Տղաս վշտացած է․ 14-ամյա տղայի մայրը՝ Ռոնալդուի պահվածքի մասին

Տղաս վշտացած է․ 14-ամյա տղայի մայրը՝ Ռոնալդուի պահվածքի մասին

Սառա Կելին՝ 14-ամյա երկրպագու Ջեյք Հարդինգի մայրը, պատմել է ՄՅՈՒ-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ միջադեպի մասին, որի ընթացքում իր որդու հեռախոսն ընկել ու կոտրվել է․

«Իմ տղան նկարահանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին, ովքեր գնում էին հանդերձարան: Հետո նա հեռախոսը փոքր-ինչ իջեցրեց, քանի որ Ռոնալդուի ոտքին արյուն տեսավ: Ջեյքը հեռախոսն իջեցրեց, որպեսզի տեսնի, թե ինչ է տեղի ունեցել: Նա ոչ մի խոսք չասաց: Ռոնալդուն սարսափելի տրամադրությամբ անցավ, տղայիս ձեռքից գցեց հեռախոսնն ու գնաց: Կապտուկներից էլ երևում է, որ եղել է հպում: Ես պարզապես չեմ հավատում, որ հիմա խոսում եմ այս մասին: Նա շատ վշտացած էր, հիմա էլ չի ցանկանում որևէ խաղի գնալ: Նա ունի աուտիզմ և դիսպրաքսիա (Դիսպրաքսիան կենտրոնական նյարդային համակարգի համակցված խանգարման արդյունքում նպատակաուղղված շարժումներ կատարելու դժվարություն է): Նա առաջին անգամ էր ֆուտբոլային խաղի ներկա լինում: Մինչ այդ պահը մենք հիանալի օր էինք անցկացրել, բայց ամեն ինչ փչացավ: Ռոնալդուն կուռք է, այո՛ նա «Էվերթոնից» չէ, բայց կարևոր խաղացող է: Տղաս անընդհատ ասում էր՝ «Ռոնալդուն այնտեղ է լինելու»: Ռոնալդուն նրա կուռքն է: Ես կհասկանայի, եթե Ջեյքը հեռախոսը նրա դեմքին մոտ թափահարեր, բայց նման բան չի եղել: Նա պարզապես ցանկանում էր տեսնել, թե ինչու է Ռոնալդուի ոտքն արնահոսում: Ջեյքն աուտիզմով հիվանդ տղա է, որը հարձակման է ենթարկվել ֆուտբոլիստի կողմից: Որպես մայր՝ ես այսպես եմ կարծում»,- Կելիի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն: