Ձեզնից ի՞նչ արեւմտամետ

Ձեզնից ի՞նչ արեւմտամետ

Ստացվեց, որ ողջ գիտակցական կյանքում արեւմտյան դոնորներից գումարներ կորզած եւ դրանց մեծ մասն ուղղակի կերած տարբեր սորոսական գործիչներ արեւմտյան արժեքների ու ժողովրդավարության ջատագովներն են, իսկ մենք, որ ողջ կյանքում մարդու իրավունքներ ենք պաշտպանել եւ ընտրական իրավունք քարոզել, խոսքի ազատությունն ենք կայացրել՝ որպես մարդու հիմնարար իրավունք, ռուսամետ ենք ու դեմ ենք արեւմտյան արժեքներին։

Մենք՝ լրագրողներս, որ 34 տարի բոլոր ընտրություններին գիշեր-ցերեկ հերթապահել ենք ընտրատեղամասերում, ամեն քվեի համար կռիվ ենք տվել, մինչեւ լույս քվեների հաշվարկին մասնակցել, հետո հետընտրական պայքարի բովով անցել եւ ընդդիմությունից ավելի շատ ծեծվել ու հալածվել, ծառայում ենք «նախկիններին», իսկ իրենք նոր ժամանակներ եւ առաջադիմություն են բերում։ Մենք, որ դեմ ենք եղել քոչարյանական տարիների սահմանափակումներին եւ օրերով պայքարել ենք «Ա1+»-ի փակման դեմ, բոլոր կալանավորվածների ու դատվածների իրավունքներն ենք պաշտպանել, Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտման համար ենք պայքարել, դեմ ենք եղել կամայական եղանակով Սահմանադրությունը փոխելուն, ապա՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությանը եւ ամեն ինչով 2018-ին աջակցել ենք Նիկոլ Փաշինյանի հաղթանակին՝ դրա մեջ տեսնելով երկրի ընթացքը փոխելու եւ ՀՀԿ-ական դիկտատից ազատվելու հույս, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ենք այսօր ուզում իշխանության բերել, իսկ իրենք պայքարում են նախկինների դեմ եւ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են։

Մենք, որ ժամանակին ուրախացել ենք Հայաստանի ԵԽ անդամությամբ, դեմ ենք եղել Ռուսաստանի կցորդը լինելուն եւ խստորեն քննադատել ենք ԵԱՏՄ մտնելու որոշումը, պարզվում է՝ ռուսամետ ենք, իսկ սորոսական գաղափարներն առաջ մղողները՝ արեւմտամետ։