Մտքեր չկան կամ՝ հաշվեհարդարը կայացավ

Մտքեր չկան կամ՝ հաշվեհարդարը կայացավ

Երեկ, այս գումարման ԱԺ-ի ձեւավորումից ի վեր, թերեւս, ամենահետաքրքիր օրն էր: Դատախազը եկել էր ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանի հետեւից, իսկ դա, համաձայնենք, սովորական իրադարձություն չէ: Նախօրեին տեղի ունեցած դեպքերը Գագիկ Ծառուկյանի տան, իսկ հետո նաեւ ԱԱԾ շենքի մոտ արդեն իսկ նախանշել էին, որ հանգիստ չի լինելու նաեւ ԱԺ շենքի մոտ, որտեղ պետք է քննարկվեր ԲՀԿ նախագահ, ԱԺ-ում մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին իրավապահներին հանձնելու հարցը: Այնպես որ, խորհրդարանից դուրս ոչ մի հետաքրքիր բան, ոստիկանության հետ քաշքշուկի արդեն սովորական դարձած տեսարաններից բացի տեղի չունեցավ, եթե չհաշվենք Երեւանի առանձին հատվածներում բեռնատարներով կամ ավտոբուսներով փողոցներ փակելու լոկալ ակցիաները:

Իսկ, ահա, խորհրդարանում հերթական քառօրյան մեկնարկեց սյուրպրիզներով ու զավեշտով: Ես չեմ հիշում մի դեպք, որ ԱԺ քառօրյա նիստի օրակարգը հրապարակելուց հետո հարցեր չտրվեին, կամ տեղի չունենար մտքերի փոխանակում: Երեկ հենց այդ դեպքն էր: Օրակարգի հետ կապված ոչ մի հարց Արարատ Միրզոյանին չտրվեց, ոչ ոք չցանկացավ արձանագրվել նաեւ մտքերի փոխանակման համար: Սա, անշուշտ, խոսում էր խորհրդարանում ստեղծված լարվածության մասին: Կար մեկ հարց, որի համար հավաքվել էին, եւ այդ հարցը, ինչպես ասացի, այս ԱԺ-ի համար մինչ օրս եղած հարցերից, թերեւս, ամենաէկզոտիկն էր ու բացի այդ՝ ԱԺ-ում նստած «ուղեղների» համար ամենադժվարամարսը:

Քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ամբիոնի մոտ էր, փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր վարում նիստը, եւ հենց նա էլ տվեց այս խորհրդարանի ամենագեղեցիկ բնութագիրը, որ զավեշտալի լինելուց զատ նաեւ անվիճելիորեն ճիշտ էր:

- Օրակարգի հետ կապված՝ Արարատ Միրզոյանին հարցեր տալու համար խնդրում եմ հերթագրվել:
Հերթագրում...
- Հարցեր չկան: Օրակարգի հետ կապված մտքերի փոխանակության համար խնդրում եմ հերթագրվել...
Հերթագրում...
- Մտքեր չկան…

«Մտքեր չկան»՝ շնորհակալություն Ալեն Սիմոնյանին հանճարեղ «եզրահանգման» համար:
Իսկ հիմա՝ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո: Դրանից հետո ամբիոնի մոտ հրավիրվեց նախորդ քառօրյայից կիսատ մնացած հարցով հիմնական զեկուցողը, որը, պարզվեց, տեղում չէ: Չասենք, չէ՞, որ դա հատուկ էր արվել, որ հանրության ուշադրությունը չշեղվեր հիմար բաների վրա, եւ ԱԺ քառօրյան սկսվեր Գագիկ Ծառուկյանի «գործով»: Մյուս կողմից էլ՝ դե, դատախազ էր եկել, բան, ո՞նց կլիներ, որ նա սպասեր մինչեւ պատգամավորները հարցեր տային եսիմ ում... Ինչ որ է, ամբիոն բարձրացավ դատախազը, ու կինոն սկսվեց:

