Ռուսական իմպերիա, հռոմեական իմպերիա, արաբական խալիֆաթ. դրանք բոլորը քրեականության ծածկանուններ են

Ռուսական իմպերիա, հռոմեական իմպերիա, արաբական խալիֆաթ. դրանք բոլորը քրեականության ծածկանուններ են

«Հրապարակի» զրուցակիցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է:

- Վերջին շրջանում ամենաակտուալ թեմաներից մեկը Հայաստան-Ռուսաստան նոր միութենական պետություն ստեղծելու գաղափարն է: Դուք ի՞նչ եք կարծում` ՌԴ-ի հետ միութենական պետություն ստեղծելն ի՞նչ կտա մեզ:

- Հայաստանի անկախ պետությունը հայ ժողովրդի համար ամենաապահով բնակավայրն է: Եթե Հայաստանի անկախությունը սահմանափակվում է, սահմանափակվում է հայ ժողովրդի անվտանգության իրավունքը: Բոլոր այսօրինակ խոսակցությունները ես համարում եմ հանցագործություն: Կլինի Ռուսական իմպերիա, հռոմեական իմպերիա, արաբական խալիֆաթ, թե ինչ, դրանք բոլորը քրեականության ծածկանուններ են: Ի՞նչ են ուզում, սահմանափակե՞լ մեր իրավունքները: Երբ ասում են` միասնական պետություն, դրանով իրենք ցանկանում են մեր լավ ապրելու իրավունքները սահմանափակել: Դա սկզբունքորեն այդպես է:

- Տեսակետ կա, որ Հայաստանի անկախությունը, այնուամենայնիվ , ձևական բնույթ է կրում, որ մենք կառավարվում ենք ինչ-որ երկրների կողմից, որ առանց Ռուսաստանի մենք չենք կարող անվտանգ ապրել:

- Սրանք վարձկանների և քաղաքական իդիոտների տեսակետներ են: ՄԱԿ-ն ապահովում է ցանկացած պետության անվտանգություն: Օրինակ` հիմա Ուկրաինայում: Ամբողջ աշխարհը կանգնած է Ուկրաինայի կողքին և պաշտպանում է ուկրաինացի ժողովրդի ընտրությունը: Ես կարծում եմ, որ բոլոր այն տեսակետները, թե հայ ժողովուրդը թերարժեք ժողովուրդ է, որ հայ ժողովուրդը չկայացած ժողովուրդ է, իսկ Հայաստանի Հանրապետությունը` չկայացած պետություն, որ ունի ձախողված կառավարման համակարգ, հերյուրանք են մեր և մեր ժողովրդի մասին:

- Եթե ամբողջ աշխարհը կանգնած է Ուկրաինայի կողքին, այդ դեպքում նախագահ Զելենսկին ինչո՞ւ է հայտարարում, որ ուկրաինացի ժողովուրդը մենակ է մնացել, ոչ ոք չի ցանկանում կռվել իրենց համար:

- Բունկերում գտնվող սթրեսային հայտարարություն է Զելենսկու այդ հայտարարությունը: Իրականում աշխարհը, այդ թվում` Հայաստանը, Ուկրաինայի կողքին է: Եթե մենք այնտեղ բանակ չենք ուղարկում, դա չի նշանակում, որ մենք իրենց կողքին չենք: Մենք աջակցում ենք Ուկրաինային, օրինակ, հենց ՄԱԿ-ում Ուկրաինայի մասին քննարկման ժամանակ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել, ըստ էության, թաքնվել է: Սա նշանակում է, որ մենք վախենում ենք բացահայտորեն պաշտպանել Ուկրաինային, սակայն նույնիսկ մենք Ուկրաինայի կողքին ենք:

- Բայց օրվա իշխանությունները կհամարձակվե՞ն հակառակվել Ռուսաստանին:

- Ռուսաստանին հակառակվելու խնդիրն այսպիսին է. որի՞ն հակառակվել: Ես կարծում եմ, որ օրվա իշխանություններն այնքան խոհեմություն, այնքան ողջախոհություն և ինչու չէ` այնքան արժանապատվություն կունենան, որ կընտրեն ճիշտ դիրքորոշում. կանգնել հանցագործի՞ կողքին, թե՞ կանգնել արդարության կողքին: Ես կարծում եմ, որ իշխանության հասած մարդիկ, ամեն դեպքում, քաղաքական իդիոտներ չեն և գիտեն հաշվել: Բոլոր կողմերից ասում են` զգուշացեք, որովհետև Ռուսաստանը «վիրավոր արջ» է` վանդակի մեջ: Պետք է զգուշանալ «վիրավոր արջից»: Սա հայհոյանք է Ռուսաստանի համար: Այն բոլոր իդիոտները, որոնք ասում են` Ռուսաստանից զգուշացեք, հայհոյում են Ռուսաստանին: Մի խոսքով` Ռուսաստանին իբր թե պաշտպանողները հայհոյում են Ռուսաստանին: Այնպես որ, կարծում եմ մեր իշխանությունները կունենան մի փոքր արժանապատվություն և Հայաստանի շահերը կպահեն` չգերադասելով այլ պետության շահերը:

- Թեպետ Դուք նշում եք, որ միութենական պետության մասին խոսելը հանցագործություն է, սակայն շատ է խոսվում, որ եթե Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունն ավարտվի ռուսական կողմի հաղթանակով, ձևավորվելու է ԽՍՀՄ- 2: Մի փոքր եկեք խոսենք ԽՍՀՄ-ի վատ և լավ կողմերի մասին: Ի՞նչ եք կարծում` ԽՍՀՄ 2-ը նման կլինի՞ ԽՍՀՄ-ին: Եվ վերջապես այս գաղափարը որքանո՞վ է իրատեսական:

- Այդ ամենը ճիշտ այնքան է իրատեսական, որ ես հիմա 50 տարի իմ կյանքից հանեմ ու ասեմ, որ ես հիմա երիտասարդ եմ, տարեց չեմ: Կան մարազմատիկ ծերուկներ, որոնք իրենց օրացույցն ու ծննդականը կորցրել են: Ճիշտ այդպես էլ` կան ժողովուրդներ, որոնք օրացույցը փորձում են հետ տալ` չհասկանալով, որ 19-րդ դարն արդեն վաղուց անցել է, անցել է անգամ 20-րդ դարը: ԽՍՀՄ-ը դառը փորձություն էր ժողովուրդների համար: Այլևս երբեք մարդիկ չեն ցանկանում, որ իրենց համարեն երկրորդ կարգի ժողովուրդ: Սովետական Միությունը ռուսական իմպերիայի քրեական մականունն է: Նրանք ամաչում էին, որ իրենց կասեն ռուսական իմպերիա, և այդ պատճառով հանդես էին գալիս ծածկանունով: ԽՍՀՄ-ում կային առաջին, երկրորդ և երրորդ կարգի քաղաքացիներ: Հիմա բոլոր նրանք, ովքեր խոսում են ԽՍՀՄ-ն ինչ-որ ձևով վերականգնելու մասին, նրանք խոսում են ազգային խտրականության, սոցիալական խտրականության մասին: Այսինքն` հնարավո՞ր է կամավոր վերադառնալ այնտեղ, որտեղ քեզ համարում են ցածր կարգի մարդ, ինչպես իրենք են ասում` «առմյաշկա», իսկ, օրինակ, ուկրաինացիներին անվանում էին խախոլ: Կամավոր այդ համակարգին վերադառնալը հիվանդություն է, կովիդի նման լուրջ հիվանդություն: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ԽՍՀՄ- 2 ստեղծել, ես նրանց համարում եմ հիվանդ մարդիկ: Այդ վիրուսից հարկավոր է պաշտպանվել: Նրանք ամեն կերպ ցանկանում են մեզ էլ վարակել իրենց հիվանդությամբ: Ես չեմ ուզում, որ իմ հայրենիքը վարակվի այդ հիվանդությամբ: Մենք չպետք է լինենք մի ինչ-որ ծայրագավառ երկրորդական կամ երրորդական ժողովուրդ, մենք պետք է մեր հայրենիքն ունենաք` չդառնալով ինչ-որ մեկի «կուխարկան»: