Աժ-ում թեժ է լինելու. նիստ են հրավիրել

Աժ-ում թեժ է լինելու. նիստ են հրավիրել

Հունվարի 17-ին խորհրդարանը կգումարի նոր տարվա անդրանիկ նիստը: Երեկ ԱԺ խորհրդի նիստ է հրավիրվել, որի ընթացքում հաստատվել է առաջիկա նիստերի օրակարգը: Նիստը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, որն այսօր՝ հունվարի 15-ին խորհրդարանական պատվիրակության հետ 5-օրյա այցով կմեկնի ԱՄՆ :

Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց:

Լրացում է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի 010-Լ որոշման մեջ, որով ստեղծվում է Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ: Հիշեցնենք՝ տարեվերջին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հարցը դրական եզրակացության էր արժանացել եւ հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ Չեռնոգորիայի խորհրդարանում դեռեւս ամռանը նախաձեռնվել է Չեռնոգորիա-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորման գործընթաց:

Ինչ վերաբերում է ԱԺ օրակարգին, ավելի քան երկու տասնյակ նախագծերի շարքում են մի քանի կարեւորագույն պաշտոնների ընտրությունները՝ ՄԻՊ, ԿԲ նախագահի տեղակալի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի :