Հայկ Մարությանի ետին խելքն ու ուշացած խոստովանությունները

Հայկ Մարությանի ետին խելքն ու ուշացած խոստովանությունները

Օրերս աղմուկ հանած՝ Հայկ Մարության-ՔՊ հակամարտությունը շարունակում է մնալ հասարակության քննարկման թոփ թեմաներից մեկը: Մարդիկ փորձում են տարբեր խորքային պատճառներ գտնել կատարվածի հիմքում, տարբեր հետեւություններ ու կանխատեսումներ են անում: Ոմանք սկսել են անհարկի հերոսացնել Հայկ Մարությանին, ով հեռանալիս դառը ճշմարտություններ շպրտեց իշխանության երեսին, ոմանք այնքան հեռու գնացին, որ Մարությանին համարեցին նոր ձեւավորվող ընդդիմության առաջնորդ: Մինչդեռ անընդունելի է  Մարությանին թե՛ հերոսացնելը, թե՝ Փաշինյանի ամենաանհաջող կադրերից մեկը համարելը: Փաշինանն այնքան անհաջող կադրեր է լցրել պետական կառավարման համակարգ, որ նրանց մեջ Մարությանն առանձնապես աչքի չի ընկնում իր անպատրաստությամբ: Ընդհանուր առմամբ, Հայկ Մարությանն այս իշխանությանն արժանի, համապատասխան ու համահունչ կադր էր՝ իր պոպուլիզմով, մեծամտությամբ ու ինքնասիրահարվածությամբ… 

Այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը չխուսափեց իր կարողությունների տրամաչափից վեր պաշտոնից, այնպես էլ՝ Մարությանը: Նա պետք է գիտակցեր, որ հանրապետության մայրաքաղաքը ղեկավարելը իր խելքի բանը չէ, քանի որ չունի կառավարման փորձ ու գիտելիքներ: Մինչ Երեւանի քաղաքապետ ընտրվելը Մարությանն իր ոճի մեջ հաջողված ու  շատերի կողմից սիրված հումորիստ դերասան էր: Մարդիկ չէին պատկերացնում նրա իմիջի կտրուկ փոփոխությունը: Մինչդեռ նա ինքնավստահ, իրենից գոհ ժպիտով դուրս եկավ քարոզարշավի, հեղափոխական էյֆորիայի ազդուցության տակ գտնվող հասարակության ծափողջույններից ոգեւորվեց, մեծամտացավ, առանց հասկանալու, որ հասարակությունը ծափահարում է Փաշինյանի հերթական ուսապարկին. Մարությանի փոխարեն ով էլ լիներ, ինչ էլ լիներ, Փաշինյանի ստվերի տակ կընտրվեր քաղաքապետ:

Ինչպես Փաշինյանն էր պոպուլիստական մեծ-մեծ խոստումներ տալիս ընտրությունից-ընտրություն, այնպես էլ՝ Մարությանը տվեց խոստումներ …ու մնաց այդ խոստումների տակ… Մարությանի հեղինակությունը անկում ապրեց թե՛ որպես դերասան, թե՛ որպես քաղաքապետ. նրան սկսեցին անվանել իր դերերի հերոսների անուններով՝ Սուպեր մամա, Ազիզյան Գառնիկ եւ այլն: Մարությանը կորցրեց սիրված հումորիստ-դերասանի իմիջը, չընդունվեց նաեւ որպես Երեւանի քաղաքապետ: 
Մարությանն իր քաղաքապետության վերջին ավագանու նիստում բավականին բացահայտումներ արեց իշխանության անդրկուլիսային կյանքից: Նա դժգոհություն հայտնեց իշխանությունից, ով, ոչ ՔՊ-ականներին «վատ աչքով» է նայում…Եվ, զարմանալիորեն, այս մասին դժգոհում է մի մարդ, ում պատկանում է հասարակությանը սեւ-սպիտակի բաժանելու հեղինակային իրավունքը: Մարությանը բողոքում է, որովհետու ինքը մնացել է սեւ-սպիտակի ճամփաբաժանում, հիմա ինքը անընդունելի է ինչպես սպիտակների մեջ, այնպես էլ նրան չեն ներում սեւերը, քանի որ «հեղափոխական» Հայկը ժամանակին իրենցից «ո՜նց էր զզվում… ո՜նց էր զզվում»…

Ինչ խոսք, նախկիններից շատերն էին զզվում, եւ 2018-ի իրադարձություննները այդ զզվանքի ժայթքում էր: Բայց հեռատես մարդիկ շատ շուտ հասկացան կատարվածի աղետաբերությունն ու  սկսեցին մերժել այս արկածախնդիրների իշխանությանը: Մինչդեռ Մարությանը նրանց հետ համատեղ «ապրեց» երեքուկես տարի, այդ ընթացքում աչք  փակեց իշխանության բոլոր ապօրինությունների, կամայականությունների, Հայաստանի պետական կառույցների կազմաքանդման վրա: Մարությանը քար լռություն պահպանեց, երբ Փաշինյանը երկիրը տանում էր պատերազմի, իսկ պատերազմի համար «ապահովում էր» պարտությունը, երբ  թշնամու առջեւ հայրենիքի դարպասները լայն բացած Փաշինյանը նորից գնաց ընտրությունների, վերարտադրվեց, այնուհետեւ գնաց ՏԻՄ ընտրությունների: Մի խոսքով, այնքան ժամանակ լռեց, մինչեւ Փաշինյանը երկիրը հասցրեց անդունդի եզրին, որից ետ վերադառնալը բարդ է: Եվ խոստովանում է, որ ՔՊ-ից դուրս գալիս ասել է.«Այդ մասին կբարձրաձայնեք այն ժամանակ, երբ հարմար կգտնեք»: Ինչու՞…Չէ որ այս լռությամբ եւ այս ամենի հանդեպ իր հանդուրժողականությամբ Մարությանը դարձավ այս իշխանությունների այն արարքների «փայատերը», որոնց համար Փաշինյանն ու իր թիմակիցները երբեւէ պատասխան են տալու: Մարությանը սկսեց սիրտը բացել հասրակության առաջ, թե ինչ խնդիրներ է ունեցել Փաշինյանի ու նրա իշխանության հետ, բայց այդ խոստովանությունը ուշացած է, շա՜տ ուշացած…նա խոսեց միայն այն ժամանակ, երբ իշխանությունը «տրորեց իր ոտքը» եւ «գահընկեց» արեց…  

Հարկ է նշել, որ Հայկ Մարությանը, ի տարբերություն Փաշինյանի իշխանության երբեմնի ընչազուրկ ու չքավոր պաշտոնյաների, մինչ Երեւանի քաղաքապետ դառնալը, ֆինանսապես բավականին կայացած էր եւ պաշտոն ստանալուն պես իրեն «չտեսի» նման չպահեց՝ երեւույթի տարբեր դրսեւորումներով…Չնայած, որ բավականին հաճախ էր լինում արձակուրդում, հաճախ էլ՝ արձակուրդից արձակուրդ էր գնում, բայց իր անձնական բարեկեցությունն ու կոմֆորտը ապահովելու համար չի մտել Երեւան համայնքի բյուջեի գրպանը: Նա այն բացառիկ պաշտոնյաներից էր, ով իր ղեկավարած կառույցում աշխատակիցներին պարգեւավճարներ չտվեց պատերազմից ու կորոնավիրուսի համաճարակի ժամանակ:

Մարությանը, ի տարբերություն մյուս երիտիշխանավորների, թիկնապահներով չի շրջում, ինքն է վարում իր ծառայողական ավտոմեքենան: Մինչդեռ, ինչպես հիշում ենք, դեռեւս նոր իշխանության եկածներից ոմանք արդեն վերարկու հագցնող ու իրենց կանանց գլխին անձրեւանոց պահող ունեն… Մի խոսքով, Հայկ Մարությանը ավելի բարեխիղճ պաշտոնյա էր, քան իր երբեմնի թիմակիցները…Այնուամենայնիվ, ուշացած խոստովանությունները նրան չեն ազատում այս իշխանության սխալների «փայատերն» ու պատասխանատուն լինելուց, քանի որ նրանց հետ ճանապարհ է անցել երեքուկես  տարի ու նպաստել է նրանց իշխանության վերարտադրմանը…