Ուսումնասիրված չեն բուհերի առանձնահատկությունները, միավորման դեպքում՝ ռիսկերը

Ուսումնասիրված չեն բուհերի առանձնահատկությունները, միավորման դեպքում՝ ռիսկերը

Դեռեւս սեպտեմբերի 1-ին, կառավարության նիստում անդրադառնալով բուհական համակարգին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են, ուստի պատրաստվում են գնալ բուհերի խոշորացման եւ որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված գիտահետազոտական պետական բուհ, որոնք էլ կտեղափոխվեն Աշտարակում կառուցվելիք ակադեմիական քաղաք։ Բայց մինչեւ ակադեմիական քաղաք կառուցելը, պետությունը ձեռնարկել է բուհերը միավորելու գործընթաց։

Անցած շաբաթ պարզ դարձավ, որ ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսվում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը միավորել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին։ 

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է համոզիչ կառավարության, նախարարության այն հիմնավորումը, որ այս միավորումը նպատակ ունի բարելավել բարձրագույն կրթության որակը։ «Որեւէ մանրամասն հիմնավորում թե՛ կառավարությունից, թե՛ նախարարությունից, որ բուհերի միավորումը կբարձրացնի կրթության որակը, ես չեմ տեսել։ Ու, փաստորեն, բոլորն անակնկալի են եկել, այսինքն՝ որոշումը կայացվել է առանց այդ կարեւոր շահառուների կարծիքը հաշվի առնելու, նրանց կարիքները գնահատելու եւ հասկանալու, որովհետեւ, որքան լսում եմ Բրյուսովի համալսարանի ուսանողներին, դասախոսներին, տեսնում եմ, որ նրանց մոտ կա մանկավարժության բլոկ, բայց կան նաեւ բազմաթիվ կրթական ծրագրեր, որ մանկավարժի որակավորում չեն առաջարկում, հետեւապես, ի՞նչ են լինելու այդ կրթական ծրագրերը, ուրիշ բուհերի հե՞տ են միավորվելու․․․․»։

Մ․ Սողոմոնյանը կարծում է, որ այսօր թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում բուհերի համագործակցությունը, համատեղ կրթական ծրագրեր իրականացնելը, ինչ-որ տեղ՝ միավորելը կարող են լինել նաեւ արդարացված, բայց այդպիսի որոշման հիմքում անհրաժեշտ է փաստարկված, մանրակրկիտ ձեւով կատարված հետազոտություն․ «Օրինակ, երբ մանրամասն ուսումնասիրեն տվյալ բուհերի կատարողականները, կրթական ծրագրերի վերջնարդյունքները, թե որքանով են կարողանում ապահովել, եւ, ելնելով դրանից, 1-2 բուհի լավագույն դասախոսներին միատեղել ընդհանուր կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Այդ ամեն ինչը վատ չի լինի, բայց դա պետք է լինի փուլ առ փուլ, քայլ առ քայլ՝ մարդկանց համար տեսանելի։ Բայց այսպես մարդկանց համար տեսանելի չէ, ավելին՝ մարդիկ շոկի մեջ են, նրանց կարծիքը ոչ ոք չի հարցրել, չեն ուսումնասիրվել բուհերի առանձնահատկությունները, միավորման դեպքում՝ ռիսկերը, հնարավորությունները։ Գրված չէ, թե միավորման պարագայում ինչ է տեղի ունենալու, արդյո՞ք կրթական ծրագրերն ամբողջանալու են, թե ոչ։ Եվ եթե նպատակը պարզ խոշորացում կատարելն է, քանի որ մինչեւ 2030-ի կրթական ծրագրում պետք է 8 պետական բուհ լինի, զուտ իրենց խոսքը կատարելն է, դա արդեն երեխայություն է»։

Զրուցակիցս նկատում է, որ 21-րդ դարում կրթության կազմակերպումը պետք է սկսել պետության, հասարակության կարիքները գույքավորելուց․ «Եվ, ըստ այդմ, սահմանել, թե ինչ մասնագետներ են պետք, ու քանի մասնագետ է պետք տարեկան կտրվածքով՝ սեւեռվելով առաջին հերթին պետության անվտանգային կարիքների վրա, որովհետեւ այսօր ամենակարեւոր բանը, ինչի կարիքը մեր հասարակությունն ունի, անվտանգությունն է։ Հիմա՝ բարձրագույն կրթությունը կապ ունի՞ անվտանգության կարիքների իրացման հետ, իհարկե՝ ունի։ Ի՞նչ մասնագիտություններ են այսօր մեզ անհրաժեշտ, որ մեր անվտանգային կարիքներով պայմանավորված խնդիրներն ավելի շուտ լուծվեն։ Այսինքն՝ հարցին պետք է այս տեսանկյունից մոտենալ, եթե լինի այս մոտեցումը, գուցե արդարացված լինի ամբողջ Հայաստանի բուհերը մեկ բուհի մեջ միավորելը»։

Այս օրերին միայն միավորվող բուհերն են անհամաձայնություն եւ դժգոհություն հայտնում, բայց ակնհայտ է, որ այս «ուղտը բոլորի դռանն է չոքելու», ինչո՞ւ են լռում մյուս պետական բուհերը։ «ԵՊՀ-ի մասով նման սոլիդարության դրսեւորում չի կարող լինել, որովհետեւ ԵՊՀ ղեկավարն անմիջապես նշանակված է Նիկոոլ Փաշինյանի կողմից, ու այդ նշանակումներն էլ արված են ապօրինի ձեւով։ ԵՊՀ-ի պարագայում սա քաղաքական նշանակում է, եւ դրա համար ԵՊՀ ղեկավարը չի կարող որեւիցե ձեւով հակառակ գնալ այն կուրսին, որը տարվում է։ Իսկ թե ինչու մյուս բուհերը ձայն չեն բարձրացնում, շատ պատճառներ կարող են լինել։ Ես կարող եմ ընդամենը ենթադրություններ անել, գուցե իրենք չգիտեն՝ իրենց համար որ կարգավիճակը լավ կլինի՝ միացա՞ծ լինեն, թե՞ առանձին։ Հետո՝ մեր ժողովուրդը հաճախ առաջնորդվում է «իջիր ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը» գործելակերպով, այսինքն՝ քանի դեռ այդ ուղտը մեր դռանը չի չոքել, սուս մնանք, որ մեր դեմ չլարենք օրվա իշխանություններին, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինում։ Հաճախ բողոքները գնում են նրա համար, որովհետեւ մարդիկ վախենում են ղեկավար դիրք կորցնել, երբ հերթը հասնի նրանց, ենթադրելի է, որ նրանց մոտ էլ նման բաներ տեղի կունենան»։

Գուցե բուհերի խոշորացումը կրթականից դուրս՝ նախեւառաջ քաղաքական նպատակնե՞ր է հետապնդում՝ անհնազանդ ռեկտորներից ազատվել, բուհերի շենքերին տիրանալ։ «Ամեն ինչ հնարավոր է այս իշխանությունների պարագայում, այդ թվում՝ շենքերի ենթակառուցվածքները տնօրինելու հանգամանքը, հնարավոր է՝ մեկն ասել է, որ եթե նախկինում Վրաստանում նման բան արել են, եկեք մենք էլ անենք։ Ամբողջ խնդիրն այն է, որ որոշումը կայացվում է գաղափարի մակարդակում, կա գաղափար՝ կայացվեց որոշում, բայց որոշումը պետք է ոչ թե գաղափարի մակարդակում կայացվի, այլ որոշումը կայացնելու համար պետք է այդ գաղափարը հասունանա, բայց խնդիրն այն է, որ չեն թողնում հասունանա»։