Ընդդիմության դերն ԱԺ-ում

Ընդդիմության դերն ԱԺ-ում

Նախորդ տարի թե՛ Ֆեյսբուքում եւ թե՛ «Հրապարակ»-ում առաջարկ էի արել, թե ինչ կարող են անել ընդդիմադիր պատգամավորները խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Գաղափարն այն էր, որ ողջ խմբակցությունը կամ նույնիսկ երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին մի լուրջ թեմա վերցնեն ու հարցախեղդ անեն Նիկոլին: Ընդ որում, յուրաքանչյուրի հարցը պետք է կախված լիներ նույն թեմայի վերաբերյալ նախորդի պատասխանից: Մի անգամ այդպիսի գիծ տարվեց` թեթեւ տարբերակով: Այսինքն, նույն թեման արծարծվեց երկու հոգու կողմից: Իսկ հետո դա մոռացվեց՝ ինչպես ամեն լավ կամ հաջող բան կյանքում: 

Այդ առաջարկի իմաստը ոչ միայն «մեծարգո վարչապետին» հարցախեղդ անելն էր, այլեւ իրենց ներկայությունն այդ շենքում արդարացնելը: Քանի որ մանդատներ ցած դնելը հեշտ բան չէ, եւ արդյունավետությունն էլ հստակ չէ, ապա անհրաժեշտ է գոնե ԱԺ այցելելը Նիկոլի համար սարքել ամենատհաճ «արարողությունը», ինչը չէին կարողանա չեզոքացնել նույնիսկ կառավարության՝ արարողակարգի գծով իրար հաջորդող պատասխանատուները: Իսկ եթե ավելի լուրջ՝ ապա դրան դժվար թե ինչ-որ բան դեմ տար պոպուլիզմի հայոց պրոֆեսիոնալը: Ինչն էլ, իր հերթին, հանգեցնելու էր նրա՝ երերացող հեղինակության վերջնական անկմանը թե՛ հայաստանյան կիսագրագետ զոմբիների եւ թե՛ հատկապես արեւմտյան «ժողովրդավարությունների» աչքում: Եվ ընդդիմադիրների մնալը խորհրդարանում գոնե կարդարացներ իրեն:

Ընդդիմադիր պատգամավորների կողմից կարող է կարծիք հնչել, որ դա կարող էին անել նաեւ օբյեկտիվ լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողները: Բայց վերջիններիս դեպքում շատ ավելի դժվար է այդ առումով կազմակերպվելը, քանի որ յուրաքանչյուր լրատվամիջոց ունի սեփական առաջնահերթությունները, բացի դրանից, նրանց միջեւ առկա է մրցակցություն, ինչը նորմալ երեւույթ է: Եվ լրատվամիջոցները ոչ թե քաղաքական խնդիր են լուծում, այլ՝ լրատվական: Այս գործոնների պատճառով այդ գործն առաջ տանելն ավելի դժվար կլիներ:

Ընդ որում, թեմաներ ընտրելիս պատգամավորները կարող են առաջնորդվել թե՛ տվյալ պահի օրախնդրությամբ եւ թե՛ դիտարկելով լրատվական կայքերը: Միայն «Հայաստան» խմբակցության (29 անձ) պատգամավորների օգնականների քանակը բավարար է, որպեսզի մոնիթորինգի ենթարկվեն լրատվական դաշտի հիմնական դերակատարները: Օրինակ, վերջերս ակտիվորեն քննարկվեց ՔՊ կուսակցության կողմից նախընտրական գումարներ հայթայթելու գործընթացը: Ինչն իրականացվել էր թափանցիկության իսպառ բացակայությամբ: Իսկ այդ հանգամանքը ժամանակին քննադատվում էր ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի կողմից:

Այնուհետեւ այդ հարցով լրագրողները դիմեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Նրա պատասխանը, սակայն, հարցը ծածկադմփոց անելու հերթական ձեռնածությունն էր: Իհարկե, լրագրողները դա բացահայտեցին, սակայն շատ ավելի մեծ հանրային ռեզոնանս (արձագանք) կառաջանար, եթե լրագրողների գործն ԱԺ-ում շարունակեին ընդդիմադիր պատգամավորները: 

Ի վերջո, ընդդիմադիր պատգամավորները կա՛մ պետք է փոփոխություններ կատարեն իրենց աշխատանքում եւ կա՛մ վայր դնեն մանդատները: Որովհետեւ, ինչպես արդեն շատերն են ասում, ԱԺ-ում նրանց ներկայությունն իսկ լեգիտիմացնում է գործող իշխանությունը: Լեգիտիմության մասին գրելով՝ հիշեցի ՔՊԿ-ի 2021-ի նախընտրական ծրագիրն ու դրա տապալումը երկու-երեք տարվա ընթացքում: Ինչ վատ թեմա կլիներ, օրինակ, եթե շաբաթական մեկ օր նվիրվեր այդ ծրագրի որեւէ առանձին դրույթի քննարկմանը: Որով կբարձրաձայնվեր գործող իշխանության լեգիտիմության բացակայության մասին: Այն երեւույթի (լեգիտիմության), ինչն անընդհատ չարաշահվում է վարչապետի աթոռից կառչած անձի կողմից: