Կիսագաղութային համակարգում ընտրություն չի լինում` լինում է քվեարկություն

Կիսագաղութային համակարգում ընտրություն չի լինում` լինում է քվեարկություն

Ազգային ժողովրդավարական բեւեռը շարունակում է Երեւանի համայնքներում եւ այլ վայրերում իրազեկման երթերն ու հանրահավաքները, որոնք, մեղմ ասած, բազմամարդ չեն։ Միեւնույն ժամանակ, Բեւեռը զրո հետաքրքրություն է ցուցաբերում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ, որոնք իշխանություններին տհաճ անակնկալներ մատուցեցին, եւ, օրինակ՝ Սյունիքում, Շիրակում մարդիկ ձայն տվեցին հին, նոր, ազգային եւ նորաստեղծ կուսակցություններին։

Հանրապետության եւս 30 համայնքներում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացվելու են համայնքապետերի եւ ավագանու ընտրություններ։ ԱԺԲ առաջնորդներից մենք հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ԱԺԲ-ն չի առաջադրվում տեղերում, մանավանդ որ անցած ընտրությունները ցույց տվեցին, որ սեւ ու սպիտակի ընտրությունն այլեւս մարզերում չկա։ Մենք զրուցել ենք ԱԺԲ առաջնորդներից մեկի` Վարուժան Ավետիսյանի հետ:

- Պարոն Ավետիսյան, Սյունիքն էլ կարեւոր է։ Մեջբերեմ Շանթ Հարությունյանին, որը, օրինակ, մի պատմական աղերս արեց Սյունիքի եւ ուժեղ ազգային տրամադրություններ ունեցող Սիցիլիայի միջեւ, որից էլ սկսվեց Իտալիայի փրկությունը։ Մեր պարագայում Սյունիքը կարող է փրկության սկիզբը լինել։

- Առհասարակ, ՏԻՄ ընտրությունները դարձել են վատ շարունակությունը համապետական կոչված ընտրությունների․ այնտեղ կլանային եւ այլ գործոնները սրված ձեւով են դրսեւորվում, ի շարս մյուս աղբյուրների, որոնք կան համապետական ընտրություններում եւ իրականում իրենցից ընտրություն չեն ներկայացնում։ Տվյալ դեպքում, նոր առաջացած կամ այդ փոքր քաղաքական շրջանակների թվացյալ հաջողությունները հաջողություններ չեն, այլ ուղղակի, ընտրություն չլինելու պարագայում, տարբերությանը ձայն տալու՝ հասարակական որոշակի շերտի դրսեւորում։ Դա ոչինչ չի նշանակում։ Տվյալ մարդիկ, որ ձայն են տվել նախկին-ներկա այդ խաղի մասնակիցներից դուրս երրորդ կողմերին, դրանք ոչ թե այդ երրորդ կողմի աջակիցներ են, կողմնակիցներ, նրանց գաղափարները կիսողներ, հայտնի էլ չէ, թե նրանց գաղափարները որոնք են, այլ ընտրություն չունենալու պայմաններում ձեռքների տակ ինչ ընկնում է, ընտրում են։ Սա ընտրություն չէ։ 

- Բայց Սյունիքը կարեւոր ռազմավարական տեղանք է։

- Սյունիքում աշխատում ենք եւ ամեն տեղ ենք աշխատում։ Սյունիքում շատ ավելի լուրջ ենք աշխատում եւ հույսներս չենք դնում այդ թատրոնների վրա, որոնցում ներգրավում են նաեւ ժողովրդին։ Հակառակը, մենք աշխատում ենք, որ ժողովուրդն այդ թատրոններից վերեւ կանգնի եւ աղետի սպառնալիքը տեսնի, բուն աղետի՝ մեր թիկունքին շնչելու հանգամանքը հասկանա եւ մոբիլիզացվի իրական Հայաստանում ազգային կառավարություն ստեղծելու նպատակի շուրջ։

- Դուք էլ գնայիք ու Հայաստանի փրկությունը կոնկրետ սկսեիք Սյունիքից։

- Փրկությունը ՏԻՄ ընտրություններով չի լինում եւ, առհասարակ, ընտրություններով, որովհետեւ գաղութային համակարգում ընտրություն չի լինում։ Լինում է քվեարկություն: Եթե կիսագաղութային համակարգ է, ինչպես մեզանում է, իսկ եթե գաղութային է, դա էլ չի լինում։ Եվ կիսագաղութային համակարգում ընտրությունների անվան տակ կազմակերպում են ընտրություններ՝ միջոցառումներ, որոնք տեղի են ունենում արդեն պայմանավորված խաղի համատեքստում։ Դա լուրջ չէ։ Մենք, եթե հիշում եք, համապետական ընտրություններին մասնակցեցինք՝ հայտարարելով մեր նպատակները, որ մեզ համար մամուլը, մեդիա միջոցները փակ են, այդ պատճառով ենք մասնակցում, որպեսզի ինչ-որ չափով մեր մասին ժողովուրդը լսի։ Եվ քանի որ կիսագաղութային վիճակում երբեմն համապետական ընտրությունների մակարդակում հնարավոր է լինում որոշակի փոքր ճեղքումներ, մտածում էինք, որ որոշակի դասավորումների պարագայում կա որոշակի հավանականություն։ Մեծ հույսեր, իհարկե, չունեինք, եւ մեր սպասումները հաստատվեցին, բայց գոնե լայն սփռման իմաստով մեր խնդիրը կատարեցինք, եւ ավելի շատ թվով մարդիկ իմացան, որ կա այդպիսի ուժ, եւ կան այդպիսի ծրագրեր ու նպատակ։ Դա փոքր խնդիր էր մեզ համար, որ լուծեցինք։ Եթե հասկանանք, որ ՏԻՄ ընտրություններն ինչ-որ բան են փոխելու, կմասնակցենք, չկա ինչ-որ խորշանք երեւույթի նկատմամբ։ Պարզապես գործնական ենք մոտենում։

- Բայց մեդիան ձեզ միշտ հրավիրում է հարցազրույցների, եւ հասարակությունն էլ ինչ-որ մի շրջանում համակ ուշադրությամբ «Սասնա ծռերին» հետեւում էր։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Հայաստանն ու Սփյուռքը ձեզ 24-ժամյա ռեժիմով էին հետեւում։

- Մենք չենք հրավիրվում եթերների, մեզ միայն ինտերնետային միջոցներն են հրավիրում։ Հազվադեպ դեպքեր են եղել, մատների վրա հաշվված, լայն սփռման միջոցներով, եւ դրանք եւս այնպես են մատուցվել եւ, ի վերջո, փաթեթավորվել, որ մարդիկ մոլորության մեջ են ընկել, եւ չենք հասկացվել։ Օրինակ՝ պետրոսղազարյանների կատեգորիայի մարդկանց հարցազրույց տալը հավասազոր է չտալուն։ Անտեղյակ լսողը, ի վերջո, չի կարողանա ճշգրիտ եզրակացությունների հանգել։ Ինչ վերաբերում է Ձեր նշած ժամանակահատվածին, այն ժամանակ մենք Բեւեռ չէինք, կոնկրետ մենք գտնվում էինք գնդի տարածքում եւ ընդամենը մի կարճ հարցազրույց տալու հնարավորություն ենք ունեցել։ Ժողովուրդը ոտքի էր կանգնել՝ աջակցելու ապստամբական գործողությանը, հարում էր մեր այն 2 գաղափարներին, որ Արցախը չպիտի վաճառվի, եւ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա, որովհետեւ եթե մնա, ապա կվաճառի Արցախը։ Դրա համար ժողովուրդը ոտքի էր կանգնել, եւ ապստամբությունը դրա համար էր։ Ուրիշ հարցեր մենք չենք քննարկել, մենք  չէինք հավաքվել ակադեմիական գիտաժողովի, որ բացատրեինք այն, ինչ հիմա ենք բացատրում։

- Իրազեկման հավաքներին մի բուռ մարդ է գալիս, չե՞ք տեսնում, որ մարդիկ չեն գալիս, չե՞ք հուսահատվում` նույնպիսի համառությամբ շարունակում եք հանրահավաքներ անել։

- Այսինքն՝ ուզում եք, որ հոգնենք եւ հուսահատվե՞նք։

- Չէ, պարզապես ոչ միայն կրիտիկական զանգված չի հավաքվում, այլեւ մի բուռ մարդ։

- Կհավաքվի, մի անհանգստացեք։ Ի հեճուկս մեր թշնամիների՝ արտաքին եւ ներքին։ Ժամանակը կգա, կհավաքվի։ Մենք համառորեն աշխատում ենք։