Իսրայելի դեգրադացիայի անատոմիան

Իսրայելի դեգրադացիայի անատոմիան

Սկիզբը՝ այստեղ

Այն, ինչն Իսրայելի իշխանությանն ու զինվորականներին ամենից շատ է հոգեկան հավասարակշռությունից հանել ու մոլագարության տարել, դաժան իրականությունն է, որ տասնամյակներ շարունակ սեփական հետախուզական կառույցների ու զինուժի մասին պատրանքներ հորինած ու դրանց հավատացած Իսրայելն օրը ցերեկով համոզվեց, որ 2023-ի հոկտեմբերի 7-ին HAMAS-ի իրականացրած վայրագ հարձակումն ու սպանդն Իսրայելի պաշտպանական կառույցների օրինաչափ ձախողման արձանագրումն էր։ 

Իսրայել պետությունը՝ իր ողջ Mossad-ով (արտաքին հետախուզություն), Shin Bet-ով (անվտանգության ծառայություն), Aman-ով (ռազմական հետախուզություն), Tzahal-ով (զինված ուժեր), Matkal-ով (Գլխավոր շտաբ) ու չգիտես էլ ինչով, պարզվեց, ոչ միայն հոկտեմբերի 7-ի հարձակման նախապատրաստություններին էր անտեղյակ եղել, այլեւ որեւէ վստահելի տեղեկության չեն տիրապետում HAMAS-ի զինուժի, տեղակայման վայրերի, հրամանատարական կետերի, պահեստների եւ այլնի մասին։ Իսրայելցիները բնակելի բարձրահարկերից մինչեւ դպրոց ու հիվանդանոց, որտեղ հասնի՝ հարձակվում, ավերում, սպանում, քանդում են, բայց արդյունքում շոշափելի ոչինչ էլ չեն գտնում։ 
Իսկ ամենից դաժանն ու նվաստացնողն Իսրայելի համար այն է, որ համարյա հիսուն օրվա ընթացքում Գազայի բնակելի շինությունների, դպրոցների, հիվանդանոցների, ապաստարանների կեսից ավելին գետնին հավասարեցնելուց հետո էլ, HAMAS-ի ձեռքում հայտնված 250 իսրայելցի գերիներից գոնե մեկի գտնվելու վայրը Իսրայելն ի զորու չեղավ պարզել, գոնե մեկ անձի ազատել։ Միայն մի կին զինվորականի աճյունն էին դրսում գտել, մինչեւ al-Shifa-ի վրա հարձակվելը։
Հավանաբար, հենց այդ անկարողությունից ու տապալումից էլ Իսրայելում այդպես խելագարվել ու գազանացել են, հիվանդանոցներն են մարտադաշտի վերածում, նորածինների թթվածինն են փակում ու շուրջ վեց հազար երեխա են սպանում։ Այդ ամենից հետո ի՞նչ է սպասվում առջեւում ․․․ Թվում է՝ ընտրությունը մեծ չէ․ կա՛մ առաջիկայում հաստատվող հրադադարը շարունակել, ի վերջո Պաղեստին պետության խնդրին տալ քաղաքական լուծում եւ հաստատել խաղաղություն ու անվտանգություն, կա՛մ շարունակել պատերազմի խելագարությունը՝ խորացնելով փակուղին, դիմահարվելով նոր մարտահրավերների եւ կատարելով նոր գազանություններ։

Իսրայելի անկման ընթացքը՝ Մեիրից Նեթանյահու

Մարդկային պատմության մեջ երբեւէ եղած ամենազորեղ ու արժեքավոր կառույցներից մեկը, որ հազարամյակների վրա հետագիծ է թողել, Ordre des Templiers-ն էր՝ Տաճարական ասպետների օրդենը։ Այդ օրդենը կազմավորվեց՝ Երուսաղեմ ուխտագնացության մեկնող քրիստոնյաներին Մերձավոր Արեւելք թափանցած թյուրքական (turchik) ցեղախմբերի եւ նրանց հարած հանցագործների հարձակումներից ու վայրագություններից պաշտպանելու համար։ Եվ Տաճարականները, նաեւ մյուս կենտրոնական խաչակիր օրդենները՝ Teutonic Order-ը, Hospitalier Order-ը, մի քանի դար դա մեծ հաջողությամբ արեցին: Հետագա դարերում, քաղաքական նկատառումներով ինչպես էլ փորձեն նսեմացնել խաչակրաց օրդենների, հատկապես Templier-ների կատարած գործերի արժեքը, միեւնույն է՝ Տաճարականների օրդենի հիմնադրումն ու ծառայությունը Հիսուսի հայտնությունից ի վեր մեծագույն գործն էր՝ Մերձավոր Արեւելքում արված։ 

Ահա այդ Տաճարականների օրդենի երկու կենտրոնական հիմնադիրներից մեկը եւ հոգեւոր հայրը՝ Սուրբ Բեռնարդը, ում գրած «Նոր ասպետների փառաբանությունը․․․» դարձել է Տաճարական ասպետների կանոնադրությունը, ձեւակերպել է երեւի ամենից խորիմաստ մտքերից մեկը՝ երբեւէ գրի առնված։ Սուրբ Բեռնարդն ասել է․ «Զգուշացիր, որ հակառակորդիդ մարմնական մահը քո հոգեւոր մահը չդառնա»։

Հիմա Իսրայելի իշխանություններն այնպիսի վայրագություններ են կատարում, որ HAMAS-ի զինյալների մարմնական մահը դեռ վրա չհասած, իրենց հոգեւոր մահվան ճանապարհին են կանգնել։ Ապշեցնող է, թե ինչպես էր հնարավոր նման անկման հասնել ընդամենը մեկ դարում։ 

Երբ Խաիմ Վայցմանը 1917-ի Արթուր Բալֆուրի հռչակագրին եւ Պաղեստինում «Հրեական օջախի» հիմնադրմանն էր հասնում, հետագայում էլ Իսրայել պետությունն էր հիմնադրում ու նրա առաջին նախագահն էր դառնում, նա իր ընկերների հետ՝ Ռոտշիլդներից մինչեւ Էյնշտեյն, ի՞նչ էր մտածում եւ ցանկանում․ որ հրեաներն իրենց պետությունը ստեղծեն՝ սեփական անվտանգության համար չմտահոգվելու, վերջապես՝ խաղաղության մեջ ապրելու, արարելու, իրենց ու հարեւան ժողովուրդներին էլ բարիք բերելու համար։ Դա գուցե շատ էր ուտոպիստական, բայց Իսրայելը, հակառակ փորձություններին, Հոլոքոստից մինչեւ Իսրայելի հիմնադրմանը հետեւած պատերազմներ՝ բարոյական բարձրությունը կամ գոնե արժեքների գիտակցումը չէր կորցնում։ Գոլդա Մեիրի հայտնի ֆրազը՝ ասված Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի՝ Իսրայել ժամանելու առիթով․ «Մենք կարող ենք ներել ձեզ այն, որ դուք սպանեցիք մեր որդիներին, բայց չենք կարող ներել այն, որ մեզ ստիպեցիք սպանել ձեր որդիներին», արժեքային-բարոյական այն կվինտ-էսսենցիան էր, որի մակարդակում, եթե ոչ գործերով, ապա գոնե մտքերով կանգնած էր Իսրայելը 1970-ականների ավարտին։ 

Հիմա, կես դար էլ չանցած, ո՞ւր են հասել Իսրայելում․․․ Մի վարչապետ ունեն՝ Բենջամին Նեթանյահու, ով Աստվածաշնչից ինչ-որ Ամալեքի հիշատակելով, ըստ էության, իր զինվորների առջեւ կանաչ լույս է վառում եւ ցուցում է տալիս, որ ոչնչացնեն ճանապարհին հանդիպող ամենքին ու ամեն ինչ՝ տղամարդ, կին, երեխա, կենդանի, ծառ․․․ Եվ կառավարության կազմում էլ դեռ մի քանի ավելի խելագար անդամներ ունեն, որոնք ճչում են, թե Գազայի պաղեստինցիներին պետք է մարդկային կենդանիների վերածել՝ զրկելով նրանց մարդկային կենսապայմաններից՝ ջրից, սննդից, վառելիքից, դեղորայքից, կացարանից։ Հարցն այն է, որ այդպես միայն չեն ճչում, արդեն համարյա հիսուն օր այդ վայրենությունն էլ անում են։ Ի՜նչ բարոյական դեգրադացիայի պետք էր հասնել Մեիրից մինչեւ Նեթանյահու՝ այդպես մտածելու եւ վարվելու համար․․․

Ասում են՝ երբ Իսրայել պետությունը հիմնադրվում էր անցյալ դարի կեսերին, ուղղափառ հուդայականները՝ խասիդները, դեմ էին եւ չէին ընդունում այդ պետությունը։ Նրանք հավատացած էին, թե Իսրայել պետություն կարող է ստեղծել միայն Աստված, մարդկանց հիմնադրածը ոչ մի լավ տեղ չի հասնի։ Ժամանակը կարծես արձանագրում է, որ այդ մռայլ կանխատեսման մեջ ճշմարտության հատիկ կար։

Իսրայել պետությունը հրեաներին չդարձրեց ավելի բարի, մարդասեր, պաշտպանված ու խաղաղ, այլ, դժբախտաբար, ավելի չարացած, մարդատյաց, վայրագ ու մարդասպան։ Գուցե պահն է կանգ առնելու եւ մտածելու, թե որտեղ այդպես սայթաքեցին․ գուցե 1967-ի ռուբիկոնը հատելիս, Լացի պատ հասնելու երջանկությունից իրականությունն այլեւս չընկալելուց, այլ սեփական իրականություն պարտադրել փորձելուց։