Պատկերացնո՞ւմ եք` եթե գրեի Կարսն եմ հիշում և պահանջում, էջս ընդհանրապես կջնջվեր
Նիկոլ Փաշինյանի «Նոր Հայաստանում» աննախադեպ մեծ մասշտաբների ատելություն է գեներացվում Արցախի և արցախահայերի նկատմամբ: Հայաստանի ղեկավարի եւ նրա թիմի սիրտը չի «հովանում» անգամ Արցախը հանձնելուց հետո, հիմա էլ անցել են «հայրենիք» ու «պետություն», «Հայոց պատմություն», գերբ, հիմն, Մասիս սար եւ այլ գաղափարները վարկաբեկելուն, ոչնչացնելուն եւ նոր սահմանադրություն «կարելու» հակազգային գործին: Եվ պարզվում է, ադրբեջանցիներին զուգահեռ` Հայաստանում եւս ոմանք ֆեյսբուքում պայքարում են Արցախ բառի, Ադրբեջանի կողմից գրավված այլ տարածքների, օրինակ` Արծվաշենի դեմ:
«Պահպանողական» կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ վերջերս ֆեյսբուքն իր էջի տեսանելիությունը նվազեցրել է «Արծվաշեն. Հիշում եմ և պահանջում» գրությամբ լուսանկար հրապարակելու համար:
Հեքիմյանի կարծիքով` «Արծվաշեն» բառի կիրառման համար իր էջին «սպամ» տվողների մի մասն ազերիներին են, իսկ մյուս մասը հայեր` նիկոլականներ. «Ենթադրում եմ, որ բողոքում են ինչ-որ մարդիկ: Նրանց կարելի է բաժանել խմբերի: Մի մասը ադրբեջանցիներ են, մյուս խումբն էլ հայեր են, այնպիսի հայեր, որոնք կողմնակից են ոչ միայն հողեր չազատագրելուն, դեռ մի բան էլ` հողեր տալուն, այսինքն` նիկոլականներ են: Հստակ չենք կարող ասել, թե որտեղից են նրանք ուղղորդվում, սակայն կարող ենք ենթադրել, թե այն ում է ձեռնտու: Ես ուսումնասիրություն արեցի ֆեյսբուքի «նաստրոյկաներում» և տեսել եմ, որ էջս սահմանափակվել է կամ բռնություն պարունակելու համար, կամ սեքս, կամ էլ սեռական խտրականություն և այլն, բայց թե ի՞նչ կապ ունի Արծվաշենը հիշելն այդ ամենի հետ, ես այդպես էլ չհասկացա: Համոզված եմ, որ բողոքի ալիք է եղել, իսկ ֆեյսբուքը հո չի՞ հասկանում, թե ինչ է նշանակում Արծվաշեն: Երևի մտածել է, որ Արծվաշենն ինչ-որ վատ բան է և ես բռնության կոչ եմ անում: Պարադոքս է, որ նման երևույթները ստանում են նման արձագանքներ: Շատ բնական է, որ հայ մարդը հիշում է իր հայրենիքը և պահանջում: Պատկերացնո՞ւմ եք, եթե գրեի Կարսն եմ հիշում և պահանջում, կամ հիշում և պահանջում եմ Ադանան: Այդ դեպքում հավանաբար իմ էջը ընդհանրապես կջնջվեր ֆեյսբուքից:
Այսինքն` ֆեյսբուքը դե՞մ է հայկական արժեքներին և դրանք համարում է բռնություն պարունակող երևույթներ.
«Չեմ կարող հաստատ պնդել, գուցե: Գուցե այդ ամենի հիմքում հայեր են: Ենթադրում եմ` բողոքներ են եղել, ինչի արդյունքում է էջս սահմանափակվել: Ռեալ չէ, որ 1000 հոգի միաժամանակ բողոք ներկայացնի այդ գրության համար: Ես կարծում եմ` այստեղ աշխատում են ֆեյքերի ֆաբրիկաները, որոնք հստակ շրջանակների կողմից են ուղղորդվում: Անհայտ ժամանակով իմ ֆեյսբուքյան էջը սահմանափակված է: Իմ էջի գրառումները կարող են միայն նրանք կարդալ, ովքեր հատուկ իմ էջ են մուտք գործում», - եզրափակում է Հեքիմյանը:
Կարծիքներ