Դատախազի բերած միջնորդության իրավական կողմին չեմ անդրադառնա, որովհետեւ ԲՀԿ եւ ԼՀԿ պատգամավորները, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանը, չասեմ ծաղրեցին, բայց առնվազն խոտանեցին գլխավոր դատախազի բերած թուղթը: Բանը իրավաբանությունից հասավ հոգեբանությանը, մարդկային խղճին, նամուս-թասիբին: Հիշեցին ընդհուպ Նիկոլ Փաշինյանի հանցավոր անցյալը եւ նրան չձերբակալելու հետաքրքիր պատմությունը, որ, ի դեպ, այդ նույն գլխավոր դատախազի անվան հետ է կապվում: Կարճ ասած՝ այնպես նեղը դրեցին Արթուր Դավթյանին, նա էլ այնպես խեղճացավ, որ այլեւս կասկած չմնաց այս գործի քաղաքական պատվեր լինելու կապակցությամբ: Գոնե ես համոզվեցի, որ ԱԺ գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազին սպառնացել էր՝ չանես՝ ասֆալտին եմ փռելու: Աշխարհում շատ բան տեսած Արթուր Դավթյանը, շատ ներողություն, չկարողացավ պատասխանել ԼՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների եւ ոչ մի հարցի: Իսկ Մանե Թանդիլյանի հարցը, որ նաեւ առաջինն էր, մեղմ ասած, նոկդաունի ենթարկեց ոչ միայն դատախազին ու դատախազությանը, այլեւ այն քաղաքական թիմին, որի «առաջնորդն» այսօր «դրված» է վարչապետի աթոռին:

Մինչ ընդդիմադիր պատգամավորները «փետրահան» էին անում ՀՀ իշխանություններին ու նրանց սրտի դատախազին, «Իմ քայլը» խմբակցությունը լուռ էր: Մտքեր չկային, ինչպես նիստի մեկնարկին նկատեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Առաջ անցնելով ասեմ, որ «Իմ քայլից» ամենաակտիվն ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն էր, որ ամենավերջում հայտարարեց քվեարկության տեղի ու ժամի մասին:

Ո՞վ էր իմքայլականներին կարգադրել՝ հանկարծ չխոսել եւ հիմարություններ դուրս չտալ: Սա Մակունցի մասշտաբով արված կարգադրություն չէր եւ ոչ էլ նույնիսկ Արարատ Միրզոյանի: Իմքայլականներին լռել ստիպել էր, իմ համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը, որ, դարձյալ իմ համոզմամբ, նիստից բացակայելու «թույլտվություն էր տվել» միայն մեկ պատգամավորի, եւ այդ պատգամավորը Սասուն Միքայելյանն էր: Իսկ ինչո՞ւ չէր մասնակցում, կբացատրե՞ք ինձ: Մի՞թե վախենում էիք, որ նա կողմ չէր քվեարկելու, եւ կամ՝ հանկարծ կարող էր բացահայտվել, որ մեծամասնական ընտրակարգով «Իմ քայլից» ամենաշատ ձայներ հավաքած Սասուն Միքայելյանը 2018թ. դեկտեմբերի ընտրությունների ժամանակ ինչ-ինչ «շեղումներ» է թույլ տվել «հեղափոխական ճշմարտություններից»:

Չի կարելի բացառել նաեւ, որ Սասուն Միքայելյանին թույլատրել էին այդ օրը ԵԿՄ-ում անցկացնել, որտեղ, համաձայն մամուլի հրապարակումների, բունտ է հասունացել Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված քաղաքական եւ տնտեսական հետապնդումների կապակցությամբ:
ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չմասնակցեցին քվեարկությանը եւ այդկերպ, ինչպես արդեն կանխատեսել էինք, Գագիկ Ծառուկյանին դատախազությանը հանձնելու «պատիվը» թողեցին իշխանական խմբակցությանը, որտեղ նույնիսկ չհասկացան, որ մնալով մենակ եւ միաձայն կողմ քվեարկելով, ըստ էության, մասնակից դարձան ընդդիմադիր ուժի նկատմամբ ամենաքստմնելի քաղաքական հաշվեհարդարին, որ իրենց՝ անսխալականության միֆով տառապող առաջնորդի անտրամաբանական եւ ոչնչով չարդարացված մտասեւեռումի հետեւանքն է: