Հովսեփյանի՝ կալանքի տակ գտնվելը պարունակում է խոշտանգման տարր. հայտարարություն

Հովսեփյանի՝ կալանքի տակ գտնվելը պարունակում է խոշտանգման տարր. հայտարարություն

Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

Աղվան Հովսեփյանը 30.05.2022 թ-ից առ այսօր գտնվում է  «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։ Ի թիվս այլ հիվանդությունների ախտորոշվել է՝ շաքարային դիաբետ 2-րդ տիպ /ինսուլինակախյալ ֆազալ դեկոմպենսացված վիճակ/, դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիաներ, դիաբեիկ պոլինեյրոպաթիա։ Հատկանշական է, որ պարոն Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը եւ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում:

Նշվածը հիմք ընդունելով պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում վերջինիս Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր։

ՀԳ. Հիշեցնենք, որ այսօր մենք գրել էինք, որ հունիսի սկզբին նախկին գլխավոր դատախազ, ներկայում կալանավորված Աղվան Հովսեփյանը վիրահատվել է։ Նա լսողության հետ կապված հին խնդիրներ ուներ` կալանքը սրացում է առաջացրել: Վիրահատել են Միքայելյան հիվանդանոցում, այժմ հետվիրահատական շրջանն է, որը կարող է երկարել՝ հաշվի առնելով վիրահատության բարդությունը։