2012-ին ՀԱԿ-ն ԱԺ-ում հայտնվեց Սերժ Սարգսյանի բարի կամքով

2012-ին ՀԱԿ-ն ԱԺ-ում հայտնվեց Սերժ Սարգսյանի բարի կամքով

2010-11թթ․ իշխանություն-ընդդիմություն համագործակցության արդյունքում Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, շահեկան վիճակում հայտնվեց, ինչի հիմնավորումն էր այն, որ իշխանությունը ձգձգեց հրապարակային բանակցություններն ընդդիմության հետ, առավել եւս՝ ընդդիմության  բարձրացրած ոչ մի պահանջ չկատարեց, եւ դա վերջինիս համար խիստ  բացասական հետեւանք ունեցավ։ Աստիճանաբար անլուրջ էին ընդունվում  ՀԱԿ-ի պնդումներն արտահերթ ընտրությունների պահանջի մասին, ինչը լրջորեն նոսրացրեց համակիրների շարքերը։ 

Եվ եթե մինչ բանակցությունները քաղաքական օրակարգ թելադրողը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, ապա բանակցությունների ավարտից հետո այն անցավ Սերժ Սարգսյանին։ Պատահական չէր, որ 2012թ․ ԱԺ ընտրություններին Տիգրան Մուկուչյանը մազից կախված, Սերժ Սարգսյանի բարի կամքով, ՀԱԿ-ին 7 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորություն տվեց։ Սա ունի նաեւ այլ քաղաքական հիմքեր, այսպես՝ 2012թ․ ԱԺ ընտրությունների նախաշեմին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ԱԺ ընտրական ցուցակը կազմելու  պատասխանատվությունը վերցնում է իր վրա։
Երբ ցուցակը պատրաստ էր, Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց կազմը, ինչին ի պատասխան՝ հարց եմ ուղղել․ ի՞նչ սկզբունքով է կազմվել ցուցակը՝ տալով կոնկրետ մարդկանց անուններ։ Զուրաբյանն ի պատասխան, թե՝ մենք  ֆինանսական խնդիրներ ունենք, եւ մարդիկ, որոնք ընդգրկված են անցողիկ տեղերում, նախընտրական ծախսերը հոգալու համար գումարներ են ներդրել՝ հրապարակելով թվեր։ Ինչին արձագանքել եմ․ «․․․ո՞րն է Ձեր եւ Հանրապետական կուսակցության տարբերությունը՝ միայն գումարի չա՞փը, երկրորդ՝ օլիգարխները Հանրապետականի ցուցակի վերջում են տեղավորվում, իսկ ձեզ մոտ՝ առաջին տասնյակներում, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն իր քաղխորհրդում կքննարկի ընտրություններին մասնակցելու հարցը»։

Մինչ քաղխորհրդի նիստը, տարբեր մարդիկ էին բանակցում ինձ հետ, որպեսզի մեղմացնեն, եւ կուսակցությունում ընտրություններին չմասնակցելու որոշում չընդունվի։ Քաղխորհրդի նիստից ժամեր առաջ ինձ հետ կապվեց Նիկոլ Փաշինյանը եւ հանդիպում խնդրեց։ 

Նիկոլը հանդիպման ժամանակ ներկայացրեց իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վատ հարաբերությունները, որ ամիսներ շարունակ չեն շփվել, սակայն վերջինս խնդրել է իրեն՝ հանդիպել ինձ հետ ու փոխանցել, որ չմասնակցելու որոշում չընդունվի, որպեսզի տարիներ շարունակ կրած զրկանքները ջուրը  չլցվեն։ Բայց եթե իրոք իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարաբերությունները շատ վատ էին, ապա ինչպե՞ս կարող էր Նիկոլին անցողիկ համարում ընդգրկել եւ հանրահավաքներին «թամադա» կարգել։

Հիմա, երբ հետհայացք ենք գցում, վերլուծում Նիկոլի կադրային  քաղաքականությունը եւ այնտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ծանրակշիռ  ներկայությունը, ապա կարող ենք ենթադրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն 2008-ին իր ընտրությունը կատարել էր՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի․ իշխանությունը պետք է Ս․ Սարգսյանից փոխանցվեր Նիկոլին։

Հիշատակման է արժանի այն պահը, երբ 2016թ․ «Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ Նիկոլն իր խմբակով հայտնվեց Խորենացու փողոցում՝ փորձելով նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Առանց որեւէ  պատճառի, նա սկսեց անձնական վիրավորանքներ նետել Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ինչն արել էր նաեւ տարիներ առաջ, որը մարդկային որեւէ չափանիշների մեջ չէր տեղավորվում, բայց մտնում էր խոշոր հարցեր լուծելու եւ հանրությանն ապակողմնորոշելու մեջ, որպեսզի հակառակն ապացուցեր, թե իրենց հարաբերությունները թշնամական են, եւ իրենք չեն կարող փոխկապակցված լինել։   

Պետրոս Մակեյան