Այն, ինչ պետք է իմանալ «քայլող սատանայի» և «պուտանկայի» մասին

Այն, ինչ պետք է իմանալ «քայլող սատանայի» և «պուտանկայի» մասին

Քաղաքացու օրը երկու նշանավոր իրադարձություն տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում: Մի խումբ հիմնականում կին ցուցարարներ իրենց բողոքն էին արտահայտում ոչ միայն ՀՀ իշխանություններից, այլև հայրենի տղամարդ ոստիկաններից և Փաշինյանին խորհրդանշող «Քայլող մարդը» արձանից: Նրանք արձանի ներքևի հատվածը պատել էին կարմիր կտորով, վրան փակցրել Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և մի շարք այլ ՔՊ-շնիկների խաչ քաշած նկարներ ու այդպես էին նշում քաղաքացու օրը: Խաղաղ ցույցը բոլոր առումներով արդեն մոտ էր հանգուցալուծման, մեկ էլ չգիտես որտեղից հայտնվեց ոստիկանությունը և իր կուռ շարքերով փակեց արձանի ներքևի հարտվածը, որպեսզի անցորդները չտեսնեն այդ խայտառակությունը: Դա վրդովեցրեց ցուցարար կանանց, որոնք ավելի հանդուգն դարձան և կարճ ժամանակամիջոցում մարտավարական փոփոխություն մտցրեցին իրենց բառապաշարում: Բանը հասավ այնտեղ, որ նրանք ոստիկաններին կոչ արեցին «Նիկոլի արձանը» պահելու փոխարեն գնալ դիրքեր և սահմանը պահել: «Դուք ձեր քնձռոտ աշխատավարձի համար դավաճանին եք ծառայում»,- նաև այսպիսի մեղադրանք հնչեց:

Ոստիկանները լռելյայն տանում էին ամեն ինչ: Նրանք լուռ էին նաև այն ժամանակ, երբ կանանցից մեկը, ըստերևույթին արվեստից հասկացող, Փաշինյանին խորհրդանշող արձանի մասին ասաց. «Սա ոչ թե քայլող մարդ է, այլ քայլող առնանդամ»: Դրանից հետո մի որոշ ժամանակ ոստիկանները ծածուկ հայացքներ էին նետում արձանի «գլխիկին»` համոզվելու համար` կանայք ճիշտ էին, թե՞ սխալ: Այդ պահին արվեստից հասկացող մի պապիկ մոտեցավ ցուցարարներին. «Ինչո՞ւ եք այդպես ասում, վզի և գլխի համադրության մեջ շատ խորը աբստրակցիա կա...»: Բայց կանայք անդրդվելի էին. «Ի՞նչ խորը աբստրակցիա, այ հոպար, սա քայլող սատանայի արձան է»:

Ապա ոստիկանները հայտարարեցին, որ ակցիան ավարտված է և կանայք պետք է ցրվեն: Սա հավելյալ գրգռեց կանանց, և նրանք հայտարարեցին, որ իրենց քաղաքում իրենք որտեղ ուզենան կարող են կանգնել: Ոստիկաններն իրար նայեցին` կանայք «պրինցիպի» ճիշտ էին, իսկ եթե հաշվի առնենք նաև օրվա խորհուրդը` միանգամայն իրավացի: Բայց պետք էր արձանը վերջապես «մաքրել» կարմիր կտորից ու Նիկոլենց նկարներից, ինչը հնարավոր չէր անել ցուցարարների ներկայությամբ: Եվ ոստիկանները «խոդի տվեցին կռիսականը»` սկսեցին բարձր բղավել և սպառնալ, որ թույլ չեն տալու արձանի վրա «կետչուպ» շպրտել: «Սրանք ի՞նչ ոստիկան, սրանք պուտանկա են»,- ի պատասխան ոստիկանական սպառնալիքի` լսվեց ցուցարարների միջից: Այս «պուտանկա» բառը հունից հանեց մի «կանաչ մարդուկի», որ կանգնած էր ոստիկանների մեջ:

«Արտահայտություններդ չափավորիր»,- գոռաց նա և կհարձակվեր ցուցարարների վրա, եթե ոստիկանական համազգեստով տղաները չբռնեին նրան: Եվ ճիշտ արեցին, որ բռնեցին: Բանն այն է որ «պուտանկան» այն չէ, ինչ մտածում էր «կանաչ մարդուկը»: Պուտանկան խառը հանգույցներով գործվածք է, որ այդպես է կոչվում խառնաշփոթ հատերի պատճառով` «путаница»: Մինչդեռ այն, ինչ մտածում էր «կանաչ մարդուկը», սովորաբար բնութագրվում է «պուտանա» բառով: Իսկ Պուտանան մի չար ու վատ կին է հնդկական դիցաբանության մեջ, որ ուզում էր սպանել Բուդդային: Ավելի ուշ այդ կինը հայտնվել է նաև հունական դիցարանում և անտիկ շրջանի գրականության մեջ, իսկ հետագայում, հիմնականում իտալերենի շնորհիվ, Պուտանա անվամբ տարածվում նաև այլ ժողովուրդների մեջ:

Եվ ուրեմն` հուսամ, որ ինձ հաջողվեց այս մեկնաբանությամբ հարթել կին ցուցարարների և ոստիկանների վեճը, բայց այն, ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին խորհրդանշող արձանին տրված «որակումների» մեկնաբանությանը, ապա այդ ուղղությամբ դեռ պետք է աշխատել մասնագետների հետ: