«Հրապարակ». Քծնանքի շքերթ

«Հրապարակ». Քծնանքի շքերթ

Մինչ իշխանությունը, ի դեմս ոստիկանության, անողոք պայքար է մղում լրատվամիջոցների դեմ եւ ռազմական դրության պայմաններում արգելված հրապարակումներ անելու համար խոշոր չափերի տուգանքներ սահմանում լրատվամիջոցների նկատմամբ, իշխանության որոշ ներկայացուցիչներ երեկ խնդրահարույց, ոմանց կարծիքով՝ անգամ ռազմական գաղտնիք պարունակող եւ ազգային անվտանգությանը հարվածող գրառումներ էին կատարում Ֆեյսբուքում եւ իրենց էջերում տարածում էին անհայտ նամակագրության պատճեններ՝ փորձելով վարչապետի որդու՝ ռազմաճակատ մեկնած Աշոտ Փաշինյանի գովքն անել։ Նրանք շարունակեցին այնքան, մինչեւ նրանց հասկացրին, որ ո՛չ հարմար պահ են ընտրել, ո՛չ էլ հասարակությունն է պատրաստ դրանք ըստ արժանվույն գնահատելուն։

Գրառումներից մեկում, օրինակ, նկարագրվում է տարածքը, թե որտեղ են ընթանում մարտական գործողությունները, եւ նշվում է՝ «սաղ փախան, միայն Աշոտը մնաց», «Աշոտը խնդրում էր հրամանատարին՝ չլքենք դիրքը, չնայած գիտակցում էինք, որ այլընտրանք չկա»։ Այսինքն, ուրիշներին մեղադրում են ազգի միասնականությունը խաթարող հրապարակումների համար, իսկ իրենց տեքստերով «փախչող բանակի», «այլընտրանք չլինելու» մասին են հայտարարում, թեեւ պարզ է, որ նպատակն այլ է՝ ցույց տալ, որ ազգի միակ դուխով տղան Աշոտիկն է։ Քծնանքի շքերթում մոռացության է մատնվել այն հանգամանքը, որ տեղորոշելով վարչապետի որդու գտնվելու վայրը՝ վտանգի տակ են դնում նախեւառաջ նրան եւ կասկածի տակ դնում մեր զինվորների արիությունը։