Ստոլտենբերգը հրահանգեց Հայաստանին՝ միանալ Պուտինի դեմ պատերազմին

Ստոլտենբերգը հրահանգեց Հայաստանին՝ միանալ Պուտինի դեմ պատերազմին

Մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարածաշրջանային այց չկատարեց եւ չեկավ Հայաստան: Բայց դրանից Հայաստանին սպառնացող վտանգը չվերացավ, քանի որ մարտի կեսերին Հայաստան ացելեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Զելենսկին եւ Ստոլտենբերգը նույն ծրագիրն են իրականացնում` Հայաստանը ներքաշել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, էլ ավելի խորացնել Հայաստանի թշնամացումը Ռուսաստանի հետ, իսկ եթե հնարավոր լինի՝ հասնել Հայաստանի տարածքում հայ-ռուսական ռազմական բախումների:

Ստոլտենբերգը Հայաստանում հայտարարում է. «Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ եւ բոլոր գործընկերներին կոչ եմ անում՝ անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի պատերազմում»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երեւանում կոչ է անում, որ Հայաստանն իրենից կախված ամեն ինչ անի Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու համար, այսինքն՝ նպաստի իր դաշնակից երկրի պարտությանը: Մի՞թե ավելի մեծ լկտիություն հնարավոր է պատկերացնել: Օրինակ, հնարավո՞ր է պատկերացնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելի ՆԱՏՕ-ի անդամ Լիտվա կամ Լեհաստան եւ այդ երկրների ղեկավարների ներկայությամբ հայտարարի, որ պետք է ամեն ինչ անել՝ Վլադիմիր Զելենսկու հաղթանակը թույլ չտալու համար: Նման բան հնարավոր չէ, քանի որ Լիտվան կամ Լեհաստանը երբեք թույլ չեն տա, որ թշնամի ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարն այցելի իրենց երկիր, ուր մնաց, որ նման հայտարարություն անի: Ինչո՞ւ է Ստոլտենբերգը Հայաստանում նման հայտարարություն անում։ Որովհետեւ գիտի, որ Հայաստանի իշխանությունը ո՛չ ինքնասիրություն ունի, ո՛չ արժանապատվություն, դրա համար էլ իրեն ոնց ուզում, այնպես էլ պահում է:

Իսկ ի՞նչ կարող է անել ՆԱՏՕ-ի գործընկեր Հայաստանը՝ Վլադիմիր Պուտինի հաղթանակը թույլ չտալու համար: Հիմա արեւմտյան երկրները, ընկած ամբողջ աշխարհում, զենք եւ զինամթերք են ման գալիս, որ ուղարկեն Ուկրաինա: Հայաստանը վերջին 35 տարիներին Ռուսաստանից օգնություն ստացած կամ գնած զենքի պաշարների մի մասը հանձնել է Ադրբեջանին, բայց դեռ ինչ-որ բան մնացել է: Չի բացառվում, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրահանգի, որ Հայաստանն այդ զենքն ու զինամթերքը փոխանցի Ուկրաինային: Կարող եք ասել, որ Հայաստանը հիմա ինքը զենքի ու զինամթերքի խիստ կարիք ունի եւ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սպառնալիքի պայմաններում իբրեւ թե զենքի այլընտրանքային մատակարարներ է փնտրում: Բայց մի՞թե դա հետաքրքրում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կամ արեւմտյան դաշինքի ղեկավարներին: Նրանք կարող են առաջարկել, որ եթե Հայաստանն իր ունեցած զենքն ու զինամթերքը փոխանցի Ուկրաինային, իրենք ուկրաինական պատերազմի ավարտից հետո Հայաստանին կմատակարարեն ավելի ժամանակակից արեւմտյան արտադրության զենք: Այս սխեման աշխատեցվում է տարբեր երկրների դեպքում, երբ խոստման դիմաց դատարկում են այդ երկրների զինանոցները՝ դրանց դարձնելով անպաշտպանունակ եւ ավելի կախված անվտանգության արտաքին երաշխավորներից՝ ապահովելով զենք արտադրող երկրների արդյունաբերությանը հավելյալ պատվերներով: ԵՄ երկրների մի մեծ մասի զինանոցում այլեւս չեն մնացել ո՛չ տանկեր, ո՛չ զրահամեքենաներ, ո՛չ հրետանի, որը նրանք փոխանակել են ինչ-որ ժամանակ հետո ավելի լավ տեխնիկա ստանալու խոստման հետ: Կարո՞ղ է Փաշինյանը բավարարել ՆԱՏՕ-ի այդ պահանջը եւ Հայաստանի ունեցած զենքն ու զինամթերքը հանձնել Ուկրաինային։ Իհարկե, կարող է: Կարող է հիմնավորել, որ այդ զենքը, միեւնույն է՝ հնացած էր, այդ զենքն իր անարդյունավետությունը ցույց տվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, որ մեզ ընդհանրապես զենք ու զինամթերք պետք չեն, որովհետեւ մենք խոստացել ենք, որ որեւէ պարագայում չենք շեղվելու խաղաղության օրակարգից, եթե նույնիսկ Ադրբեջանը պատերազմ սկսի, որ մենք, միեւնույն է՝ մեր ունեցած զենքից չենք օգտվում, երբ Ադրբեջանը սպառնում է պատերազմով, եւ ամեն ինչ հանձնում ենք առաջին իսկ պահանջի դեպքում, որ ՆԱՏՕ-ն մեզ կպաշտպանի Ադրբեջանից։ Կամ, ի վերջո, կարող է ասել, որ Ադրբեջանը սպառնում է մինչեւ շաբաթվա վերջ պատերազմ սկսել Հայաստանի դեմ, եթե մենք չզինաթափվենք, իսկ զինաթափվելու լավագույն ձեւը եղած զենքն Ուկրաինային հանձնելն է, որ Ադրբեջանն էլ հավաստիանա, որ այդ զենքը մեր երկրում չէ, մենք այն Ադրբեջանի վերահսկողությամբ՝ Վրաստանի կամ Թուրքիայի տարածքով ուղարկել ենք Ուկրաինա:

Ուկրաինային օգնելու մյուս տարբերակն այն կլինի, եթե Հայաստանը՝ ինքը, Ռուսաստանի դեմ այստեղ երկրորդ ճակատ բացի: Իդեալական տարբերակն այն կլիներ, եթե Հայաստանը պատերազմ հայտարարեր Ռուսաստանին եւ փորձեր զենքի ուժի գործադրմամբ Հայաստանից դուրս հանել ռուսական 102-րդ ռազմաբազան: Այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլիներ ներգրավվել եւս մեկ զինված հակամարտության մեջ: Սա մի քիչ անհավանական տարբերակ է թվում, բայց Հայաստանն իր հակառուսական քաղաքականությամբ ստիպում է, որ Ռուսաստանն անընդհատ լարվածություն զգա, վտանգ զգա, որ կարող է դուրս մղվել Հայաստանից եւ Հարավային Կովկասից:

Ի վերջո, ԵՄ դիտորդների տեղակայումը Հայաստանում ոչ մի կերպ ուղղված չէ Ադրբեջանի սպառնալիքներից Հայաստանը պաշտպանելուն: Դա ապացուցում է նաեւ Փաշինյանը՝ ասելով, որ եթե Հայաստանը չկատարի Ադրբեջանի պահանջները, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսվել: Եթե ԵՄ դիտորդներն այստեղ անվտանգության երաշխիք չեն, եւ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ագրեսիա իրականացնել, ապա էլ ուրիշ ինչի՞ համար են, եթե ոչ Ռուսաստանին լարվածության մեջ պահելու համար, Հայաստանում ավելի շատ զենք եւ զինվորականներ պահելով: 
Պատահական չէ, որ Ռուսաստանն ամբողջովին հրաժարվում է Հայաստանի անվտանգության ապահովման հարցում ունեցած իր պարտավորություններից: ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ադրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ պատերազմի հավանականության մասին հայտարարություններին, ասել էր, որ դա Հայաստանի իշխանությունների եւ Արեւմուտքի խորհրդակցությունների արդյունքն է, որի հետ Ռուսաստանը որեւէ կապ չունի: Մի խոսքով, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, մեզ այդ հարցով չդիմեք, մենք դրա հետ կապ չունենք: Եթե Հայաստանը կարող է սառեցնել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը, ինչո՞ւ Ռուսաստանը չի կարող սառեցնել Հայաստանի հետ բարեկամության եւ փոխօգնության պայմանագրի գործողությունը:

Ավետիս Բաբաջանյան