Արցախի դրոշն ու ռուսատյացության վակխանալիան 

Արցախի դրոշն ու ռուսատյացության վակխանալիան 

Բևեռական «ծռերի» կողմից Արցախի դրոշ պղծելը հիշեցրեց երկու և կես տարի առաջ տեղի ունեցած մեկ-երկու դեպք, որ ցանկանում եմ ներկայացնել «Հրապարակի» ընթերցողների ուշադրությանը: Մինչ այդ ասեմ, որ «ծռեր» ասելով կամ լսելով՝ ես միշտ պատկերացնում էի մեր էպոսի հերոսներին՝ «Սասնա ծռերին»: Բայց, ինչպես համարյա բոլոր հարցերում, այս հարցում ևս «նիկոլական» դարաշրջանը մխտռեց համարյա ամեն դրական երևույթ: Ինչևէ, անցնեմ նշված դեպքերին:

Նախքան պատերազմը Փաշինյան Նիկոլի կողմից փիառված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություններից մեկը տեղի ունեցավ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին Գյումրու Սև բերդ ամրոցում: Եվ ահա, միջոցառման ժամանակ մասնակիցներից մեկը՝ ենթադրաբար վարողը, հաջորդ բանախոս Բակո Սահակյանին ներկայացնում է որպես Հայաստանի Հանրապետության Արցախի մարզպետի: Կարծում եմ, որ դա առանց Նիկոլի նախնական համաձայնության չէր կարող տեղի ունենալ: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ երբ վարողը ներկայացնում էր Բակո Սահակյանին, անմիջապես նրա հետևը կանգնած էր հենց Նիկոլը (սա էլ հղումը):

Շուրջ մեկ ամիս անց իր պաշտոնավայրում ընդունելով նրան՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող  Փաշինյան Նիկոլը Բակո Սահակյանին դիմում է որպես «հարգելի նախագահի»: Ու անմիջապես՝ ժպտալով, «հարգելի մարզպետի» (սա էլ հղումը): Ժպտալն էլ այն բանի վկայությունն է, որ նրա հիշողության մեջ դեռևս թարմ էր Գյումրու Սև բերդ ամրոցում կատարվածը: Հիշենք, որ 2019 թվականն այն ժամանակաշրջանն էր, երբ Նիկոլը սավառնում էր 7-րդ երկնքում: Ու հայաստանցիների մեծամասնությունն էլ նրա հետ: Ու հատուկենտ գրագետ ու խելացի քաղաքացիներ կայինք, ովքեր քննադատում էին նրա սխալները: Զգուշացնում, որ նման ձևով երկիր կառավարելը, ինչպես ինքն է անում, մեզ լավ օրի չի հասցնի: Բայց մեզ լսող չկար, ու վերջը եղավ այն, ինչ պետք է լիներ:

Ի դեպ, նստավայրում, որտեղ Փաշինյան Նիկոլը ընդունում էր Բակո Սահակյանին, բացակայում էր Արցախի դրոշը (դա երևում է տեսահոլովակի հենց սկզբում): Այնպես որ Արցախի դրոշ չընդունելը գալիս է դեռևս 2019 թվականից: Ու այդ գաղափարի հեղինակը ոչ թե «հայրենասեր ծռերն» են, այլ Նիկոլը, որի դեմ իբրև թե նրանք պայքարում են: Իբրև թե, քանի որ ինչ պայքարի մասին կարելի է խոսել, երբ իրենք ու Նիկոլը նույն գաղափարախոսական բևեռից են: Նույն բևեռից են ոչ միայն Արցախի հարցում, այլև ռուսատյացության ու Արևմուտքին ապավինելու հարցում: Այն Արևմուտքի, որ թքած ուներ մեր զոհերի վրա տարիուկես առաջ: Որ անտարբեր էր արցախյան բնակավայրերի ավերման հարցում, սակայն բավականին մեծ աղմուկ հանեց՝ երբ մեկ-երկու տուն ավերվեց Գյանջայում:

Այդ նույն Արևմուտքը ռուս-ուկրաինական պատերազմում փարիսեցիաբար լացում է ուկրաինացիների դարդը: Եթե դա այդպես չլիներ, ապա վաղուց ստիպած կլիներ, որպեսզի Զելենսկին հրաժարական ներկայացնի՝ դրանով նպաստելով այդ պատերազմի դադարեցմանը: Արևմուտքը վարվում է ճիշտ հակառակ ձևով. սպառազինություն ու կամավորներ է մատակարարելով Ուկրաինային: Ինչը երկարաձգում է պատերազմը, ու բնականաբար, ավելացնում է զոհերի քանակը՝ թե՛ ուկրաինացի և թե՛ ռուս զինվորականների շրջանում: Ու այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Դրա հետ միաժամանակ Արևմուտքն օժանդակում է ուկրաինական իշխանությունների կողմից կեղծ լուրերի ձևավորմանն ու տարածմանը: Դրա օրինակներից է Կիևի շրջակայքի Բուչա բնակավայրի ճանապարհին իբրև թե ռուս զինվորականների կողմից սպանված քաղաքացիական անձանց դիակների բեմականացումը: Դրա մեկ այլ օրինակն ուկրաինացիների կողմից Կրամատորսկ քաղաքի երկաթգծային կայարանի հրթիռակոծումն էր, որը փորձեցին վերագրել ռուսներին: Եղել են նաև ավելի պակաս փիառված մեկ-երկու այլ դեզինֆորմացիաներ:

Ի դեպ, Արևմուտքի քաղաքական գործիչների շրջանում դեռևս առկա են մի քանի անձինք, ովքեր հակառուսականության մեծ աղմուկում չեն կորցրել մտածողության ադեկվատությունը: Վերջինն, օրինակ, Իռլանդիայից Եվրախորհրդարանի անդամ Քլեր Դեյլին էր: Զարմանալիորեն, դրանք միայն կամ հիմնականում կանայք են. ես, համենայն դեպս, տղամարդկանց նման ելույթներ չեմ արձանագրել: Զարմանալիորեն, քանի որ միայն կանայք են համարձակվում դեմ գնալ Արևմուտքում տիրող ռուսատյացության վակխանալիային: