Լրատվադաշտը կարգավորելու իշխանությունների քայլերը անիմաստ են ու ոչ պրոֆեսիոնալ

Լրատվադաշտը կարգավորելու իշխանությունների քայլերը անիմաստ են ու ոչ պրոֆեսիոնալ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցում։ Սա՝ բուքմեյքերական ընկերությունների գովազդներն արգելելու օրենքից հետո։ 

«Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանն այս առնչությամբ բավականին կոշտ էր արտահայտվել՝ ասելով․«Դուք արդեն մեզ հոգնեցրել եք, հանգիստ թողեք մեզ, թողեք հանգիստ ապրենք եւ աշխատենք: Մենք աջակցել ենք հեղափոխությանը, բայց չէինք ուզում, որ լիներ այսպիսի արդյունք: Եթե դատարկագլուխ մարդիկ նստած են խորհրդարանում եւ չեն հասկանում այն օրենքները, որն իրենք էլ մտածում են, ինքներդ ձեզ մեղադրեք»։ «Հրապարակը» իշխանությունների կողմից մամուլի համար հորինված հերթական «պադլյանկայի» մասին զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։

-Պարոն Նավասարդյան, ինչու՞ են իշխանությունները նման քայլերի դիմում, տպավորություն է, որ նստում մտածում են՝ էլի ինչ վատություն անեն։

-Ես էլ եմ կարծում, որ այդ սահմանափակումները հիմնավորված չեն, որ այդ՝ վարկերի տրամադրումից հետո հնարավոր է կանխել այլ միջոցներով, այլ ոչ թե սահմանափակելով լրատվամիջոցների եկամուտների աղբյուրները։ Այդպիսի  փորձեր եղել են բազմիցս, սկսվել էին ժամանակին ոգելից խմիչքների գովազդի սահմանափակմամբ, որը ինչպես պրակտիկան ցույց տվեց, առանձնապես ազդեցություն չունեցավ հասարաակության վրա։ Եվ  հիմա տեսնում ենք, որ նաև այլ ոլորտներում նույն կարգի, իմ գնահատամբ, անիմաստ նախաձեռնություններով են հանդես գալիս։ Կարծում եմ՝ այն իրավիճակում, որում գտնվում են Հայաստանի լրատվամիջոցները, այդ կարգի էքսպերիմենտներ, որոնք իրենց հետևում չունեն հնարավոր  արդյունավետության շուրջ հստակ ուսումնասիրորթյուններ, ուղղակի անթույլատրելի են։

-Վերջերս այս իշխանությունների վերաբերյալ մի այսպիսի կարծիք լսեցի, որ նման են մանուկների, որոնք սիրում են քանդել խաղալիքը, որպեսզի պարզեն, թե ներսում ինչ կա։ Մենք կարող ենք իշխանությունների փորձարկումներին հենց այդպսի որակումներ  տալ։

-Կարծում եմ՝ դա շատ պատկերավոր ձևակերպում է։ Ես այն գնահատականը կտայի, որ մեր լրատվական դաշտում կան բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ, որոնցով պետք է զբաղվել։ Բայց այս ամենին պետք է հասցեագրել շատ հստակ հայեցակարգային մոտեցումների վրա հիմնված նախաձեռնություններ։ Եվ  առայժմ այս կարգի մտածված և համալիր մոտեցում և համապատասխան արձագանք ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր իշխանություններից մենք չենք տեսնում։ Միևնույն ժամանակ, իրականացվող քայլերը կարող են Հայաստանում լրատվամիջոցների զարգացման և խոսքի ազատության որոշակի խորընդոտ հանդիսանալ։

-Իսկ ի՞նչ եք կարծում, խնդիրն ինչ է, իշխանությունը մամուլից վտա՞նգ է տեսնում։

-Ոչ միայն իշխանությունը, այլև կարծում եմ՝ տարբեր ճամբարների քաղաքական գործիչներ և հասարակության ներկայացուցիչներ որոշակի տագնապ այս լարված իրավիճակի հետ, որը կա լրատվական ոլորտում, արտահայտում են։ Եվ եթե չեմ սխալվում, դրա մասին սկսցին ավելի շատ խոսել նույնիսկ ընդդիմադիր  քաղաքական գործիչները և հետո այդ մտահոգությունների արտահայտմանը միացան նաև իշխանությունների ներկայացուցիչները։ Այդ խնդիրները իրոք կան, բայց ինձ թվում է՝ մոտեցումն է ոչ պրոֆեսոինալ և նաև այդ մոտեցումը՝ ինչ-որ վճռական քայլերով մի քանի ամիսների ընթացքում լուծել բոլոր խնդիրները։