Էրդողանի` «մեզ փետուրներ պետք չեն» վիճակը Վիլնյուսում

Էրդողանի` «մեզ փետուրներ պետք չեն» վիճակը Վիլնյուսում

Հուլիսի 11-12-ին Լիտվայի մայրաքաղաքում գումարվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Քանի որ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, բնականաբար, ՆԱՏՕ-ի առաջնորդների ուշադրության կենտրոնում Ուկրաինայի ապագայի վերաբերյալ հարցերն էին: Ուկրաինան Վիլնյուսում հասավ նրան, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար պարտադիր մի փուլը` Membership Action Plan-ը, կշրջանցվի: Երբ կկարողանա Ուկրաինան միանալ ՆԱՏՕ-ին: Ժամանակն անհայտ է, հայտնի է միայն այն, որ չի կարող միանալ այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմում է, փոխարենը ՆԱՏՕ-ից եւ G7-ից կշարունակի ստանալ աջակցություն եւ անվտանգության երաշխիքներ` պատերազմի ավարտը հնարավորինս մոտեցնելու համար: 

Ռուսաստանից արդեն մեկնաբանել են, թե Ուկրաինային տրվող անվտանգության երաշխիքները սպառնալիք են ՌԴ անվտանգության համար: Վաղուց հերթապահ դարձած ֆրազ է պատերազմի ամեն նոր փուլում, նույնիսկ ամեն նոր զինատեսակ Ուկրաինային մատակարարելուց առաջ ու հետո Կրեմլը նույն աղմուկն է բարձրացնում, հետո լռում: Ի՞նչ կլինի այս անգամ` տեսնենք: Իհարկե, եթե խնդիրը լոկ Ուկրաինայում ընթացող պատերազմին վերաբերեր, կարելի էր վստահ լինել, որ այս աղմուկն էլ անհետեւանք կանցնի: 

Սակայն այս անգամ այլ իրականություն է. նախ լուծվեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի միանալու հարցը, որով Բալթիկ ծովը դառնում է ՆԱՏՕ-ի փակ ծով` Ռուսաստանի համար փակելով Պետրոս Մեծի բացած «պատուհանը դեպի Եվրոպա»՝ դրանով Ռուսաստանին հասցնելով երեւի ամենամեծ աշխարհաքաղաքական հարվածը Պետրոս Մեծի ժամանակներից ի վեր: Ո՛չ Թուրքիայի հետ հրապարակային սիրաբանելը, ո՛չ կուլիսների ետեւում չբացառվող ճնշումները Վլադիմիր Պուտինին չօգնեցին: ՌԴ նախագահի հաշվարկն ակնհայտորեն այն էր, թե Թուրքիան կկարողանա՞ արգելափակել կամ գոնե մինչեւ պատերազմի ավարտը ձգձգել Շվեդիայի անդամակցությունը: Սակայն դա էլ, ինչպես ԱՄՆ նախագահն է ասում, սխալ հաշվարկ էր: Այո, Էրդողանը կարող է մեծախոսել, ձեւեր թափել՝ իբր իրենից ինչ-որ բան է կախված այս աշխարհում, բայց երբ գա ժամը, եւ հարկավոր լինի, Արեւմուտքը Թուրքիային էլ, Էրդողանին էլ, ի հիասթափություն Պուտինի, հնազանդեցնում է շնիկի նման: 

Մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը Էրդողանն ի՞նչ էր ճառում՝ երդում-պատառ էր լինում, թե մինչեւ Շվեդիան այդ երկրում գտնվող քուրդ ահաբեկիչներին չհանձնի Անկարային, մինչեւ  իսլամաֆոբիան չհաղթահարի, քանի դեռ Շվեդիայում իշխանությունը թույլ կտա հրապարակում Ղուրան այրել եւ այլն, Թուրքիան իր առարկությունը չի հանի, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին երբեք չի թույլատրի: Հակառակ Թուրքիայի այդ խեղկատակ պահվածքին, որի նպատակը սեփական կիսագրագետ հասարակությանը ներշնչելն էր, թե իբր Թուրքիան իրենից ուժ է ներկայացնում համաշխարհային քաղաքականությունում, իբր Թուրքիան այնքան դեր ունի, որ ՆԱՏՕ-ում դիրքորոշում ու խոսք ասի, Արեւմուտքից բացարձակապես արհամարհեցին այդ ամբողջը՝ միայն ասելով (վերջին անգամ նախագահ Բայդենը` CNN-ին տված հարցազրույցում), թե` այո, Թուրքիան աղմկում է, առարկում է, բայց Վիլնյուսում Շվեդիայի անդամակցության հարցը կլուծվի: Բնականաբար, այդպես էլ եղավ, Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ, Շվեդիայի վարչապետի եւ Էրդողանի միջեւ համարյա 10 ժամ տեւած բանակցություններից հետո հայտարարվեց, թե Թուրքիան իր առարկությունները հանում է, եւ այլեւս չկա խոչընդոտ Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Իրականում պարզ է, որ Էրդողանին ճնշել ու իր տեղն էին բացատրել:

Ընդ որում՝ այնպես էին ճնշել, որ նա արդեն չէր էլ գիտակցում, թե ինչ է հրապարակավ խոսում: Քանի կար, մի ամբողջ տարի քուրդ ահաբեկիչների արտահանձնում էր պահանջում եւ Ղուրանի հանդեպ հարգանք` Վիլնյուսում դրանք մոռացավ: Փոխարենը Վիլնյուսում Էրդողանը մի պահի զառանցեց Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու մասին, հետո երեւի իր թիմից բացատրեցին, որ Թուրքիայի հետ անգամ ԵՄ անդամակցության Quiz-ի բանակցություններն են 2015-ից սառեցված (կարծեմ՝ 6-7-րդ կետերին էլ չեն հասել, երբ quiz-ը 31 կետ ունի): Այդ վիճակում ավելի իրատեսական է Մարս թռչելու հեռանկարից խոսել, քան ԵՄ-ին անդամակցելու: ԱՄՆ-ից պահը չկորցրին՝ ծաղրելու, թե իրենք միշտ կողմ են Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելուն, բայց այդ հարցը ԵՄ-ն է որոշում: ԵՄ-ից, իհարկե, քար լռություն էր՝ Էրդողանի զառանցանքը no comment դասի անհեթեթություն էր: 

Էրդողանը Վիլնյուսում նաեւ F-16 կործանիչների ձայնապնակը դրեց: Երեւի նվազագույնը մի 4 տարի կլինի՝ թուրքերը Ռուսաստանից C-400 հրթիռային համակարգեր գնելուց եւ դրա արդյունքում F-35 կործանիչների արտադրական ցիկլից ու ծրագրերից դուրս շպրտվելուց հետո օրուգիշեր ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ցանկությունից են խոսում: Հետաքրքիրն այն է, որ F-16 կործանիչները եվրոպական մի շարք երկրներ համարում են հնացած արսենալ եւ պատրաստ են իրենց F-16-ները նույնիսկ Ուկրաինա ուղարկել` ԱՄՆ-ից նոր սերնդի F-35ն-եր գնելու պայմանով: Իսկ Թուրքիան արդեն երեւի չորս տարի ամեն ջանք գործադրում է՝ չի ստանում: Հավանաբար, առաջիկա մի քանի տարում էլ չի ստանա, մինչեւ այդ կործանիչները բոլորովին հնանան: Փոխարենը Թուրքիայի երկու ԵՄ անդամ եւ քաղաքակիրթ հարեւանները` Հունաստանը եւ Բուլղարիան, ԱՄՆ-ից արդիական F-35 կործանիչներ են ստանում, հատկապես Հունաստանը` մի ամբողջ էսկադրիլիա, երկու տասնյակից ավելի: Մատակարարումները սկսվելու են 2028-ին, ԱՄՆ գործադիր եւ օրենսդիր իշխանությունում բոլոր «այո»-ները ստացված են:

Այսպիսով, Վիլնյուսում Էրդողանի պահվածքը, ճիշտ այնպես, ինչպես մեկ տարի առաջ՝ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում, կատարյալ նվաստացում էր եւ Արեւմուտքի թելադրանքին (որի դեմ Էրդողանն օրնիբուն դատարկախոսում է եւ օդում սրեր ճոճում) անմռունչ ենթարկվել: Եթե մեկ տարի առաջ գոնե խելամտություն ունեցավ ճնշմանը լուռ ենթարկվելու, այս անգամ հայտնի անեկդոտի թութակի պատմությունը եղավ։ Թութակը կուլ է տալիս տիրոջ թմրանյութի հաբերը, տերը տնից դուրս գալիս սպառնում է՝ եթե հաջորդ անգամ կրկնվի, քեզ կսատկացնեմ, վիզդ կկտրեմ, փետուրներդ կպոկեմ։ Վերադառնալով տեսնում է՝ թութակը բոլոր հաբերը կուլ է տվել եւ սեփական փետուրները պոկոտելով՝ երգում է. «Մեզ փետուրներ պետք չեն…»: Նույն անգիտակից վիճակում էլ Էրդողանն էր, մե՛կ դայլայլելով, թե պահանջում է, որ քուրդ ահաբեկիչներին արտահանձնեն, մե՛կ ԵՄ-ին անդամակցությունից է խոսում, մե՛կ F-16-ներից, հրաշալի հասկանալով, որ իր բոլոր հայտարարությունները թմրանյութ օգտագործած թութակի երգեցողության են նմանվում՝ նույնքան դատարկ, անիրական ու ինքնանպատակ:

Հիմա արդեն հետաքրքիրն այն է, թե Արեւմուտքից հետո, Ռուսաստանն իր հերթին ինչպես է ճնշելու Թուրքիային: Պարզ է, որ Ռուսաստանը ճնշելու կամ հարվածելու անհամեմատ ուժեղ եւ բավարար լծակներ ունի: