ՌԴ-ն ՀՀ-ի միջոցով զենքի չիպեր է գնում․ թեժ քննարկում՝ ամերիկյան մամուլում

ՌԴ-ն ՀՀ-ի միջոցով զենքի չիպեր է գնում․ թեժ քննարկում՝ ամերիկյան մամուլում

Ռուսաստանը շրջանցում է Արևմուտքի պատժամիջոցները՝ են այլ երկրների միջոցով գնելով չիպեր և այլ էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են զենք արտադրելու համար: Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը։

Լրագրողները գրում են, որ 2023 թվականի մարտի վերջին ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները տեղեկատվություն են փոխանակել «միլիոնավոր դոլարների արժողությամբ արգելված տեխնոլոգիաների մասին, որոնք իրենց պաշտպանական համակարգերի ճեղքերով ներթափանցում են Ռուսաստանի տարածք»։

Նշվում է, որ դեպի Ռուսաստան չիպերի և այլ էլեկտրոնային բաղադրիչների վաճառքի կտրուկ աճ է նկատվել Հայաստանի, Ղազախստանի և այլ երկրների միջոցով։

Ըստ պարբերականի, ռուսներին նույնիսկ հաջողվում է ձեռք բերել որոշ «զգայուն» միկրոմեխանիզմներ, որոնք «կարևոր» են զենքի արտադրության համար, մասնավորապես, թեւավոր հրթիռների։ Դրանք ռուսական բանակն օգտագործում է Ուկրաինային հարվածելու համար, ասում են արևմտյան պաշտոնյաները:

Ուկրաինա ներխուժելուց անմիջապես հետո արձանագրված կտրուկ անկումից ամիսներ անց ռուսական չիպերի ներմուծումը կրկին սկսել է աճել, հատկապես՝ Չինաստանից։ Ըստ Silverado Policy Accelerator-ի՝ հոկտեմբեր-հունվար ամսական ներմուծումը կազմել է նախապատերազմյան միջինի 50%-ը կամ ավելին, գրում է թերթը։

Բացի այդ, Conflict Armament Research անկախ խմբի փաստաթղթերից մեկը, որն ուսումնասիրում է ռուսական զենքը, տեղեկատվություն է պարունակում այն ​​մասին, որ 2022 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 515%-ով ավելի շատ չիպեր և պրոցեսորներ, իսկ Եվրամիությունից՝ 212%-ով ավելի, քան 2021 թվականին։ Այնուհետև, ըստ հրապարակման, Հայաստանն այդ ապրանքների 97 տոկոսն արտահանել է Ռուսաստան։

Միաժամանակ, Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն ասում են, որ էլեկտրոնային սարքավորումների առաքումները Ռուսաստան և Բելառուս 2021-2022 թվականներին նվազել են 41%-ով, քանի որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ընդլայնել են պատժամիջոցներն ամբողջ աշխարհում: