Մի տարբերակ կա միայն, որը բացառում ենք` ընտրությունները

Մի տարբերակ կա միայն, որը բացառում ենք` ընտրությունները

Շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի «Մենք գալիս ենք» հասարակական կազմակերպությունը միացել է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի առաջնորդած «Համահայկական ճակատ» շարժմանը։ Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ առաջիկայում «Համահայկական ճակատ» շարժումը պատրաստվում է համանուն կուսակցություն ձեւավորել, եւ կուսակցության հիմնադրման աշխատանքներով զբաղվում է հենց Շահինյանը: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի հետ:

- Բավականին խառը ժամանակներ են, այժմ իշխանությունները ցանկանում են Տավուշից գյուղեր հանձնել թշնամուն: Ո՞րն է ձեր հիմնական նպատակը, ի՞նչ ծրագիր ունի նորաստեղծ կուսակցությունը, այդ շարժման հիման վրա ձեւավորվող կուսակցությունն ի՞նչ գաղափարներով է ասպարեզ գալիս:

- Արշակ Կարապետյանի կողմից ձեւավորվել է «Համահայկական ճակատ» շարժումը, շարժման քաղաքական թիվ մեկ օրակարգն իշխանությունների հեռացումն է` իշխանափոխությունը: «Համահայկական ճակատ» շարժումը նախաձեռնել է համանուն կուսակցության ձեւավորումը, որի հիմնադիր համագումարը տեղի կունենա այս տարվա ապրիլի 5-ին` «Արմենիա Մարիոթում»: Համագումարի կազմակերպչական աշխատանքների համար նախաձեռնող խումբ է ստեղծվել, խմբի աշխատանքները կատարում է ձեր խոնարհ ծառան` Հովհաննես Շահինյանը:

- Տեղեկություններ են շրջանառվում, որ տարբեր մարդիկ են ձեր թիմին միանում, օրինակ` Էդմոն Մարուքյանը, ով վերջերս հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվեց:

- Ես նման տեղեկություն չունեմ, առաջին անգամ եմ լսում այդ մասին: Դրանք ասեկոսեներ են, որոնց պակասը չկա այսօր: Եթե մեզ միացած լինեին, կլիներ համապատասխան հայտարարություն: Եվ հետո՝ միանալը ո՞րն է, եթե մարդիկ ցանկանում են այս չարիքի դեմ մեզ հետ համատեղ պայքարել, ապա մեր սրտում, մեզ մոտ ունեն տեղ, սակայն այն, ինչ Դուք նշում եք, զուտ ասեկոսե է: Եթե լիներ նման բան, ես հաստատ կիմանայի:

- Որոշում կա՞, թե ով է լինելու կուսակցության նախագահը:

- Մեզ մոտ նման մրցակցություն չկա: Կապ չունի, թե ով կլինի: Մեր պայքարի նպատակն իշխանափոխությունն է, կուսակցության նախագահի կռիվ չկա: Բոլորն էլ իմ զինակից ընկերներն են, ոչ մի տարբերություն: Այնպես չէ՝ մեր նպատակը զուտ կուսակցություն ստեղծելն ու դա ղեկավարելն է։ Ոչ:

- Իսկ ի՞նչ եք ծրագրել` իշխանափոխության հասնելու համար: Ի՞նչ եք անելու նպատակին հասնելու համար:

- Մի տարբերակ կա, որը բացառում ենք` ընտրություններն են: Ընտրության ճանապարհով չի լինելու հեռացում: Մենք այս իշխանությանը վերարտադրվելու հնարավորություն չենք տալու: Իհարկե, մենք գիտենք, որ այս իշխանության վարկանիշը հավասարվում է զրոյի, սակայն ԿԸՀ-ն այս իշխանության ձեռքի խաղալիքն է ու առանց վարանելու, հեշտությամբ կարող է նկարչությամբ զբաղվել:

- Այս պահի դրությամբ քանի՞ քաղաքացի է դիմել ձեզ` կուսակցությանն ու շարժմանը միանալու համար:

- Ձեւավորման փուլում արդեն մի քանի հարյուր քաղաքացի ցանկություն է հայտնել անդամակցել կուսակցությանը, հետագայում արդեն` պաշտոնական գրանցում ստանալուց հետո, կարող են ընդգրկվել կուսակցության շարքերը: Այս պահին նրանք մեր համախոհներն են եւ պատրաստվում են մասնակցել համագումարի աշխատանքին: Ինչ վերաբերում է բուն շարժմանը, ապա տասնյակ կազմակերպություններ` ՀԿ-ներ, կուսակցություններ, ինչու չէ` մտավորականներ, հանդիպել են գեներալ Արշակ Կարապետյանի հետ:

- Կնշե՞ք մի քանի անուն:

- Այդ մասին ընթացքում բոլորն էլ կիմանան: Յուրաքանչյուր հայ, ով տեսնում է Արշակ Կարապետյանի գործունեությունը, առերեսվում է նրա գաղափարներին, կարող է նման որոշում կայացնել եւ երբեք չամաչել իր կայացրած որոշման համար: Նա այնպիսի պետական եւ ռազմական գործիչ է, ով ունի հստակ ծրագիր՝ մեր սահմաններն ու դիրքերը պաշտպանելու համար: Նա ոչ միայն սպառազինության ու ռազմական մեթոդներով է ծրագրեր կազմել, այլեւ միջազգային հարթակներում է որոշակի գործողություններ իրականացրել:

- Եկեք մի փոքր էլ Ձեր մասին խոսենք: Տպավորություն է, թե Դուք քաղաքական փնտրտուքի մեջ եք: Նախ՝ ՀՀԿ-ի հետ էիք, հետո Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի համակիրներից էիք, ամիսներ առաջ էլ «Հանրային ձայնին» էիք աջակցում: Վստա՞հ եք, որ այս անգամ վերջնական է Ձեր ընտրությունը:

- Ես համագործակցում եմ բոլոր նրանց հետ, ովքեր մտահոգ ու սրտացավ են եւ պատրաստ են ռեալ գործողություններ անել՝ իմ հայրենիքը, իմ ազգն այս կործանումից փրկելու համար: Անգամ եթե վրացի էլ լինի, կհամագործակցեմ հետը:

- Ձեր նախորդ «համակրանքը»` «Հանրային ձայնը», միացել է ՔՊ-ին եւ ամեն ինչ անում է՝ երեւանցու կյանքը քաոսի վերածելու համար: ՔՊ-ի բոլոր «սեւ գործերի» քվորում ապահովողը «Հանրային ձայնն» է: Սա՞ է նրանց սրտացավությունը:

- Ի՞նչ է արել:

- Չե՞ք հետեւում պրոցեսներին` ինչպես ընտրեցին Ավինյանին, թանկացրին տրանսպորտը, կարմիր գծերը:

- Եթե քվորում չապահովեին, կյանքի չէ՞ր կոչվելու:

- Ոչ, իհարկե` այդքան ձայն ՔՊ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը չունեն:

- Դե, 2018-ին այնպիսի ուժեր միացան ՔՊ-ականներին, որ զարմանալի էր ուղղակի: Ինչ է՝ նորաստեղծ կուսակցությունը չի՞ կարող սխալվել: