Հորդորում ենք` անհապաղ վերականգնել լրագրողների աշխատանքի հնարավորությունը․ հայտարարություն

Հորդորում ենք` անհապաղ վերականգնել լրագրողների աշխատանքի հնարավորությունը․ հայտարարություն

ԱԺ-ում այսօր տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո, երբ իրար քաշքշող ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներին հանդարտեցնելու համար Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ կանչեց անվտանգության մեծաթիվ աշխատակիցների, ապա քիչ անց հրահանգեց ընդհատել ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը, սահմանափակվել է նաև լրագրողների աշխատանքը։
Նրանց թույլ չեն տվել և այժմ էլ արգելում են մուտք գործել օթյակ, որը նախատեսված է հենց լրագրողների համար։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին հրահանգվել է` արգելել լրագրողների մուտքը տվյալ տարածք։
Անվտանգության աշխատակիցները վերը նշված միջադեպի ընթացքում ևս խոչընդոտել են նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը։ Մասնավորապես, փորձել են թույլ չտալ նկարահանել նիստերի դահլիճում տեղի ունեցողը, այն դեպքում, երբ դա տեսանելի էր նաև ուղիղ եթերում, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ չէր հրահանգել անջատել ուղիղ հեռարձակումը։
Այժմ խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողները, որոնք մինչ այս էլ իրենց դժգոհությունն էին հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած սահմանափակումներից՝ խորհրդարանում իրենց աշխատանքին վերաբերող, անորոշ վիճակում են և չգիտեն՝ ինչպես պատշաճ իրականացնել իրենց մասնագիտական պարտականությունները։
«Հանուն չորրորդ իշխանության» ՀԿ-ն հորդորում է իշխանություններին և ԱԱԾ ՊՊԾ ծառայողներին` անհապաղ վերացնել ԶԼՄ աշխատանքի խոչընդոտները, վերականգնել լրագրողների աշխատանքի հնարավորությունը։ Ինչպես նաև զգուշացնում են, որ նման դեպքի կրկնության դեպքում «Հանուն չորրորդ իշխանության» ՀԿ-ն կկիրառի բոլոր միջոցները` լրագրողների իրավունքների վերականգնման և պաշտպանության համար։