Լավրովը «չափազանց անկեղծ էր», Մնացականյանը՝ «չափազանց վախվորած»

Լավրովը «չափազանց անկեղծ էր», Մնացականյանը՝ «չափազանց վախվորած»

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից ապրիլի 21-ին՝ Գորչակովի հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ժամանակ արած հայտարարությունները՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ, կարելի է համարել եթե ոչ աննախադեպ, ապա գոնե եզակի իրադարձություն, երբ չափազանց ուղիղ տեքստով բացահայտվում է բանակցային գործընթացի՝ վարագույրից այն կողմում տեղի ունեցածը, որը մինչ այս եղել է գրեթե անհասանելի։ Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունից պարզ է դառնում մի բան՝ արդեն մեկ տարի է՝ քննարկվում է ղարաբաղյան կարգավորման մի պլան, որը կողմերին ներկայացվել է անցյալ տարի Լավրով-Մնացականյան-Մամեդյարով մոսկովյան հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահներն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը։

Բանակցային սեղանին կրկին փուլային տարբերակն է քննարկվում, որը ենթադրում է ԼՂ անվտանգության գոտու շրջանների հանձնում, ապաշրջափակում եւ այլն։ Այս հայտարարությանը հետեւած ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ասուլիսային հայտարարությունները, որոնք հնչեցին որպես պատասխան Լավրովի հայտարարություններին, չափազանց թույլ էին, վախվորած եւ կիսատ-պռատ։ Ըստ էության, Զոհրաբ Մնացականյանը չհերքեց այն, ինչ ասաց Սերգեյ Լավրովը, այլ փորձեց պաշտպանվել՝ ակամայից հաստատելով Լավրովի ասածը։ Այսինքն, երբ Լավրովը, օրինակ, ասում է, թե «կան նախագծեր, որոնք անցյալ տարվա ապրիլին ներկայացվել են կողմերին 3 ԱԳ նախարարների՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որոնց շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում արդեն մեկ տարի», Զոհրաբ Մնացականյանը ոչ թե պետք է ասի, որ «Արցախի մասին որեւէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի», կամ նմանատիպ տրամաբանության մեջ, այլ պետք է գոնե հստակ ասի՝ այդ նախագծերը կա՞ն, թե՞ ոչ, դրանց շուրջ վերջին մեկ տարում ակտիվորեն քննարկումներ եղե՞լ են, թե՞ ոչ։

Հենց այս հարցերի պատասխանն է ակնկալում հանրությունը։ Այլապես, հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասում էր, թե բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, բայց պարզվում է, որ կա։ Ուշագրավ էին նաեւ այլ շեշտադրումներ Լավրովի հայտարարության մեջ՝ ՄԱԿ-ի ԱԽ հայտնի բանաձեւերի կյանքի կոչման հետ կապված։ Հետաքրքրական էր այն, որ Լավրովը, խոսելով բանակցային գործընթացի մասին, սկսեց իր խոսքը 2001 թվականի քիվեսթյան հանդիպումից՝ բաց թողնելով հրադադարի հաստատումից մինչեւ 2001 թվականն ընկած ժամանակահատվածը, որը Հայաստանի նորագույն պատմության ամենադրամատիկ շրջաններից է։