Արշակ Կարապետյանը երեւի կմիանա տեսակապով

Արշակ Կարապետյանը երեւի կմիանա տեսակապով

Շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանն` իր «Մենք գալիս ենք» հասարակական կազմակերպությամբ միացել է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի առաջնորդած «Համահայկական ճակատ» շարժմանը։ Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ առաջիկայում «Համահայկական ճակատ» շարժումը պատրաստվում է համանուն կուսակցություն ձեւավորել, եւ կուսակցության հիմնադրման աշխատանքներով զբաղվում է հենց Հովհաննես Շահինյանը: Իսկ ապրիլի 5-ին նախատեսվում է հիմնադիր համագումար հրավիրել «Մարիոթ» հյուրանոցում:

Մեզ հետաքրքրեց` արդյո՞ք Արշակ Կարապետյանը եւս ժամանելու է Հայաստան եւ մասնակցելու է համագումարին:

Զրուցել ենք Հովհաննես Շահինյանի հետ: 

- «Համահայկական ճակատ» շարժումը համանուն կուսակցություն է ձեւավորում, որի հիմնադիր համագումարը տեղի կունենա այս տարվա ապրիլի 5-ին` «Արմենիա Մարիոթում»: Մի փոքր պատմեք, թե ովքեր են ներկա լինելու համագումարին: Արշակ Կարապետյանը ներկա լինելո՞ւ է:

- Տեսակապի միջոցով` այո: Եթե չգա, կապի կմիանա տեսակապով:

- Հավանաբար իր հետ կապված գործեր կան հարուցվա՞ծ, դա՞ է պատճառը:

- Ես չգիտեմ անկեղծ ասած:

- Ովքե՞ր են հյուրերը:

- ՀՀ քաղաքացիները, կազմակերպությունները, ովքեր «Համահայկական ճակատ» շարժման հետ հուշագրեր ունեն ստորագրած, ուղղակի հյուրեր, կազմակերպություններ, որոնց հրավիրել ենք պարզապես, հենց այնպես, չունենք որևէ հուշագիր կնքած: Ուղարկել ենք, չգիտեմ, ով կգա:

- Ընդդիմադիր կուսակցություններին ուղարկե՞լ եք հրավեր:

- Մենք հայտարարություն ենք ուղարկել, վաղն էլ կուղարկենք: Խնդրեմ` ով ուզում է կարող է գալ, մենք սիրով բոլորին էլ կարող ենք դիմավորել ու խոսք տալ: 160 և ավելի կուսակցություն կա, շատ-շատ են, էդքանին չենք էլ կարող:

- Ընդդիմության հետ պատրա՞ստ եք համագործակցել, թե՞ դուք անկախ եք լինելու:

- Պետք է հասկանանք` ինչ նկատի ունենք ընդդիմություն ասելով, ովքե՞ր են նրանք:

- Օրինակ, խորհրդարանական ընդդիմության հետ:

- Հայրենիքի հետ կապված հարցերում բոլորի հետ էլ պատրաստ ենք համագործակցելու:

- Իսկ ՔՊ-ի հե՞տ:

- ՔՊ-ի հետ պատրաստ ենք միայն իրենց հրաժարականի ու հեռացման հարցով համագործակցել: Այլ օրակարգ նրանց հետ չի կարող լինել:

- Համագումարը բա՞ց է լինելու բոլորի համար:

- Այո, հո գաղութ չի՞, որ փակ լինի, լրագրողներին ևս հրավիրում ենք:

- Համագումարի օրակարգային հարցը ո՞րն է:

- Մեկ հարց է դրված` գործող իշխանությունների հեռացում:

- Ինչպե՞ս եք իշխանափոխությունը պատկերացնում:

- Մի տարբերակ կա, որը բացառում ենք` ընտրություններն են: Ընտրության ճանապարհով չի լինելու հեռացում: Մենք այս իշխանությանը վերարտադրվելու հնարավորություն չենք տալու: Իհարկե, մենք գիտենք, որ այս իշխանության վարկանիշը հավասարվում է զրոյի, սակայն ԿԸՀ-ն այս իշխանության ձեռքի խաղալիքն է ու առանց վարանելու, հեշտությամբ կարող է նկարչությամբ զբաղվել:

- Իսկ տեղյա՞կ եք, ովքեր են ձեր հրավերն ընդունել:

- Ոչ, ասել են` շնորհակալություն, բայց թե ովքեր կգան, ովքեր` չեն գա, չեմ կարող ասել: