Ընթանում է երաշխավորությունների մերժման բողոքի քննությունը

Ընթանում է երաշխավորությունների մերժման բողոքի քննությունը

Ընթանում է Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար երաշխավորությունների մերժման բողոքի քննությունը

Դատական նիստը ընթանում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ։

Չալաբյանի պաշտպանական խումբը դեռևս մայիսի 25-ին Ա. Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորություններով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն։ Սակայն երաշխավորությունները մերժվել են։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Ըստ ՔԿ-ի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: