, անկեղծ ասած, կլինի անիմաստ ձեռքբերում, քանի որ որևէ բնակավայրի ավագանիի կազմում փոքրամասնությունը լինելը ոչինչ չի տալիս ընդդիմությանը: Ուրիշ հարց, որ «Ապրելու երկիր» և այլ, ոչ նիկոլական կուսակցությունների հետ, կարելի է հետընտրական դաշինք կազմել: Ու դրանով, բնականաբար, վատություն անել Նիկոլին՝ Երևանի կառավարումը վերցնելով նրա ձեռքից: Ի դեպ, ասեմ, որ նախկինների օրոք հետընտրական դաշինքի գաղափարն օրենսդրության մեջ ներառվեց հենց իմ ջանքերի շնորհիվ: Դա այն ժամանակ էր, երբ ողջ ընդդիմությունը «ոչ» էր ասում սահմանադրական փոփոխություններին, իսկ ես ոչ միայն կողմ էի, այլև այդ գաղափարն էի առաջ տանում՝ արժանանալով ընդդիմության մեջ օտար լինելու թյուր ըմբռնմանը: Չնայած դրանից առաջ եղել եմ և հետո էլ շարունակել եմ մնալ գործող իշխանության ամենաակտիվ ընդդիմադիրներից մեկը: Ինչևէ, դա այլ պատմություն է…