Իսրայելի դեգրադացիայի անատոմիան

Իսրայելի դեգրադացիայի անատոմիան

Նոյեմբերի 21-ի կեսօրին HAMAS-ի ներկայացուցիչը հայտարարեց լրատվամիջոցներին, որ Իսրայելի հետ նվազագույնը հնգօրյա հրադադարի, Գազայի գոտի լայնածավալ օգնության մուտքի եւ գերիների փոխանակման (երկու կողմերում անազատության մեջ գտնվող որոշակի թվով կանանց ու երեխաների ազատ արձակման) շուրջ համաձայնությունը մոտ է ավարտական փուլին եւ հրապարակվելուն։ Նախօրեին նույնն ասել էր Իսրայելի եւ HAMAS-ի միջեւ ընթացող բանակցություննեում միջնորդ կողմի՝ Կատարի վարչապետը, ով միաժամանակ նաեւ երկրի ԱԳ նախարարն է։ Այդուհանդերձ, նոյեմբերի 21-ին, մինչեւ երեկո, հակառակ սպասումներին, մարդասիրական հրադադարի մասին չհայտարարվեց, միայն Իսրայելը եւ HAMAS-ը բարձրաձայնեցին, որ համաձայն են հրադադարին, ինչը որոշիչն էր։ Այժմ սպասվում է, որ 24 ժամվա ընթացքում Կատարը կհայտարարի, թե երբ է հրադադարը մտնում ուժի մեջ։  

Իսրայելի հանցագործությունների խնդիրը ICC-ում  

Հրադադարի շուրջ բանակցություններն Իսրայելի եւ HAMAS-ի միջեւ ընթանում էին արդեն քանի շաբաթ, իսկ դրանց զուգահեռ ծավալվում էին Իսրայելի՝ առանց չափազանցության, պատերազմական հանցագործությունները Գազայի գոտում, որոնց գագաթնակետը դարձավ al-Shifa բուժմիավորման տարածքը ռազմադաշտի վերածելը։ Քանի օր ողջ աշխարհը հետեւում էր (արաբերենին տիրապետողները՝ Al Jazeera-ի ուղիղ միացումներում, մնացյալ աշխարհը՝ Al Jazeera-ի անգլերեն ծառայության եթերում), թե ինչպես են Իսրայելի պաշտպանության բանակի՝ Tzahal-ի զինվորականները, հրթիռակոծություններով շուրջբոլորն ամայացնելուց հետո, զրահամեքենաներով ու տանկերով շրջապատում al-Shifa-ի տարածքը։ Հետո, իբր հիվանդանոցի մասնաշենքերի ներքո HAMAS-ի ստորգետնյա հրամանատարական կենտրոն, թունելներ, զինամթերք, զինյալներ գտնելու, չգիտես՝ նպատակով թե պատրվակով, իսրայելցի զինվորները գրոհեցին հիվանդանոցի մասնաշենքերն ու բաժանմունքները, որոնք լեփլեցուն էին տեղահանված քաղաքացիական բնակչությամբ, հիվանդներով, անհնարն անող բժիշկներով, մահացածների աճյուններով։ 

Իսրայելցիները al-Shifa-ում ոչինչ էլ չգտան, փոխարենը անմարդկային վայրագության այնպիսի պատկերներ ցուցադրեցին, որ արաբները սկսեցին դրանք համեմատել ցեղասպանության հանցագործության հետ, մնացյալ աշխարհն էլ ապշահար տարակուսեց նրանից, թե ինչ գազանների են վերածվել իսրայելցիները։ Պարզվեց՝ միայն Իսրայելի պաշտպանության նախարարը չէ, որ խելագար ու հոգեգար է, որի մտքով անցնում է երկու միլիոն մարդու ջուրը, վառելիքը եւ էլեկտրականությունը կտրել եւ անդադար հրթիռակոծել՝ կյանքն անհնար դարձնելու համար։  Ստորադասներն էլ առանձնապես ետ չեն մնում, քանի որ անզեն քաղաքացիների, բժիշկների, հիվանդների վրա են հարձակվում, անգամ մի քանի օրական նորածինների կյանքն են վտանգում։ Դա բարբարոսության աննախադեպ մակարդակ էր։ 

Որտեղ էր երբեւէ պատահել այն, ինչ պատահեց al-Shifa-ում եւ Գազայի մյուս հիվանդանոցներում՝ ջրի եւ էլեկտրականության անջատումներից սկսած, որպեսզի դժվարացնեն բժշկական օգնության ցուցաբերումը, մինչեւ դիտավորությամբ դեղերի պահեստներ պայթեցնել, շուրջօրյա աշխատանքից հոգնատանջ եղած բժիշկներին ու հիվանդանոցային անձնակազմին հարցաքննությունների ենթարկել, մահացածների տեղափոխում չթույլատրել ու հիվանդանոցի միջանցքները դիերով ծածկված թողնել՝ քայքայման ու վարակների տարածման ողջ վտանգով, հետո էլ մի կերպ հիվանդանոցի տարածքում հողին հանձնված աճյուններն արտաշիրիմել-տանել, դիտավորությամբ միլիոնավոր դոլարների արժողության բժշկական սարքավորումները վնասել, ոչնչացնել, al-Shifa-ում ապաստանած 6-7 հազար անզեն քաղաքացիական անձանց վայրագորեն տեղահանել, վերակենդանացման բաժանմունքի հիվանդներին մահվան հասցնել ու վաղաժամ ծնված նորածիններին ինկուբատորային սարքերից զրկել։ Այդքա՜ն ավերելու ու սպանելու մոլուցք․․․

Եվ ո՞րն էր այդ ամենի իմաստը․․․ Իսրայելի զինվորականները al-Shifa-ում HAMAS-ի հրամանատարական կենտրո՞ն գտան, թե՞ զինյալ կամ թունել․․․ Մեծ հաշվով, ոչինչ էլ չգտան, միայն աշխարհի (բացառությամբ ԱՄՆ Կոնգրեսի) համակրանքն ու աջակցությունը վերջնականապես կորցրին, չասելու համար, որ շատերի աչքում դարձան նացիզմի հոմանիշ։ 14 հազարից ավելի մարդ սպանելուց հետո, որի շուրջ կեսը՝ երեխաներ, 3 հազարը՝ կանայք, նաեւ տասնյակներով ՄԱԿ-ի աշխատակիցներ, բժիշկներ, լրագրողներ, վերջնահաշվում այդպես էլ հայտնի չդարձավ, թե տասնյակ հազարով հաշվվող այդ զոհերի մեջ HAMAS-ի քանի զինյալ Իսրայելի կողմից ոչնչացվեց։  
Բոլոր վայրագություններից հետո տեսանելին այն է, որ HAMAS-ի ռազմական կարողություններին Իսրայելն առանձնապես վնասել չի կարողանում։ HAMAS-ի ռազմական թեւը՝ Qassam Brigade-ները, այժմ էլ մարտնչում են՝ Իսրայելի ցամաքային զինտեխնիկան, Գազա ներխուժած ուժերին վնասում ու ոչնչացնում։ Ընդ որում, իսրայելցիները չեն էլ համարձակվում իրենց կողմից այդքան շեփորահարված HAMAS-ի ստորգետնյա թունելների համակարգը մտնել եւ մարտնչել։ Թերեւս՝ որովհետեւ գիտակցում են, որ որքան զինվոր այդ թունելներն ուղարկեն, հնարավոր է այնքան աճյուն ետ բերեն։ Արդյունքում, Իսրայելի կառավարությունն ու զինվորականները, սեփական անուժությունից ու անկարողությունից գազազած, հազիվ հիվանդանոցների, դպրոցների, եկեղեցիների, մզկիթների ու քաղաքացիական բնակչության դեմ են բարբարոսություններ գործում՝ ջուր, վառելիք ու էլեկտրականություն կտրելուց մինչեւ հրթիռակոծություններով անզեն մարդկանց իրենց տներում սպանելը։ Եվ այն, որ արդեն հինգ երկիր դիմել է Միջազգային քրեական դատարան՝ ICC, Պաղեստինում, Գազայի գոտում Իսրայելի կողմից կատարվող պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործությունները հետաքննելու հարցով, խոսում է այդ հանցագործություների ծավալի ու ծանրության մասին։ 

Իսրայելի  սնամեջ պատրանքները 

Տեսնենք, թե հետաքննությունն ինչ կարձանագրի։ Իսկ ներկա պահին փաստն այն է, որ Իսրայելի ռազմական կաբինետի եւ զինուժի վայրագությունները, շուրջ հիսուն օր չդադարող հարձակումներն ու ավերածությունները, հազարավոր անզեն մարդկանց սպանությունները, կենսապայմանների՝ ջրի, վառելիքի, սննդի, դեղորքայքի դիտավորությամբ չմատակարարելն ու ոչնչացնելը Իսրայելին ոչ մի տեղ չհասցրին։ Qassam Brigades-ի ենթակառուցվածքները զգալիորեն իրենց տեղում են, ամեն պարագայում՝ այնքան, որ նրանք ոչ միայն Գազայում Իսրայելի զինվորներին ու զինտեխնիկան են օրեցօր ոչնչացնում, այլեւ իրենց գոյությունն ու մարտունակությունը վերահաստատելու համար համարյա ամենօրյա ռեժիմով Իսրայելի քաղաքները, ներառյալ՝ Թել Ավիվն են հրթիռակոծում։ 

Շարունակելի