Կաթողիկոսի գյուղապետ եղբայրը՝ իրավապահների թիրախում

Կաթողիկոսի գյուղապետ եղբայրը՝ իրավապահների թիրախում

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի համայնքապետ Գեւորգ Ներսիսյանը, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Դեռեւս անցած տարի իրավապահները սկսել են նյութեր նախապատրաստել համայանքի ղեկավարի դեմ, որն ըստ քննչական մարմնի, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և խախտելով Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրեքի 21-րդ հոդ. 6-րդ կետը, տարիներ շարունակ իր ընտանիքի անդամների և համայնքի ավագանու անդամներ Կարապետ Ազիզյանի, Սերոբ Դիշլանյանին, Արմեն Գյոզալյանին, Նիկոլայ Տեր Խաչատրյանի և վերջիններիս ընտանիքի անդամներին, ինչպես նաև նույն համայնքապետարանի սոցիալապես ապահովված աշխատակիցներին համայնքի բյուջեից տրամադրել է տարբեր չափերի հասնող սոցիալական օգնություններ։ Սա իրավապահները գնահատել են որպես «համայնքապետարանի դրամական միջոցների խոշոր չափերի հասնող գումարների վատնում»: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Ներսիսյանը տարիներ շարունակ իրեն և կնոջը՝ Սոնիկ Ներսիսյանին, «Հռչակելով» իբրև համայնքապետարանի լավագույն աշխատակիցներ, պարգևատրել է տարբեր չափերի հասնող գումարներով, որի արդյունքում «համայնքապետարանի ֆինանսական միջոցներից յուրացման եղանակով հափշտակվել է խոշոր չափերի հասնող գումարներ»: Նյութերի նախապատրաստման փուլը բավականին երկար է տեւել եւ օրերս Գեւորգ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել։ Մենք փորձեցինք կապ հաստատել գյուղապետի հետ, նա անդրադառնալով այդ թեմային՝ ասաց․ «Էդպիսի բան չկա, դեռ չկա այդպիսի բան» եւ անջատեց հեռախոսը։

Էջմիածնին մոտ կանգնած աղբյուրները կարծում են, որ սա ուղղակի ճնշում է կաթողիկոսի վրա, որն ամիսներ առաջ միացավ վարչապետի հրաժարականի պահանջներին։ Այս ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը խուսափել է Գարեգին Բ-ի հետ ուղիղ շփումերից, եկեղեցի գնալուց՝ անգամ Զատկի պատարագին չէր մասնակցում, իսկ ապրիլի 24-ին էլ ավանդաբար ՀՀ ղեկավարներին ուղեկցող Ամենայն հայոց կաթողիկոսը կառավարական պատվիրակության մեջ չէր։