«Երջանիկ» անգիտություն 

«Երջանիկ» անգիտություն 

«Kanal1» հեռուստաալիքի եթերում Ուկրաինայի զինված ուժերի (ՈՒԶՈՒ) շարքերում գտնվող ադրբեջանցի վարձկան, «Գորշ գայլեր» («Բոզկուրտ») նեոնացիստական խմբավորման անդամ Մագոմեդ Ջաֆարովը հայտարարել է, որ Ուկրաինայում նախատեսում են ստեղծել «Թյուրքական լեգեոն»։ Նոր կազմավորման մեջ կլինեն ադրբեջանցիներ, թուրքեր, Ղրիմի թաթարներ, ուզբեկներ եւ թյուրքական այլ ժողովուրդների ներկայացուցիչներ։ @wargonzo տելեգրամյան ալիքի տեղեկատվությամբ, վարձկանների հավաքագրումն ու մարտական նախապատրաստությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Թուրքիայի Իզմիր նահանգում, որտեղ, պատահական զուգադիպությամբ, գտնվում է «Գորշ գայլերի» ուսումնական բազան, ինչպես նաեւ Հարավ-եվրոպական ռազմական գործողությունների թատերաբեմի հարավ-արեւելյան հատվածի ՆԱՏՕ-ի միավորված ցամաքային զորքերի շտաբը:

Նույն աղբյուրի համաձայն՝ այս կազմակերպությունը շատ մոտ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ, ըստ էության, այդ կուսակցության երիտասարդական թեւն է:

Ուկրաինայի ադրբեջանցիների ռադայի գլխավոր քարտուղար Ջեյհուն Մամեդովի ասելով՝ ՈՒԶՈՒ-ի կողմից կռվում է մոտ 500 ադրբեջանցի, որոնցից 20-ն արդեն զոհվել են մարտական գործողությունների ընթացքում: Ի դեպ, ըստ @wargonzo-ի (այդ անվան ներքո հանդես եկող Սեմյոն Պեգովը մեզ ծանոթ է 44-օրյա պատերազմից), առաջին անգամ թյուրքախոս ղազախներով, ղրղզներով, ուզբեկներով, թուրքմեններով եւ կարակալպակներով համալրված Թուրքեստանյան լեգեոն էր ստեղծվել Գերմանիայում դեռեւս 1941 թ․ նոյեմբերին: Turk-Batallon 444 անվանումը կրող գումարտակը ռազմական գործողությունների էր մասնակցում Ուկրաինայի Զապորոժիեի տարածքում: 

Ուկրաինական պատերազմի առանձնահատկությունն այն է, որ ռուսական կողմից այն մղվում է ընդդեմ Կիեւի վարչակազմի եւ ուկրաինական զինուժի, իսկ ՈՒԶՈՒ-ի կողմից՝ ընդդեմ ռուսական զինուժի եւ ուկրաինական համարվող խաղաղ բնակչության: ՈՒԶՈՒ-ի հրամանատարությունը, հանուն հաղթանակի, հաշվի չի առնում հարձակումների ընթացքում սեփական կենդանի ուժի կորուստները: Դա հենց Արեւմուտքի դիրքորոշումն է: Այն, որ Ուկրաինայում մարդիկ են մահանում, եւ երկիրն է ավերվում, դա Արեւմուտքին բացարձակ չի հուզում (հոկտեմբերի 21-ին ՈՒԶՈՒ-ի կողմից գնդակոծվել է Դնեպր գետի վրայի գետանցումը՝ Խերսոնի խաղաղ բնակչության տեղահանման ընթացքում): Արեւմուտքն անընդհատ զենք է մատակարարում ուկրաինացիներին նաեւ այն պատճառով, որ սպառազինություն արտադրելն ու վաճառելը խիստ շահավետ բիզնես են:

