«Համախմբում». Համախմբո՞ղ, թե՞ պառակտող շարժում

«Համախմբում». Համախմբո՞ղ, թե՞ պառակտող շարժում

Համաձայն մամուլի հրապարակումների՝ «Համախմբում» շարժման նախաձեռնությամբ, որին միացել են մի շարք կազմակերպություններ՝ «ԱՐԱՐ» հիմնադրամ, «Ազգային արժեք ակումբ», «Թեքեյան» մշակութային միություն, «5165» շարժում, Քաղաքագետների հայկական ասոցիացիա, «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամ, «Կոնցեպտուալ հարթակ», Այլընտրանքային նախագծեր խումբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ 2023թ. փետրվարի 24-25-ը Երևանում անցկացվել է գիտագործնական համաժողով «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին:

Համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել մի շարք գիտնականներ, պետական, հասարակական և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Համախմբում» շարժման խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Մենուա Սողոմոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը և այլոք: 

Համաժողովի նպատակն է քննարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման իրավական փաստարկները, դրան նպաստելու ուղիներն ու մեխանիզմները, հստակեցնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմքում ընկած միջազգային իրավական դոկտրինը և վերհանել դրա քաղաքական հնարավորությունները։

Այն, որ նման գիտաժողովներ, համաժողովներ պետք է հրավիրվեն պարբերաբար, հատկապես ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի համար ստեղծված ներկայիս աննպաստ իրավիճակում, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ենթադրվում է, որ նման համաժողովներին պետք է հրավիրվեն ադրբեջանաարցախյան հակամարտության ծագմանը և հայանպաստ կարգավորմանը լավագույնս տեղյակ, ճանաչված մասնագետներն առանց որևէ բացառության, ովքեր տևական ժամանակ զբաղվում են հիշյալ խնդրով, ունեն հրապարակված գիտական աշխատանքներ՝ հոդվածներ, գրքեր և այլն:

Սակայն «Համախմբում» շարժումն այս առումով խտրական մոտեցում է ցուցաբերել մասնագետների նկատմամբ: Ավելին, ադրբեջանաարցախյան հակամարտության ծագման և կարգավորման խնդիրներին լավագույնս, գիտական մակարդակով տիրապետող մասնագետներից մեկին՝ քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանին, ով նշված թեմայով հեղինակ է բազում գիտական, վերլուծական հոդվածների, մեկ եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) մենագրության, երեք լեզուներով տեսաձայնային նյութերի (հայերեն՝ https://www.youtube.com/watch?v=3SFGp_Kkamk&t=1s, անգլերեն՝ https://www.youtube.com/watch?v=qPWbEBNsff4&t=413s, ռուսերեն՝ https://www.youtube.com/watch?v=wCa_bmcDLe0&t=17s) ով պարբերաբար հեռուստատեսությամբ, համացանցային ԶԼՄ-ներով հանդես է գալիս ասուլիսներով, հարցազրույցներով և այլն, չի հրավիրվել «Համախմբում» շարժման նախաձեռնությամբ հրավիրված համաժողովին:

Դատելով համաժողովի խորագրից և զեկուցողների հնչեցրած թեզերից, պարզ է դառնում, թե ինչո՞ւ քաղաքագետ Ս. Հասան-Ջալալյանը չի հրավիրվել նշված համաժողովին:     
Բանն այն է, որ համաժողովի խորագիրը գրեթե նույնությամբ կրկնում է քաղաքագետ Ս. Հասան-Ջալալյանի վերջերս մամուլում հրապարակված հոդվածներից մեկի վերնագիրը:

2023թ. հունվարի 23-ին Ս. Հասան-Ջալալյանի հեղինակությամբ մամուլում հրապարակվել է մի հոդված հետևյալ վերնագրով. «Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է»: Հոդվածը հրապարակվել է, մասնավորապես՝   https://hraparak.am/post/de2fd78a354fd47669b502c685e01a1e, https://www.aravot.am/2023/01/23/1318755/,  https://hayeli.am/?p=702579&l=am կայքերում:

Ինչպես տեսնում ենք, «Համախմբում» շարժման հրավիրած համաժողովի խորագիրը՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը», գրեթե նույնությամբ կրկնում է Ս. Հասան-Ջալալյանի հեղինակությամբ լույս տեսած հոդվածի վերնագիրը:

Բացի այդ, հարկ է նշել, որ համաժողովի ընթացքում ելույթ ունեցողների որոշ մասը, այդ թվում «Համախմբում» շարժման ներկայացուցիչները հնչեցնում էին թեզեր, որոնց մեծ մասը գիտականորեն շարադրված են քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանի հեղինակությամբ 2021թ. լույս տեսած «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) մենագրության մեջ և որոնք Ս. Հասան-Ջալալյանը պարբերաբար հնչեցնում է իր հարցազրույցներում, ասուլիսներում և այլն: 

Կատարվածը գրագողություն է, թե՝ ոչ, թողնում ենք ըներթցողների դատին: Պարզապես անհրաժեշտ եմ համարում նկատել, որ տգեղ երևույթ է մարդու գաղափարներն ու մտքերն օգտագործելով հրավիրել համաժողով՝ սակայն այդ համաժողովին չհրավիրել այդ գաղափարների ու մտքերի հեղինակին:    

Հարկ եմ համարում ընդգծել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման թեմայով կազմակերպվում է համաժողով, կամ քննարկում, սակայն քաղաքագետ Ս. Հասան-Ջալալյանը չի հրավիրվում այդ համաժողովին: 2023թ. փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիրել էր խորհրդարանական լսումներ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու հարցով: Իմ ունեցած հավաստի տեղեկություններով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին առաջարկվել է լսումներին հրավիրել և ելույթի հնարավորություն տալ քաղաքագետ Ս. Հասան-Ջալալյանին: Սակայն, փաստն այն է, որ Ս. Հասան-Ջալալյանը չի հրավիրվել այդ լսումներին: Հարց. ինչո՞ւ:

Ամփոփելով՝ անհրաժեշտ եմ համարում նշել, որ, նկատի առնելով հայկական զույգ հանրապետությունների առջև ծառացած գոյաբանական խնդիրները, բոլորս պետք է մեկտեղենք մեր ուժերն ու կարողությունները, մի կողմ թողնելով անձնական ամբիցիաները, և համախոհաբար դուրս գանք ստեղծված ճգնաժամային իրավիճակից:   
 

ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ 
քաղաքագետ