Եթե խոսում է հանրաքվեի մասին, նշանակում է շատ ավելի մեծ տարածքային փոխանակումների մասին է խոսքը
«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:
-Փաշինյանի հայտարարությունը՝ հանրաքվեով լուծել Ադրբեջանի հետ սահմանազատման հարցը, ի՞նչ է նշանակում, ըստ Ձեզ:
- Նիկոլ Փաշինյանն ինքը ներկայացրել էր, որ խոսք կարող է գնալ տարածքային փոխանակման, իր ասելով՝ 100 մետր Հայաստանի տարածքից կարող ենք տալ, 100 մետր՝ Արդբեջանի տարածքից, այսինքն, զուտ տրամաբանության առումով միանգամայն հասկանալի է, որ սահմանազատման գործընթացը կարող է ենթադրել այդպիսի պայմանավորվածություններ: Բայց ես կարծում եմ, որ խնդիրն ամենևին 100 մետրի մասին չէ, այլապես այդ ծավալի որևէ փոխանակում կարող էր իրականացվել տեխնիկական տրամաբանությամբ: Անշուշտ, եթե բարձրաձայնվում է հանրաքվեի մասին, ապա դա նշանակում է, որ շատ ավելի մեծ տարածքային փոխանակումների մասին կարող է լինել խոսքը: Առաջին հերթին իհարկե մեր մտքին գալիս է այն, որ խոսքը կարող է վերաբերել, այսպես կոչված, անկլավների թեմային, այսինքն, պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը կենթադրի հետևյալ տրամաբանությունը՝ Ադրբեջանը հրաժարվում է, այսպես կոչված, իր անկլավներից, Հայաստանը հրաժարվում է Արծվաշենից և պահպանվում է ստատուս քվոն: Այդ պարագայում արդեն կարող է առաջանալ ֆորմալ իմաստով հանրաքվեի անհրաժեշտություն: Ես կարծում եմ, որ նախ խոսքը կարող է վերաբերել հենց այս թեմային: Կարո՞ղ են լինել այլ տրամաբանությամբ տարածքային այլ փոխանակումներ, այլ տրամաբանությամբ փոխանակման խնդիր, կդժվարանամ ասել, որովհետև չեմ տիրապետում մանրամասներին, թե, այսպես կոչված, բանակցությունների, թե սահմանազատման գրոծընթացից, բայց այդ իմաստով շատ պարզ է, թե ինչի համար կարող է առաջանալ հանրաքվեի անհրաժեշտությունը և Փաշինյանը շատ պարզ ներկայացրեց տրամաբանությունը:
- Ի՞նչ այլ խնդիրներ է լուծում Փաշինյանն այս հայտարարությամբ:
- Ըստ իս, դա արված էր առնվազն հասարակական տրամադրություններ շոշափելու համար և հասկանալու համար, թե ինչպիսին կարող էր լինել հասարակության արձագանքը: Սա ամենևին չի նշանակում, որ հենց վաղը կամ տեսանելի ապագայում կարող է առաջանալ այդ հարցը, բայց այն, որ Նիկոլ Փաշինյանը շոշափում է այդ տրամադրությունները, այսինքն, զոնդաժ է իրականացնում այդ թեմայի վերաբերյալ, թերևս նշնակում է, որ թեման բավական էական քննարկման փուլում է: Հայաստանի և Ադրբեջանի, հնարավոր է նաև տարբեր՝ այսպես կոչված, միջնորդների միջև: Ես կարծում եմ, որ քաղաքական հիմնական դերակատարների առումով թերևս նրանք ունեն տեղեկացվածության աղբյուրներ և նրանց համար այսպիսի որևէ սցենար անակնկալ չէ և Փաշինյանի բարձրաձայնումը նրանց համար հազիվ թե լինի անակնկալ: Քանի որ կարող է առաջանալ տարածքային փոխանակմամբ որևէ որոշման անհրաժեշտություն, ապա այստեղ հանրաքվեն առնվազն սահմանադրության և օրենքների ֆորմալ պահանջն է: Բացի դրանից, իհարկե Փաշինյանն այդ կերպ փորձելու է ստանալ իր քաղաքական որոշումներին լեգիտմիություն, բացի իհարկե ֆորմալ պահանջը կատարելուց, որը չկատարելու տարբերակ պարզապես չկա։ Եթե խոսքը վերաբերելու է շոշափելի ծավալներով փոխանակման, երբ հնարավոր չէ դա, պայմանական իմաստով ասած, քողարկել տեխնիկակական հնարավորություններով և այլն: Եվ երկրորդը, Փաշինյանը կարող է նույնիսկ այդպիսի հարցերում հանրաքվեն ներկայացնել ընդհուպ մինչև իր քաղաքական վստահության հանրաքվե:
-Հանրաքվեն այնպիսի հարց է, որ ուղիղ ազդեցություն ունի ներքաղաքական բոլոր խմբերի վրա, արդյո՞ք այստեղ ևս Փաշինյանը կփորձի օգտագործել դա:
-Սա իհարկե լայն իմաստով կարող է լինել ընդհուպ ներքաղաքական հարցերում որոշակի քայլ, որով Նիկոլ Փաշինյանը կարող է փորձել ինչ-որ իրավիճակի առաջ դնել ընդդիմությանը կամ ընդդիմադիր խմբերին, կամ բողոքական դիմադրության շարժմանը և այլն: Այսինքն, ստեղծել իրավիճակ և ստեղծել անհրաժեշտություն՝ դիրքավորվել այդ իրավիճակի հանդեպ, այսինքն, այստեղ կարող է լինել առիթը՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացը, նաև, իհարկե, պատճառ, բայց դա դառնա նաև առիթ, որպեսզի Փաշինյանն այդ քայլով փորձի իրավիճակ ստեղծել ներքաղաքական դաշտում և իր մրցակիցներին և իր հակառակորդներին դնել իրավիճակի հանդեպ դիրքավորման կամ դիրքորոշման անհրաժեշտության առաջ: Մեծ հաշվով սա կնշանակի գնդակը տեղափոխել արդեն մրցակիցների դաշտ:
Կարծիքներ