Շահում է ե՛ւ արտադրողը, ե՛ւ պետությունը՝ մեկ այլ պետությանը սպառազինություն մատակարարելով: Այնպես որ, Արեւմուտքի համար առաջնային նպատակը ոչ թե Ուկրաինայի հաղթանակն է, այլ՝ Ռուսաստանի թուլանալն ու տրոհվելը: Որպեսզի հասկանալի լինի, որ դա նույն բանը չէ՝ բացատրեմ: Արեւմուտքը եւ Կիեւի գործող իշխանությունը որոշել են պայքարել ռուսների դեմ մինչեւ վերջին ուկրաինացին: Եվ եթե դրա արդյունքում հնարավոր լիներ տրոհել Ռուսաստանը, ապա դա կհամարվեր Արեւմուտքի հաղթանակը: Ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու «Պյուռոսյան հաղթանակը»:  

Խիստ զարմանալի է, սակայն Արեւմուտքում նոր են նկատել, որ Ռոմանովների թագավորական տան եւ նրան հաջորդած ԽՍՀՄ-ի վերացմամբ ռուսական կայսրությունը չի վերացել: Եվ որոշել են սրբագրել պատմական այդ «սխալը»՝ անկախանալու հնարավորություն ստեղծելով իրենց բնօրրաններում ապրող բազմաթիվ ժողովուրդների համար: Բայց վախենամ, որ Արեւմուտքի չափից մեծ ակտիվության դեպքում այդ սրբագրումն ունենա նույն արդյունքը, որն առկա է ուկրաինացիների առումով:

Ի դեպ, ռուսական ռազմական հատուկ գործողության սկզբից անցել է արդեն 8 ամիս, սակայն արդյունքում ոչ թե «ռուսահպատակ» ժողովուրդներն «արթնացել» են, այլ ավելի են միավորվել պետության ղեկավարի շուրջը: Նրա վարկանիշը, ըստ տարբեր սոցհարցումների, 80%-ից չի իջնում: Որպես օրինակ՝ կարող եմ բերել նաեւ չեչեններին, ովքեր կռվում են ընդդեմ ուկրաինացիների՝ ճիշտ նույնկերպ, ինչպես կռվում էին առաջին եւ երկրորդ չեչենական պատերազմների ընթացքում ընդդեմ ռուսների: 

Վերադառնանք մեր «ոչխարներին». այսօրվա չկողմնորոշումների հիմքում ընկած է նաեւ 100 տարի առաջվա մեր ժողովրդի պատմության չիմացությունը: Իսկ պատմական փաստերի իմացության դեպքում՝ պատմական զարգացումների տրամաբանությունը չգիտակցելը: Ինչը մեր գլխին կարող է բերել նույնի կրկնությունը: Հատկապես որ չիմացողների կամ չգիտակցողների «բանակը» գլխավորում է գործող իշխանության ղեկավարը: Ի վերջո, չեմ կարծում, թե Արեւմուտքը հասնելու է իր նպատակին, եւ Ռուսաստանը պարտվելու է այդ պատերազմում: Ինչը նշանակում է, որ արտաքին քաղաքական ուղղվածություն փոխելը եւ Հայաստանին Ռուսաստանի հետ թշնամացնելը լուրջ խնդիրներ են ստեղծելու մեզ համար: Ինչը, բնականաբար, օգուտ է մեր թշնամիներին, ովքեր ցանկանում են վերացնել մեր պետությունը, հայաթափել այս տարածքը եւս: Հատկապես, որ Արեւմուտքը մեր դեպքում եւ մեր տարածաշրջանում հանդես է գալիս առաջին հերթին Թուրքիայի դեմքով՝ ընդունեն դա ոմանք, թե ոչ: Սա այն է, ինչ չի գիտակցվում «8 րոպեում» ՀՀ-Ն ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ-ական բարեկամ երկիր երազողների կողմից: Ի դեպ, ԱՄՆ Կոնգրեսում սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարության նախագիծը դեռեւս քննարկման փուլում է: Հուսով եմ, որ այն մինչեւ տարեվերջ կընդունվի, եթե, իհարկե, ընդունվի: Փաստորեն, Կոնգրեսում Ադրբեջանին դատապարտող նախագիծն ավելի դժվար է ծնվում, քան բարեկամ երկիր հռչակվելունը: Սա այն դեպքն է, երբ, բացի «երջանիկ» անգետներից, այլ բնորոշում դժվար է գտնելը: