Պետբյուջեի ծախսերից՝ ժողովրդավարությանը

Պետբյուջեի ծախսերից՝ ժողովրդավարությանը

«Հրապարակ»-ը պարզել էր, որ յուրաքանչյուր հաջորդ տարի նախորդի համեմատ 60-70 միլիոն դրամով (մոտ 150 հազար ԱՄՆ դոլար) թանկանում են Փաշինյանների և մեկ երկու այլ ընտանիքներին պահելու պետական ծախսերը: Խոսքը «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին (կամ կառավարական դաչաներին) պետբյուջեից հատկացվող գումարների մասին է: Կոնկրետ այս տարի փոխանցվել է շուրջ 603 միլիոն դրամ: Իհարկե, ճիշտ կլիներ, որ «ժողովրդավարական բաստիոնի» հիմնադրի ընտանիքն ապրեր սեփական տանը, ինչպես ապրում են իրական ժողովրդավարական երկրների ղեկավարները: Եվ ոչ թե այնպես, ինչպես ապրում է, եթե առաջնորդվենք նիկոլական պատկերացումներով, բռնապետական հյուսիսային երկրի ղեկավարը: Ոնց որ թե չի սազում, չէ՞, լինել մինչև ուղնուծուծը ժողովրդավար ու ապրել բռնապետի նման: Այն էլ Հայաստանի նման աղքատ պետության բյուջեի հաշվին: 

Բայց պետբյուջեն աղքատ է այն նպաստառուների ու թոշակառուների համար, ովքեր ստանում նվազագույն գումար: Սակայն, որքան հասկանում եմ, պետբյուջեն բավարար չափով հարուստ է այն չինովնիկների համար, որոնց եկամուտները (աշխատավարձը՝ պարգևավճարներով հանդերձ), կազմում են 1-2 միլիոն դրամ: Այսինքն, նվազագույնից (թոշակի կամ նպաստի առումով) 25-ից 50 անգամ ավելի: Ենթադրում եմ, որ հսկայական տարբերությունը ևս նիկոլական «ժողովրդավարության» հիմնական հատկանիշներից մեկն է:

Սակայն «ժողովրդավարական բաստիոնի» առանցքային հատկանիշը, հաստատապես, տոնական հանդիսությունների անցկացումն է: Ճիշտ այնպես, ինչպես Հին Հռոմում, եթե, հատկապես, հացը (տվյալ դեպքում փողը) չի բավարարում բոլորին հավասարապես բաշխելու համար: Ինչ մնում է պատերազմում պարտված (այն էլ խայտառակ) լինելուն, ապա դա ոչ միայն չի խանգարում հանդիսություններ  կազմակերպելուն, այլև օգնում է դա ավելի ճոխ դարձնելուն: Այն աստիճան, որ եվրոպական հարուստ երկրների մայրաքաղաքներն ամոթով մնան: Այդ ճոխությունների արանքում, բնական է, եթե կիքսեր պատահեն: Ինչպես, օրինակ, տեղի ունեցավ ամերիկյան ռեփեր և դերասան Սնուփ Դոգի առումով: Վերջինս ստացավ իրեն հասանելիք 6 միլիոն գումարը (ԱՄՆ դոլարով և ոչ թե ՀՀ դրամով)՝ առանց նախատեսված համարգը տալու: Բայց դե նրան կարող ենք «տեղավորել» ոչ թե նվազագույնին մոտ թոշակ ու նպաստ ստացողների, այլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնավորների շարքում: Իսկ եթե որևէ մեկի մտքով անցնի, որ դա չաշխատած գումար էր, ապա ես կզարմանամ, թե հայաստանյան որ չինովնիկի եկամուտն է իրոք վաստակված:

Ի դեպ, գրեցի Սնուփ Դոգի մասին, ու հիշեցի, որ 4 տարի առաջ վերջինս հայհոյում էր այն անձանց, ովքեր ԱՄՆ գործող նախագահ Թրամփին ձայն տալուց հետո էլ մնացել էին նրա կողքին. հիշեցնեմ, որ Թրամփը չէր վերընտրվել: Իսկ մի երկու օր առաջ էլ նույն ոգևորվածությամբ դրական կարծիք էր հայտնել վերջինիս մասին՝ հիմնավորելով դա իր գործընկերոջը ժամանակին ներում շնորհելու հանգամանքով: Եվ Դոգի նման անձին անցյալ տարեվերջին վարչապետի գրասենյակը 6 միլիոն դոլար էր տվել, որպեսզի իր հայրենիքում նա, ըստ նույն գրասենյակի, հանրահռչակեր Հայաստանը: Հետաքրքիր է՝ Հայաստա՞նը, թե՞ Հայաստանի գործող իշխանությունը: 

Ինչ մնում է Սնուփ Դոգի կողմից դիրքորոշում փոխելուն, ապա դա, ենթադրաբար, նորմալ է մեծ, հզոր ու հարուստ Միացյալ Նահանգներում: Բայց զարմանում եմ, որ նորմալ է նաև այդ երկրի, դեռևս գործող, ղեկավարին հայհոյելու առումով: Ու զարմանում եմ, թե ինչու նրա նկատմամբ ամերիկյան իրավապահները ժամանակին քրեական գործ չեն հարուցել: Թե՞, այնուամենայնիվ, իշխանության ներկայացուցիչների հասցեին սոցկայքերում փիս-փիս խոսքեր գրելու համար պատժում են միայն ժողովրդավարական «բաստիոններում»: Կարծում եմ, որ արևմտյան կիսագնդում ժողովրդավարության առումով ինչ-որ բացթողում է եղել, ու շտապ անհրաժեշտ է, որպեսզի այնտեղ զբաղվեն այդ լուրջ հարցով: Իսկ օգնության կարգով էլ կարող են այստեղից ԱՄՆ գործուղել համապատասխան մասնագետներին: