Քրեական գործ է հարուցվել «Սանիտեք» ընկերության դեմ

Քրեական գործ է հարուցվել «Սանիտեք» ընկերության դեմ

ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Սանիտեք» ընկերության դեմ։ Այս մաիսն տեղեկանում ենք դատախազության տարածած հաղորդագրությունից։ Դատախազությունից նշում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում  ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիտեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեք SARL»  ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար: Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր:

 

Բացի այդ, անտեսվել է այն հանգամանքը, որ հիմնական պայմանագրերով նախատեսված՝ ծառայությունների մատուցման նպատակով տարեկան համաձայնագրերի կնքման պայման է հանդիսանում բանկի կամ վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխիքի ներկայացումը: Մինչդեռ 10 ու 12 տարի գործողության ժամկետներով կնքված պայմանագրերով 2014թ. սկսած յուրաքանչյուր տարվա համար պայմանագրի գինը սահմանող համաձայնագրեր են կնքվել նման երաշխիքի բացակայության պայմաններում: Այդպիսով համայնքը զրկվել է բանկային երաշխիքի չափով գումար ստանալու հնարավորությունից, իսկ ընթացքում ոչ պատշաճ կատարված կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները և ծառայությունները ապահովել է իր միջոցներով: Դրա հետևանքով Երևանի համայնքը կրել է 1.607.721.900 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:

 

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2013 և 2015թթ. կնքված 2 պայմանագրերով նախատեսված է եղել ընդհանուր 16.000 հատ 1100 լիտրանոց մետաղական, անվավոր կոնտեյներների (աղբարկղների) մատակարարման և տեղադրման, աղբի հավաքման և հեռացման, ինչպես նաև դրանց լվացման, վնասված մասերի վերանորոգման և փոխարինման աշխատանքներ, որոնց համար յուրաքանչյուր տարի վճարվել է շուրջ 1.805.000.000 ՀՀ դրամ: Սակայն Երևանի քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքագրվել է ընդամենը 5170 հատ կոնտեյներ, որոնցից միայն 99-ն են եղել մետաղական: Բարվոք վիճակում է եղել միայն 2553 հատը, թեև Կապալառուն պարտավորված է եղել յուրաքանչյուր կոնտեյներ, որը մաքրում, պահպանմանն ուղղված գործողություններ կամ վերանորոգում կպահանջի, միանգամից փոխարինել նույն կամ նմանատիպ մաքուր ու սպասարկման ենթակա կոնտեյներով:

Դատախազությւոնը չարաշահումներ է հայտնաբերել կոնտեյներների (աղբամանների) քանակի և դրանց դիմաց կատարած վճարումների հարցում՝ արձանագրելով, որ 2014թ. սկսած Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերով ձեռք են բերել և տեղադրել ընդամենը 9907 հատ 1100 լիտրանոց կոնտեյներներ:

Հաղորդագրության մեջ այլ խախտումների մասին ևս խոսք կա։

 

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներում առկա են հանցագործությունների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող  բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով,  178-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: