Ամաչում եմ…

Ամաչում եմ…

Իսկապես, շատ վաղուց ամաչում եմ, որ հայ եմ: Պատանի տարիքում ամաչում էի, որ մի քանի հրացանավոր թուրք կարող էր քշել մի ողջ բազմություն: Հետո կարդում էի մեր ֆիդայիների սխրանքներն ու մի քիչ ինձ լավ էի զգում: Հպարտությունն ու խեղճությունն էին ինձ պատում, երբ պատանի տարիքում կարդում էի Սարդարապատի ազատամարտի մասին ու ծանոթանում դրանից երկուսուկես տարի անց ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագրին: Ամաչում էի, որ հայ եմ, երբ կարդում էի առաջին հանրապետության ներքին կյանքի վերաբերյալ նյութեր: Ամաչեցի 2020 թվականի աշնան վերջին, 2021 թվականի ամռան սկզբին: Ամաչում եմ մինչեւ այսօր:

Ամաչում եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը շարունակում է զբաղեցնել Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը: Ամաչում եմ, որ նա հերթական հակառուսական միտքն է արտաբերում, եւ մարդիկ անմիջապես արձագանքում են այնպես, ինչպես կանխատեսել էր ինքը: Որպես ծնող՝ հասկանում եմ, թե ինչ է նշանակում գերեվարված որդի ունենալ ադրբեջանական բանտում: Բայց գիտակցում եմ նաեւ, որ ռուսը չէ, որ պետք է ազատի այդ տղաներին ադրբեջանցու ձեռքից: Դրա համար ունենում են պետություն, զինված ուժեր, պետության ղեկավար ու կամք՝ դա թույլ չտալու: Ու այդ դեպքում ոչ մի ադրբեջանցի ռիսկ չէր անի անել այն, ինչ անում է այսօր: Բայց դրա համար պետք է, որ ես ու ինձ նմանները կազմենք մեր ժողովրդի առնվազն 90 տոկոսը: Դրա համար պետք է, որպեսզի ես ու ինձ նմանները չամաչենք, որ հայ ենք: Դրա համար պետք է, որ չամաչենք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ով լինելուց: 

Երբ կհասնենք այն հանգրվանին, որ չենք ամաչի մեր երկրի ղեկավարի անունը տալուց, այն ժամանակ չենք ունենա գերեվարված զինվորներ: Երբ կհասնենք այն հանգրվանին, որ չենք ամաչի մեր երկրի ղեկավարի անունը տալուց, այն ժամանակ չենք ունենա խնդիրներ սահմաններին: Երբ կհասնենք այն հանգրվանին, որ չենք ամաչի մեր երկրի ղեկավարի անունը տալուց, այն ժամանակ չենք ունենա միջանցքային որեւէ խնդիր: Բայց որպեսզի հասնենք այդ հանգրվանին, անհրաժեշտ է, որ ինքներս մեզ վերափոխենք: Վերափոխենք մեր մտածողությունը, մեր վարքագիծը, ի վերջո՝ մեր վերաբերմունքը մեկս մյուսի նկատմամբ: Այդ ամենը վերափոխելու համար անհրաժեշտ է, որ գիտակցենք այդ ամենի սխալ լինելը: Գիտակցենք, որ սխալը լավ բան չէ, այն այնպիսի բան չէ, որով կարելի է հպարտանալ: 

Ես հասկանում եմ, որ եթե Նիկոլ կոչվածը լիներ այն անձը, ով կգիտակցեր այդ ամենը, ապա 2018-ի ապրիլյան էյֆորիայի հիման վրա շատ ավելի հեշտ կլիներ մեզ վերափոխելը: Սակայն դա այդպես չեղավ, ու մենք ստիպված ենք դա անել ի հեճուկս Նիկոլի: Ի հեճուկս Նիկոլի եւ նրա «ուսապարկերի»: Ի հեճուկս Նիկոլի եւ հանուն նրա թուրքի հետ որպես ստրուկ քիրվայություն անելու պատրաստ զանգվածի: Ես հասկանում եմ, որ դա բարդ խնդիր է՝ առաջին հայացքից նույնիսկ անիրագործելի: Ես հասկանում եմ, որ այդ ամենն անելու համար պետք է ունենալ գիտակցություն: Հասկանում եմ նաեւ, որ հենց գիտակցության պակասն է, որ այսօր այսպես խեղճացրել է մեզ: Եվ ստացվում է կախարդական շրջան՝ վերափոխվելու համար մեզ պետք է գիտակցություն, բայց մեզ պակասում է հենց գիտակցությունը, որպեսզի ընկալենք  վերափոխվելու անհրաժեշտությունը: 

Մնում է կա՛մ վերանալ որպես պետություն եւ ազգ եւ կա՛մ անել այն, ինչն անհնար է անել այսօրվա պայմաններում: