Ո՞ւր մնաց 4 միլիարդը

Ո՞ւր մնաց 4 միլիարդը

Այո, ցանկանում եմ տեղեկանալ, թե որտեղ է այն 4 միլիարդ դոլարը, որը Ռոբը թալանել էր՝ ըստ տերպետրոսյանական եւ փաշինյանական աղբյուրների: Կարծում եմ՝ շատերն են հիշում այդ 4 միլիարդի պատմությունը: Համենայնդեպս, հիշեցնեմ դրա ծագման մեխանիզմը: Ոչ այնքան հայտնի ռուսաստանյան երկու կայքում (կարծեմ՝ 2007-ին) տպվեց Ռոբերտ Քոչարյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների ցուցակը: Դոլարային փոխարժեքով այն ներկայացված էր որպես 4 միլիարդ: Այնուհետեւ դա թարգմանվեց եւ տիրաժավորվեց մեծ թվով լրատվամիջոցների կողմից: Իսկ հետագայում պարզվեց, որ այդ ցուցակը ռուսական կայքերին էր ուղարկվել այստեղից՝ Հայաստանից: Մի քանի տարի շարունակ 4 միլիարդի պատմությունը չէր իջնում ընդդիմադիր մամուլի էջերից: Այդպես ձեւավորվեց եւ հայաստանցիների ուղեղում դաջվեց 4 միլիարդի մասին առասպելը: Ասեմ, որ դրանցից մեկը, որպես ակտիվ ընդդիմադիր եւ մարդ, ով հավատացել է այդ առասպելի իսկությանը, եղել եմ նաեւ ես՝ ինչ մեղքս թաքցնեմ: 

Բայց եթե գումարենք օրերս Գլխավոր դատախազության կողմից հրապարակված՝ Քոչարյանների ընտանիքին վերագրվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի գումարային գնահատականը, ապա դա հաստատ 4 միլիարդ չի կազմում: Այսինքն՝ Երեւանի առավելապես կենտրոնի 20 միավոր անշարժ գույքի, 2 տրանսպորտային միջոցի, հայաստանյան եւ արտասահմանյան 18 իրավաբանական անձերում մասնակցության գումարային փոխարժեքը, ինչպես նաեւ ավելի քան 1.5 միլիոն դոլարի (ավանդներ եւ արժեթղթեր), շուրջ 10 միլիարդ դրամի (ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ) եւ շուրջ 22 միլիարդ դրամի (չնույնականացված՝ ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների եւ այլ ծախսված միջոցների հանրագումար) հանրագումարը հաստատ չի կազմում ոչ միայն 4, այլեւ գոնե 1 միլիարդ դոլար: Եթե ողջ այդ գույքը հավասար լիներ թեկուզ 1 միլիարդի, ապա դատախազությունը կհրապարակեր այդ թիվը՝ այն դարձնելով հակաքոչարյանական դրոշակ:

Բայց դա չի արվել, ինչը նշանակում է, որ տերպետրոսյանական աղբյուրները ժամանակին հայաստանցիներին դրել են հիմարի տեղ: Եվ այդ թվում ոչ միայն նախկինների օրոք ակտիվ ընդդիմադիրներին, այլեւ ընդհանրապես բոլոր քաղաքացիներին: Եվ հատկապես շարքային քաղաքացիներն էին կարծում, որ Սերժին մերժելով եւ «ժողովրդի փրկիչ ու դուխով» Նիկոլին վարչապետ կարգելով՝ հետ կստանան «իրենցից թալանված» գումարները: Եվ զարմանալի չէ, որ նույնիսկ այսօր նման մարդիկ անընդհատ «առկայծում» են այս կամ այն կայքի հրապարակումների մեկնաբանությունների բաժնում՝ պահանջելով պատժել նախկիններին: Բնականաբար, բացի սոցցանցերում աշխատանք կատարող նիկոլական պրոպագանդայի աշխատակիցների: Բայց, մեծ հաշվով, խաբվածների մեծամասնությունն այլեւս չի հավատում 4 միլիարդի առասպելին: Եվ այնքան մտավոր կարողություն ունի, որ հասկանա՝ այսօր մեզ պատուհասած խնդիրը ոչ թե 4 միլիարդի մեջ է, այլ Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձի վարչապետության:

ՀԳ. 4 միլիարդի առասպելը չէր նվաճի մարդկանց ուղեղները, եթե նորանկախ Հայաստանի ղեկավարությունը գործեր ոչ թե 19-րդ դարի հայկական «գեղցի»-ների, այլ մեր ժամանակի այն անհատների (Լի Քուան Յու, Դեն Սյաո Պին, Պակ Չոն Հի եւ այլն) նման, ովքեր իրենց երկրները հանեցին հետամնացության եւ աղքատության փոսից եւ վերածեցին զարգացած ու հարուստ պետությունների: