Արևմուտքը ռուս ժողովրդին մեսիջ է հղում, որ պետք է ղեկավարին փոխել

Արևմուտքը ռուս ժողովրդին մեսիջ է հղում, որ պետք է ղեկավարին փոխել

Ազգային Ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ աշխարհաքաղաքական իրավիճակին և դրա հնարավոր ազդեցությանը` ՀՀ-ի վրա.

«Ողջ հարցը կայանում է նրանում, թե ինչ տեսակ Հայաստան կլինի Ռուսաստան- Արևմուտք հակամարտության ավարտից, Ռուսաստանի պարտությունից հետո: Այն, որ լինելու է Ռուսաստանի պարտություն է, պարզ է: Մի քանի պատճառ կա: Այսպես շարունակվել չի կարող, թե Ռուսաստանի էլիտաների և թե Արևմուտքի համար: Պուտինը 20 տարի շարունակ ընդունելի և կոմպրոմիսային ֆիգուր է եղել Արևմուտքի և ռուս ժողովրդի համար, բայց Ուկրաինայի դեմ պատերազմից հետո Արևմուտքը չի ընդունում Վլադիմիր Պուտինին: Այդ մասին են վկայում նրան ձերբակալելու Հաագայի դատարանի վճիռը, վերընտրվելու դեպքում այդ որոշումը ոչ լեգիտիմ ճանաչելը և այլն: Արևմուտքը ռուս ժողովրդին մեսիջ է հղում, որ պետք է ղեկավարին փոխել, եթե ցանկանում են կյանքն այն հունին վերադառնա, որը եղել է նախքան Ուկրաինա ներխուժումը: Նա եղել է ընդունելի ռուսական էլիտաների համար, քանի որ հենց ինքն է թալանի հովանավորը, ուստի հենց ռուսական էլիտան է կատարել ռուսական փողերի ու ռեսուրսների թալան… 

Հիմա իրավիճակն այլ է, այդ ողջ ունեցվածքը հայտնվել է սանկցիաների տակ և սառեցվել է: Եթե ռուսական էլիտաները Պուտինի հետ նույն նավում մնան, կկորցնեն ամեն բան: Ռուս ժողովրդի համար ևս Պուտինը նախընտրելի էր, քանի որ նավթի բարձր գների ժամանակ նրան հաջողվում էր մարդկանց կենսամակարդակը բարձրացնել: Մարդիկ կարողանում էին Անթալիայում հանգստանալ, հիփոթեկով տներ ձեռք բերել, իսկ այսօր վիճակն այլ է: Անթալիաներում հանգստանալու փոխարեն պետք է Դոնբասում զոհվեն: Պուտինյան ռեժիմը լուրջ փոփոխությունների առաջ է կանգնած է: Պուտինի անձի շուրջ կոնսենսուսային որոշում չկա: Լինելու են այլ զարգացումներ, ճակատում ևս լինելու են բեկումնային փոփոխություններ, որոնք ավարտվելու են ՌԴ-ում սուր քաղաքական ճգնաժամով: