Նոր մանրամասներ փոխքաղաքապետի խուզարկությունից

Նոր մանրամասներ փոխքաղաքապետի խուզարկությունից

Արդեն հաղորդել ենք, որ այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակը։ Մենք տեղեկացանք, որ այս քննչական գործողությունն իրականացվում է առողջապահության համակարգի չարաշահումների հետ կապված քրեական գործի շրջանակներում։ Խոսքը քովիդի շրջանում պետական միջոցների ծախսերին է վերաբերում։ Ստուգումներն իրականացրել էր Հաշվեքննիչ պալատը եւ արդյունքներն ուղարկել դատախազություն, որտեղ էլ ընթացք է տրվել դրան։

Մեր տեղեկություններով, այս պահին Հակակոռուպցիոն կոմիտե են բերման ենթարկվել եւս երկու անձ՝ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի վարակի հսկողության բաժնի ղեկավար Նաիրա Միքայելյանը, որին առավոտյան աշխատավայրից ոստիկանները բերման են ենթարկել եւ առողջապահության նախարարության թոքաբանության եւ տուբերկուլյոզի գծով խորհրդական Լուսինե Եղիազարյանը։

Մենք տեղեկացանք նաեւ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն զննության է ենթարկել փոխքաղաքապետի համակարգիչը։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասում է, որ այս քննության նպատակը առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի վրա դուրս գալն է՝ Գեւորգ Սիմոնյանը ժամանակին նրա տեղակալն էր։

ՀԳ Տեղեկացանք, որ Գեւորգ Սիմոնյանին խուզարկությունից հետո բերման են ենթարկել։ Չի բացառվում, որ ձերբակալության որոշում կայացվի։ Դեռեւս Հակակոռուպցիոն կոմիտեում է գտնվում նաեւ Լուսինե Եղիազարյանը, ով ժամանակին եղել է Թորոսյանի խորհրդականը, իսկ Նաիրա Միքայելյանին ազատ են թողել։