Դուբայ են մեկնում միայն գերազանցիկները․ թեժ քննարկում ավագանու նիստին

Դուբայ են մեկնում միայն գերազանցիկները․ թեժ քննարկում ավագանու նիստին

Շիրակի մարզպետարանը տեսանյութ է պատրաստել եւ հրապարակել մարզի գերազանցիկ աշակերտների Դուբայ մեկնելու մասին։ Առաջադիմությամբ աչքի ընկնող շիրակցի դպրոցականները «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնի «Գերազանցիկը» ծրագրի շրջանակներում, որպես խրախուսանք, հուլիսի 5-ին կմեկնեն Դուբայ։ Տեսահոլովակում Ամասիայի, Աշոցքի, Ախուրյանի , Արթիկի տարածաշրջանների աշակերտներն են, ովքեր առաջարկում են իրենց համայնքի դպրոցականներին լավ սովորել, որպեսզի իրենց օրինակով Դուբայ մեկնեն՝ հանգստի։  Նշենք, որ ծրագրով։ Դուբայ են մեկնում 100 աշակերտից 65-ը։

Մինչ նրանք ի սրտե ուրախացել են իրենց հաջողությամբ, փաստը, որ մարզի որոշ համայնքների երեխաներ դուրս են մնացել ծրագրից, վրդովեցրել է շատ ծնողների։ 

«Իսկ Գյումրու դպրոցների գերազանցիկներին առաջ քաշեցիք, ոգևորեցիք ու մերժեցիք..., այդ թվում նաև իմ երեխային։Հիմա ի՞նչ, այդ ծրագիրը, որ 100 գերազանցիկներ է կոչվում, մերոնց մերժելուց հետո՞ էլ է նույնը մնում։ Բա ու՞ր են գյումրեցի երեխաները»,-ֆեյսբուքում գրել է Անահիտ Դանիելյանը։

«Իսկ Անիի շրջանի գերազանցիկները ինչով են մեղավոր, որ ետ թողեցիք.. ։ Բա ամոթ չի, որ կոտրեցիք երեխաներին...,ԱՆԽԻՂՃՆԵՐ...( ի դեպ ,սպասում ենք պատասխանիիի)... »,- գրել է Կարինե Խաչատրյանը։

Նշենք, որ նմանատիպ գրառումները շատ են, ծնողներն արդարացիորեն բողոքում են խտրականության դեմ։ Մինչդեռ մարզպետարանից պատճառաբանում են, թե նշված համայնքները՝ Գյումրին եւ Անին հրաժարվել են մասնակցել ծրագրին, քանի որ համայնքը ֆինանսական մասնակցություն պետք է ունենար։ Ստացվում է՝ մարզկենտրոն Գյումրին եւ  խոշորացված Անի համայնքը ֆինանսական վատ վիճակո՞ւմ էին։

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստին այս հարցը թեժ քննարկման էր դրվել։
ՔՊ խմբակցության անդամ, Շիրակի մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին հարցրեց․« Ուզում եմ  հասկանալ պատճառը, ինչո՞ւ առհասարակ այս հարցը չի քննարկվել ավագանու հետ , երեխաներին կանչել, տեղեկացրել եք, ոգևորություն են ապրել, բայց վերջին պահին Գյումրի համայնքը ֆինանսավորում չի հատկացրել, եթե կային  խնդիրներ, ճիշտ կլիներ ի սկզբանե տեղեկացնեին»։

Քաղաքապետին ՔՊ-ական պաշտոնյայի պնդումները զայրացրեցին․ «Ասում եք երեխաներին հավաքել եք, ո՞վ է հավաքել, որտե՞ղ, ո՞վ է ասել՝ կլինի ու չի եղել․․․․․», -նեղսրտեց  Սամսոնյանը՝ արդարանալով, որ Դուբայ մեկնելու ծախսերը բավական մեծ էին, իսկ մանկապարտեզների ծախսերի 50 տոկոսը համայնքն իր վրա է վերցրել, հազիվ դա են հասցնում։ «Չի ասում գյումրեցին՝ մենք մեր ոտքերը մեր յորղանի չափով պիտի երկարցնենք, հնարավորություններս պիտի ներեն, չէ՞։ Միշտ կանգնած ենք եղել մեր երեխաների կողքին ու պարտավոր ենք կանգնելու, ուղղակի տվյալ ժամանակաշրջանում ֆինանսը չի ներել »,- կրկին արդարացավ քաղաքապետը։