Ռուսաստանին այսօր պետք է Հայաստանին մի հատ կսմթել

Ռուսաստանին այսօր պետք է Հայաստանին մի հատ կսմթել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը երեկ նման էր որոտի՝ պարզ երկնքում։ Կառավարության ասուլիսների դահլիճում Հայաստանի արտգործնախարարն ու մյուս ներկաները՝ Արայիկ Հարությունյան, Էդուարդ Աղաջանյան, սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյան, նստած էին այլայլված դեմքերով, բայց եթե վերջին երեքը դժվարությամբ էին կառուցում խոսքը, Զոհրաբ Մնացականյանը, հակառակը՝ խոսում էր ոչ իրեն հատուկ հստակությամբ։

Բայց նախ արձանագրենք, թե ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր Ռուսաստանի արտգործնախարարն ինչ էր ասել այդ ասուլիսից ժամեր առաջ։ 1-ին, որ ներկայումս բանակցային սեղանին դրված է մի փաստաթուղթ, որը ենթադրում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակ։ «Կան Մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք Ռուսաստանի կողմից պատրաստվել են 2010-2011թթ․, այսպես կոչված՝ Կազանյան փաստաթուղթը: Անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ներկայացվել են նախագծեր, որոնք այժմ ակտիվ քննարկվում են»,- բացահայտել էր ՌԴ արտգործնախարարը: Այսինքն՝ ասել էր այն, ինչ պաշտոնական Երեւանը մեկ տարուց ավելի է՝ հերքում է։ Որ սեղանին դրված է բանակցային փաստաթուղթ, ավելին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ արտգործնախարարն ընդգծում է «փուլային տարբերակ» արտահայտությունը, որի պատճառով 1998-ին Հայաստանում իշխանափոխություն եղավ, եւ որը Հայաստանում ընկալվում է որպես Արցախի հանձնման, մեր պարտության արձանագրման տարբերակ։ Լավրովի բացահայտմամբ՝ կարգավորման հասնելու առաջին փուլում պետք է ապահովեն առավել հրատապ խնդիրների լուծումը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատումը եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակումը։ «Համոզված եմ, որ երբ մենք որոշում կայացնենք այդ փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ, սա կլինի վճռական քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը կյանքի կոչելու համար, որոնք, կրկնում եմ եւս մեկ անգամ, պահանջում են վերջ դնել պատերազմին եւ սկսել պայմանավորվել»,- ընդգծել է Լավրովը:

Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հարցին, թե ինչ տարբերակի մասին է խոսում Լավրովը, ասաց․ «Ես էլ եմ լսել այդ․․․ հայտարարությունը, կասեմ հետեւյալը․ այս 2 տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան թափանցիկ։ Եվ դիրքորոշումները, մեր մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձեւով։ Լավրովի մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի: Խոսքը գնացել է նաեւ նրա մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը այս երկու տարվա ընթացքում: Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին, 2016 թվականին, եւ այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնահատման վերաբերյալ»։ Մնացականյանը հայտնեց նաեւ, որ «14 թվականի փաստաթուղթը դրված չէ սեղանին», իսկ պաշտոնական Երեւանն էլ հստակ խոսել է իր դիրքորոշումների մասին, որոնցում հայկական կողմերի համար ընդգծված գերակայությունն անվտանգության բաղադրիչն է։ «Այն, ինչ վերաբերում է, ինչպես որ նշվել է՝ տարածքներին, Լավրովի մեկնաբանության մեջ, ամենից բացի, դա անվտանգության գոտի է եւ պաշտպանական գծեր։ Որեւէ կերպ որեւէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը։ Որեւիցե կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերը կարող են գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»,- հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։ Նա նաեւ ընդգծեց, որ հայկական կողմի համար ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում եւ՝ «խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով, միակողմանի զիջումներ չեն եղել եւ չեն լինելու։ Հայկական կողմերը որեւէ դեպքում, երբեւէ չեն ստանձնելու մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, ԼՂ բնակչության համար սպառնալիքի ստեղծում»։

Նաեւ, Մնացականյանի խոսքով՝ փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության եւ ստատուսի տարրերի լիարժեք արտահայտություն։
«Հրապարակի» հետ զրույցում, արձագանքելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, քաղաքագետ Դավիթ Շահնազարյանն ասաց․ «Այս ամենի մասին ես 2 տարի է՝ ասում եմ, ինձ համար որեւէ անսպասելի բան չի եղել, իսկ մնացածը թողնենք հետո, որովհետեւ դեպքերը դեռ զարգանում են»։

ՀՀԿ-ից մեկ այլ անձ, ով ժամանակին առնչություն է ունեցել բանակցային գործընթացին, ասաց, որ Մնացականյանը «կրուտիտներ» էր անում։ Ինչ վերաբերում է նրան, որ իրենց օրոք է եղել փուլայինը, իսկ հիմա հանվել է, ասաց, որ երբեք փուլային տարբերակ չի քննարկվել։ Խոստացավ ավելի ուշ հանդես գալ անվանական հայտարարությամբ։

Քաղաքագետ Սարո Սարոյանն այսպես մեկնաբանեց․ «Կարդացի Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը։ Ոգեւորող էր, քանի որ նախկինում նման հստակ դիրքորոշում նման զգայուն հարցերում ես չէի նկատել»։

Նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը Երեւանի ու Մոսկվայի այս հակասական մեկնաբանությունների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան ասաց․ «Արցախը ոչ մեկի գրպանում դրված չէ, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որեւէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել»: Իսկ տարբեր երկրների նախագահներ, վարչապետներ, ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ «կգան ու կգնան»: Կլինեն նաեւ առաջարկներ՝ միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Հայկական կողմի նպատակն էլ պետք է լինի, որ մնանք ու չգնանք: «Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ո՛չ լավրովների, ո՛չ ուորլիքների, ո՛չ իշինգերների, ո՛չ էլ այլոց առաջարկները չեն կարող ազդել: Իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք: Քենեդու այս խոսքերն իսկապես մեզ համար են: Հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված»: Հարցին ի պատասխան, թե արդյոք Լավրովի հայտարարությունը բացահայտում չէ՞ր, Թեւան Պողոսյանը նկատեց․ «Իսկ Դուք վստա՞հ եք, որ Լավրովն է ճիշտ ասում։ Ես չէի շտապի, օրինակ, նման եզրակացություն անել, որովհետեւ ես մեծ կասկածներ ունեմ, որ Ռուսաստանին այսօր պետք է Հայաստանին մի հատ կսմթել»։ Պողոսյանը մեզ կրկին առաջարկեց մի քիչ սպասել ու տեսնել, թե այդ վիդեո հայտարարությանն էլ ինչ հայտարարություններ կհետեւեն։