Կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրությունը դեռ չի սկսվել

Կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրությունը դեռ չի սկսվել

Կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն է սկսվելու։ Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն էլ մոտ 20 օր առաջ «Հրապարակի» հետ զրույցում հայտնել էր, թե այդ արտադրությունը սկսելու դետալներն են արդեն հստակեցնում։ Հիշեցնենք, որ պետությունն ինստիտուտին խոստացել էր մի քանի հարյուր հազար դոլար արժողության հումք տրամադրել՝ կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն սկսելու համար։ Ինստիտուտի տնօրենի էջի այդ լուրով կիսվել էր նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2019 թվականի հոկտեմբերի 17-ից Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ «լավ լուր» հեշթեգով, եւ ամեն կողմից հնչում էին շնորհավորանքներ։

Երեկ մենք կրկին զանգահարեցինք պարոն Առաքելյանին՝ տեղեկանալու, թե ինչ վիճակում է նախագիծը, արտադրությունը սկսվե՞լ է։ Արսեն Առաքելյանը կրկին ասաց՝ ընթացքում է։ Տնօրենը հավելեց, որ ստացել են դրա համար անհրաժեշտ նյութերի որոշ մասը, սպասում են մյուս մասին, որ սկսեն թեստերի արտադրությունը։ Ստացված նյութերը Չինաստանից են։ Երկրորդ մասը Հայաստան գալու է մայիսի 12-ի շրջանում։ «Իսկ հիմա փորձարկում ենք այն նյութերը, որոնք ստացել ենք։ Ստուգում ենք թեստերի առանձին կոմպոնենտների աշխատանքի արդյունավետությունը։ Մարդկանց վրա՝ չէ, լաբորատոր պայմաններում է կատարվում այդ աշխատանքը։ Հիվանդներից անջատված վիրուսների հետ մենք չենք աշխատում»,- մանրամասնեց ինստիտուտի տնօրենը։ Նրան հարցրինք նաեւ՝ այն, որ երկրորդ խմբաքանակը Հայաստան գալու է մայիսի կեսերին, արդյոք ֆորսմաժոր չէ՞, ավելի շուտ չէի՞ն սպասում դրանց։ «Չէ, չէի ասի, որ ֆորսմաժոր է, ընթացիկ պրոցես է, մեկ օրվա մեջ չի լինում»,- պատասխանեց տնօրենը։

Կարանտինը շուտով ավարտվում է, պիկը հնարավոր է չլինի կամ մոտ ապագայում վերջանա, արդյոք անիմաստ չէ՞ր այդ արտադրության կազմակերպումը։ Տնօրենի կարծիքով, իհարկե, ոչ, քանի որ «պիկը վերջանում է՝ չի վերջանում, ե՞րբ է վերջանալու, մենք չգիտենք, երկրորդը՝ ամեն դեպքում, թեստավորման քանակները պետք է շատանան, անգամ եթե մենք տեսնում ենք, որ նվազում է»։ Արսեն Առաքելյանը նաեւ մանրամասնեց, որ արտադրությունը հիմնվել է հենց ինստիտուտում՝ հատուկ տարածքում։ Աշխատակիցները լինելու են ինստիտուտի գիտաշխատողները, որոնք՝ կախված նրանից, թե օրական քանի թեստ կարտադրվի, կլինեն 5-10 հոգի։

Տնօրենին նաեւ հարցրինք՝ նախատեսո՞ւմ են բուժված հիվանդների եւ հակամարմինների ստուգումն արձանագրող թեստերի արտադրություն, որպեսզի նաեւ երկրի առողջապահական համակարգը պատկերացում ունենա, թե բնակչության որ հատվածի մոտ է ձեւավորվել իմունիտետ։ Տնօրենի խոսքով՝ այս պահի դրությամբ չեն նախատեսում։ Ամեն դեպքում տպավորություն է, որ թեստերի արտադրության հայտարարությունն ավելի շատ փիառ նպատակներ ուներ, ոչ թե կիրառական եւ ուղղված էր հասարակությանը հանգստացնելուն, այլ ոչ թե կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարին։